Jump to content

ՀՍՀ/ՀՈՄԵՐՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՄԵՐՈՍ (Հին Հունաստանի էպիկական լեգենդար բանաստեղծ: Հ–ին վերաբերող անտիկ հաղորդումներում թափառաշրջիկ կույր երգչի պատմականորեն իրական տիպական կերպարը միահյուսվում է ֆանտաստիկ հորինվածքների հետ, որոնք վկայում են Հ–ի անձի մասին արժանահավատ տեղեկությունների բացակայությունը: Հ–ի ծննդավայր համարվելու պատվի համար, ըստ անտիկ ավանդության, վիճել են «յոթ քաղաքներ»` Զմյուռնիան, Քիոսը, Կոլոփոնը, Սալամինը, Հռոդոսը, Արգոսը, Աթենքը: Տարբեր կարծիքներ են եղել նաև Հ–ի ապրած ժամանակի մասին` մ. թ. ա. XII և VII դդ. միջև: Հ. անունը անտիկ և նոր ժամանակներում հաճախ մեկնաբանվել է որպես հասարակ անուն` «պատանդ» կամ «կույր»: Հ–ին է վերագրվել վիպերգը կատարողների երգացանկի մի զգալի մասը: Հետագայում անտիկ քննադատությունը իբրև Հ–ի իսկական ստեղծագործություններ առանձնացրել է երկու էպիկական պոեմ` «Իլիական»–ը և «Ոդիսական»–ը, ինչպես նաև ավելի փոքր ծավալի ստեղծագործություններ («Հոմերոսյան հիմներ», «Մարգիտ» կատակերգական պոեմը ևն): Հ–ի վերաբերյալ ավանդությունների և նրան վերագրվող ստեղծագործությունների առաջացման հետ կապված խնդիրները, ի մի վերցրած, ստացել են «հոմերոսյան հարց» անունը: Դեռևս հնում ենթադրվել է, որ Հոմերոսն ապրել է անգիր ժամանակներում, և նրա պոեմներն ավանդվել են բանավոր, դրա հետ կապվել են այն հաղորդումները, որ մ. թ. ա. VI դ. աթենացի բռնակալ Պիսիստրատոսը հանձնարարել է ստեղծել հոմերոսյան պոեմների պաշտոնական տեքստը: Սակայն հոմերոսյան հարցի իսկական առաջադրումը կապված է ժող. պոեզիայի նկատմամբ Լուսավորականության դարաշրջանի հետաքրքրության հետ: Գերմ. բանասեր Ֆ. Վոլֆը իր «Ներածություն Հոմերոսի հարցի շուրջը» (1795) աշխատության մեջ եկել է այն եզրակացության, որ «Իլիական» և «Ոդիսական»–ը առանձին երգերի ժողովածուներ են, իսկ գերմ. քննադատ Ֆ. Շլեգելը հոմերոսյան վիպերգն ուղղակի ճանաչել է (1796) որպես ժող. ասացողների կոլեկտիվ ստեղծագործության արգասիք: Սակայն նմանօրինակ բոլոր ենթադրությունները եղել են սուբյեկտիվ ու կամայական: Հոմերոսյան պոեմների ստեղծման կոնկրետ պատմության հարցը` դրանց միասնականության անտարակուսելի պահերով ու նույնքան անտարակուսելի ներքին հակասականությամբ, մնում է վիճելի: Հուն. վիպերգում տեղ գտած ասքերի հիմնական միջուկի պատմական հիմքը մ. թ. ա. XVI–Х III դդ. «միկենյան» ժամանակաշրջանն է: Հասարակական կառուցվածքը և նյութական մշակույթը, որ արտացոլված են պոեմներում, «միկենյան» գծերի հետ մեկտեղ բովանդակում են նաև ավելի ուշ շրջանի (ընդհուպ մինչև մ. թ. ա. VIII դ.) գծեր: Հոմերոսյան պոեմների ուսումնասիրությունը, ժամանակակից ժողովուրդների կենդանի վիպերգի համադրությամբ, բերում է այն եզրակացության, որ մեր առջև ոչ թե բանահյուսական տեքստի գրառում է, այլ արդեն կազմավորվող գրականություն: Հետազոտողների մեծ մասը «Իլիական»–ի վերջնական ձևավորումը վերագրում է մ. թ. ա. VIII դ. վերջին երեք տասնամյակներին, իսկ «Ոդիսական»–ը համարում է փոքր–ինչ ավելի ուշ ժամանակի գործ: Հ–ի պոեմները թարգմանված են քաղաքակիրթ աշխարհի բոլոր լեզուներով: «Իլիական»–ը առաջին անգամ հունարենից հայերեն է թարգմանել (1783, արձակ, անտիպ) Գեորգ դպիր Պալատացին: Այնուհետև «Իլիական»–ը` 1843–ին, իսկ «Ոդիսական»–ը 1848–ին լույս են տեսել Եղիա Թովմաճյանի չափածո թարգմանությամբ:

Գրկ. Սուրխաթյան Հ., Հոմերոս–Շեքսպիր, Ե., 1935: Համբարձումյան Հ. Ա., Մտորումներ Հոմերոսի մասին, Ե., 1964: Առաքելյան Ա. Գ., Հունական գրականության պատմություն, 3 լրց. և բարեփոխ. հրտ., Ե. 1968: Лосев А. Ф., Гомер, М., 1960.