ՀՍՀ/ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, իրավական նորմերի համակարգ, որով կարգավորվում են հողօգոագործման հարաբերությունները ՍՍՀՄ–ում: Հողօգտագործման հիմքում դրվում է հողի նկատմամբ պետության բացառիկ սեփականության սկզբունքը (տես ՍՍՀՄ սահմանադրություն, հոդված 11): Հ. ի. ծագում է հողի հատկացման պետ. ակտով, որով հողօգտագործողները ձեռք են բերում որոշակի իրավունքներ և ստանձնում պարտականություններ: Հողի հատկացմամբ պետությունը հողի բացառիկ սեփականատիրոջ իրավունքը չի կորցնում, հողօգտագործման իրավունքը մնում է այդ իրավունքից ածանցյալ և նրան ենթակա: Սակայն Հ. ի. ինքնուրույն իրավունք է, հողօգտագործողն իր իրավունքներն իրականացնում է անկախ` հողօգտագործման սոցիալիստական սկզբունքներին համապատասխան. ՍՍՀՄ–ում հողը մարդու շահագործման միջոց չէ, հողօգտագործումը ծառայում է կոմունիստական շինարարության շահերին: Հ. ի. ՍՍՀՄ–ում նպատակային է. հողօգտագործողներն իրավասու են և պարտավոր հողն օգտագործել միայն այն նպատակով, ինչ նպատակով հատկացվել է (ՀՍՍՀ հողային օրենսգիրք, հոդված 18): Հողօգտագործման իրավունքը կայուն իրավունք է, չի կարող վերացվել այլ կերպ, քան օրենքով սահմանված դեպքերում ու ժամկետներում (ՀՍՍՀ հողային օրենսգիրք, հոդված 10): ՍՍՀՄ–ում հողօգտագործումը լինում է ժամկետային և անժամկետ, իր հերթին ժամկետային հողօգտագործումը` կարճաժամկետ (մինչև 3 տարի) և երկարաժամկետ (մինչև 10 տարի): Հողօգտագործման առանձին տեսակների համար կարող է սահմանվել ավելի երկարատև ժամկետ (սակայն 25 տարուց ոչ ավելի): Հ. ի., որքանով հողը, համաժողովրդական սեփականություն է, ձեռք է բերվում անհատույց: Ըստ սուբյեկտների, օբյեկտների և նպատակային նշանակման, հողօգտագործման իրավունքը լինում է` հասարակական և անձնական, առաջնային և երկրորդային, գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական նշանակության (տես Հատուկ նշանակության հողեր), պետ., հասարակական և կոոպերատիվ կազմակերպությունների, ձեռնարկությունների ու հիմնարկների, քաղաքացիների և ընտանեաաշխատանքային միավորների: Հ. ի. կարող են ձեռք բերել նաև այլ կազմակերպություններ ու քաղաքացիներ: Հ. ի. կարող է դադարել բացառապես օրենքով սահմանված դեպքերում (ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների հողային օրենսդրության հիմունքներ, հոդվածներ 14–15, ՀՍՍՀ հողային օրենսգիրք, հոդվածներ 32–33):
Ա. Իսկոյան
