ՀՍՀ/ՀՈՄՈԼՈԳԻԱԿԱՆ ՇԱՐՔԵՐ
ՀՈՄՈԼՈԳԻԱԿԱՆ ՇԱՐՔԵՐ, օրգանական միացությունների խմբեր, որոնք ունեն քիմիական միանման հատկություններ և կառուցվածք, բայց տարբերվում են ածխաջրածնային ռադիկալի բաղադրության մեջ մտնող մեկ կամ մի քանի մեթիլենային խմբով: Մեթիլենային խումբը (-CH₂) կոչվում է հոմոլոգիական տարբերություն: Մեթանը (CH₄), էթանը (C₂H₆), պրոպանը (C₃H₈) ևն կազմում են CₙH₂ₙ₊₂ ընդհանուր բանաձևով հագեցած ածխաջրածինների (ալկանների), էթիլենը (C₂H₄), պրոպիլենը (C₃H₆), բուտիլենը (C₄H₈) ևն՝ մոլեկուլում մեկ կրկնակի կապով CₙH₂ₙ ընդհանուր բանաձևով չհագեցած ածխաջրածինների (ալկենների) Հ. շ.: Հայտնի են նաև հագեցած միատոմ սպիրտների, հագեցած միահիմն թթուների Հ. շ., համապատասխանաբար CₙH₂ₙ₊₁OH և CₙH₂ₙ₊₁COOH ընդհանուր բանաձևերով ևն: Հաճախ անվանում են ըստ շարքի առաջին անդամի (մեթանի Հ. շ., էթիլենի Հ. շ. ևն): Յուրաքանչյուր Հ. շ-ի միացությունների (հատկապես միջին անդամների) համար բնորոշ է ֆիզիկական որոշ հատկությունների համեմատաբար օրինաչափ փոփոխություն: Այսպես, Հ. 2-ի միջին մասում հարևան անդամների (չճյուղավորված շղթայով միացությունների համար) եռման ջերմաստիճանների տարբերությունը մոտավորապես 20-25°C է (Հ. 2-ի բարձր անդամների մոտ այդ մեծությունն աստիճանաբար նվազում է): Օրինակ, ուղիղ շղթայով սպիրտները՝ ն-պրոպիլսպիրտը՝ CH₃CH₂CH₂OH, ն-բուտիլսպիրտը՝ CH₃(CH₂)₂CH₂OH, ն-ամիլսպիրտը՝ CH₃(CH₂)₃CH₂OH, և ն-հեքսիլսպիրտը՝ CH₃(CH₂)₄CH₂OH, եռում են, համապատասխանաբար՝ 97,4, 117,7, 137,8 և 157,2°C-ում: Հոմոլոգիական տարբերության հետ կապված բաղադրության փոփոխությանը համապատասխանում է նաև մոլեկուլային ծավալի (մոտ 22), այրման ջերմության (150—160 կկալ), մոլեկուլային ռեֆրակցիայի (4,6) հաստատուն աճ: Իրենց հասկացությամբ Հ. 2-ին մոտ են իզոլոգիական և գենետիկական շարքերը: Ի զ ո լ ո գ ի ա կ ա ն շարքերը հավասար թվով ածխածնի ատոմներ և ֆունկցիոնալ խմբեր պարունակող միացությունների խմբեր են, որոնք տարբերվում են իրենց չհագեցվածության աստիճանով: Օրինակ, էթանի իզոլոգիական շարքը կազմում են՝ էթանը (CH₃-CH₃) էթիլենը (CH₂=CH₂) ացետիլենը (CH≡CH): Իզոլոգիական շարքեր են առաջացնում նաև ալիցիկլիկ և հետերոցիկլիկ միացությունները, օրինակ, ցիկլոհեքսենը, ցիկլոհեքսադիենը, բենզոլը: Գ ե ն ե տ ի կ ա կ ա ն շարքերը հավասար թվով ածխածնի ատոմներ պարունակող օրգ. միացությունների խմբեր են, որոնք ունեն տարբեր ֆունկցիոնալ խմբեր: Օրինակ, էթանի գենետիկական շարքը կազմում են՝ էթանը (CH₃-CH₃) էթիլքլորիդը (CH₃-CH₂Cl) էթիլսպիրտը (CH₃CH₂OH) ևն: Հ. 2-ի, իզոլոգիական և գենետիկական շարքերի մասին հասկացությունը մեծ դեր է խաղում օրգ. քիմիայի միացությունների համակարգման և դասակարգման մեջ (նկ.). առաջինը հստակ ձևակերպել է ֆրանսիացի քիմիկոս Շ. Ժերարը, 1844—45-ին:
