ՀՍՀ/ՀՈՂՄԱՀԱՐՈՒՄ
ՀՈՂՄԱՀԱՐՈՒՄ, ապարների քայքայմակ ու փոփոխման պրոցեսը Երկրի մակերևութային պայմաններում` մեխանիկական, քիմիական և օրգանական գործոնների ազդեցության հետևանքով: Ըստ ապարների վրա ներգործության բնույթի տարբերում են` ֆիզիկական Հ. (ապարների մեխանիկական տրոհումը բեկորների), քիմիական Հ. (փոխվում է ապարի քիմ. կազմը, առաջանում են երկրային մակերևույթի պայմաններում ավելի կայուն միներալներ), օրգանական (կենսաբանական) Հ. (ապարների մեխանիկական ջարդումը կամ քիմ. փոփոխությունը օրգանիզմների կենսագործունեության շնորհիվ): Հ–ման յուրահատուկ տիպ է հողառաջացումը: Այդ դեպքում ակտիվ դեր են խաղում կենսաբանական գործոնները: Ապարների Հ. կատարվում է ջրի (մթնոլորտային տեղումներ և գրունտային ջրեր), ածխաթթվի և թթվածնի, ջրային գոլորշիների, մթնոլորտային և գրունտային օդի, ջերմության սեզոնային և օրական տատանումների ազդեցության, մակրո– և միկրոօրգանիզմների ու դրանց քայքայման արգասիքների կենսագործունեության հետևանքով: Հ–ման արագությունը և աստիճանը, բացի նշված գործոններից, կախված են նաև տեղանքի ռելիեֆից և երկրաբանական կառուցվածքից, մայր ապարների կազմից և ստրուկտուրայից: Երբ Հ–ման արգասիքները չեն մնում իրենց առաջացման տեղում, այլ տարվում են ջրի կամ քամու օգնությամբ, հաճախ առաջանում են ռելիեֆի յուրօրինակ ձևեր, որոնք կախված են ինչպես Հ–ման բնույթից, այնպես էլ ապարների հատկանիշներից: Հ–ման պրոցեսները հանգեցնում են տարբեր նստվածքային ապարների և բազմաթիվ օգտակար հանածոների (կաոլինի, հրակայուն կավի, ավազի, երկաթի, մանգանի, նիկելի, կոբալտի, ոսկու և պլատինի ցրոնային) հանքավայրերի առաջացմանը:
