ՀՍՀ/ՀՈՂՄԱՀԱՐՄԱՆ ԿԵՂԵՎ
ՀՈՂՄԱՀԱՐՄԱՆ ԿԵՂԵՎ, կոնտինենտալ երկրաբանական ֆորմացիա. Առաջանում է Երկրի մակերևույթին` ապարների հողմահարման հետևանքով: Փոփոխության արգասիքները, որոնք մնում են սկզբնական տեղադրման վայրում, անվանում են մնացորդային Հ. կ., իսկ փոքր տարածություն տեղափոխված, սակայն մայր ապարի հետ կապը պահպանած արգասիքները` վերանստեցված Հ. կ.: Ըստ տեղադրման ձևի լինում են` մակերեսային Հ. կ., որը զրահով ծածկում է արմատական ապարները (հզորությունը` տասնյակ սմ–ից մինչև տասնյակ մ), և գծային Հ. կ., երբ ձգված է մի ուղղությամբ և ճեղքերով թափանցում է արմատական ապարի խորքը (մի քանի տասնյակ մ Երկրի մակերևույթից, սակավ` 100–200–1500 մ): Կախված կլիմայական և երկրաբանական պայմաններից` ձևավորվում են Հ. կ–ի տարբեր տիպեր` լատերիտային, կաոլինային ևն: Հ. կ–հ առաջացումը տեղի է ունեցել երկրաբանական բոլոր ժամանակաշրջաններում: Հին Հ. կ–ի հետ ՍՍՀՄ տարածքում կապված են նիկելի, երկաթի, քրոմի, հազվագյուտ տարրերի, մագնեզիտի, կաոլինի և այլ հանքավայրեր:
