ՀՍՀ/ՀՈՄԱՆԻՇՈՒԹՅՈՒՆ
ՀՈՄԱՆԻՇՈՒԹՅՈՒՆ, լեզվի արտահայտության և բովանդակության պլանների (ձևի և բովանդակության) փոխհարաբերությունները բացահայտող լեզվական երևույթ, որով բնութագրվում են ձևով (հնչյունակազմով) տարբեր, սակայն իմաստով նույն կամ խիստ մոտ բառերը, ձևույթները, բառաձևերը, բառակապակցությունները, նախադասությունները ևն: Հ. ունի համակարգային բնույթ և հատուկ է լեզվական այն մակարդակներին, որոնք ունեն իմաստակիր միավորներ: Հոմանիշները լինում են բառական և քերականական: Բառական հոմանիշները ընդգրկում են լեզվի բառական համակարգը, դրանք ձևով տարբեր, իմաստով նույն կամ նման բառերն են, որոնք կազմում են հոմանիշական շարքեր` քաջ–արի–խիզախ, մազ–հեր–վարս–ծամ ևն: Այս խմբի մեջ են մտնում նաև բառադարձվածային հոմանիշները` հաջողվել–գլուխ գալ, խռովել–երես դարձնել: Քերականական հոմանիշները երևան են գալիս լեզվի քերականական համակարգում և, ի տարբերություն բառական հոմանիշների, ունեն շատ ենթատեսակներ` հոմանիշ ձևույթներ (ի–վա–ոշ, եր–ներ–ք–ենք ևն), բառաձևեր (կանգնել եմ–կանգնած եմ, գրելու եմ, պիտի գրեմ), բառակապակցություններ (գիրքը դնել սեղանին –գիրքը դնել սեղանի վրա), նախադասություններ (հեռվից նկատելի է – հեռվից նկատվում է, Ինչու ես հուզվում– Մի հուզվիր) ևն, որոնք խմբավորվում են «ձևաբանական և շարահյուսական հոմանիշներ» տեսակների մեջ: Կան նաև բառաքերականական հոմանիշներ, այս դեպքում հոմանիշական շարք են կազմում բառական և քերականական միավորները (գարնան–գարնանային, արագընթաց–արագ ընթացող): Հոմանիշների բնորոշման համար խիստ կարևոր է այն հանգամանքը, որ նրանք, մատնանշելով նույն առարկան, հատկանիշը, առարկայական հարաբերությունը, սովորաբար ունենում են նրբիմաստային, ոճական, հուզարտահայտչական գործառական տարբերություններ: Ըստ իմաստային մերձավորության հոմանիշները բաժանվում են երկու խմբի` նույնանիշներ (բացարձակ հոմանիշներ) և համանիշներ (հարաբերական հոմանիշներ): Նույնանիշները ձևով տարբեր, իմաստով լրիվ նույնական լեզվական միավորներն են, որոնք կարող են ունենալ միայն գործառական–ոճական տարբերություններ կամ գտնվել լրացուցիչ բաշխման հարաբերության մեջ (հմմտ. դրամ–փող, պարանոց–վիզ, տվեցի–տվի, ձյան–ձյունի, ի–ու–վա ևն): Համանիշները ձևով տարբեր, իմաստով մոտ լեզվական միավորներն են: Արտահայտելով նույն առարկայի, հատկանիշի հասկացությունը, ինչպես նաև նույնքերականական հարաբերությունները` համանիշները տարբերվում են իրարից իմաստային նրբերանգներով, հատկանիշի դրսևորման որոշ աստիճանավորումով, տվյալ իմաստի դրսևորման ինտենսիվության աստիճանով, հուզարտահայտչական երանգավորումով, ոճական–գործառական առանձնահատկություններով (հմմտ. սիրուն–գեղեցիկ–հրաշագեղ, համարձակ–հանդուգն, ծիծաղել–հռհռալ, դեմք–մռութ, կոտրատել–կտոր–կտոր անել ևն): Ի տարբերություն նույնանիշների, համանիշները լեզվում ունեն կիրառության մեծ ոլորտ և լեզվի հարստության, ճկունության չափանիշ են:
Ն. Պառնասյան
