Jump to content

ՀՍՀ/ՀՈՄՍՏԵԴ–ԱԿՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՄՍՏԵԴ–ԱԿՏ (անգլ. homestead– տնամերձ հողակտոր), հողաբաժինների մասին օրենք` ընդունված ԱՄՆ–ում, 1862–ի մայիսին, 1861–65–ի քաղաքացիական պատերազմի ժամանակ ժողովրդական զանգվածների և հանրապետական կուսակցության արմատական– դեմոկրատական թևի ճնշման տակ: Համաձայն Հ. ա–ի, 21 տարին լրացրած ԱՄՆ–ի յուրաքանչյուր քաղաքացի, որ չէր կռվել Հարավի կողմում ընդդեմ Հյուսիսի, կարող էր ստանալ 160 ակր (65 հա) հողակտոր` հողերի հասարակական ֆոնդից, վճարելով 10 դոլլար: Նորաբնակը, որն սկսում էր մշակել հողն ու շինություններ կառուցել, 5 տարին լրանալուց հետո դառնում էր հողի սեփականատերը (անվճար): Հ–ա–ով ԱՄՆ–ում բաժանվեց շուրջ 2 մլն հողաբաժին 285 մլն ակր (115 մլն հա) ընդհանուր տարածությամբ: Հ–ա–ի, որը ստրկատերերի դեմ ուղղված միջոցառում էր, ընդունումը նշանավորեց գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման ֆերմերական «ամերիկյան» ուղու համազգային հաղթանակը, որն ապահովում էր «…արտադրողական ուժերի ամենաարագ զարգացու մը…» (Վ. Ի. Լենին. Երկ., հ. 15, էջ 186): Գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացումը, արագացնում դասակարգային շերտավորումը ֆերմերների մեջ և նրանց հիմնական մասի պրոլետարացումը: