Jump to content

ՀՍՀ/ՀՈՆՈՐԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՆՈՐԱՐ (լատ. honorarum– վարձատրություն ծառայության համար) հեղինակային, գիտության, գրականության, արվեստի երկն օգտագործելու համար հեղինակին կամ նրա ժառանգներին տրվող վարձատրություն: ՍՍՀՄ–ում հեղինակներին վճարվող Հ–ի չափերը սահմանվում են ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի (միութենական հանրապետությունների Մինիստրների խորհուրդների) որոշմամբ (ՀՍՍՀ–ում` 1962–ի սեպտ. 25–ի, 1973–ի սեպտ. 11–ի որոշումներով): Այդ որոշումների համապատասխան Հ–ի կոնկրետ չափը լուծվում է հեղինակային (հրատարակչական, բեմականացման, սցենարական ևն) պայմանագրով (տես Հեղինակային իրավունք): Ըստ ընդհանուր կարգի, հեղինակին Հ. տրվում է ամեն անգամ ստեղծագործությունն օգտագործելիս: Ստեղծագործության հրապարակային կատարման դեպքում հեղինակին մուտքավճարից Հ. է վճարվում որոշակի տոկոսով: Որոշ տեսակի Հ–ներ վճարվում են միայն հեղինակային կազմակերպությունների միջոցով (ստեղծագործության հրապարակային կատարման, կինոֆիլմերում, հեռուստատեսային ֆիլմերում ստեղծագործությունն օգտագործելու համար լրացուցիչ վարձատրելու, կիրառական արվեստի ստեղծագործությունը արդ. արտադրանքում օգտագործելու դեպքերում): Հեղինակի ժառանգներին Հ. վճարվում է հեղինակային Հ–ի 50 –ից ոչ ավելի (ՀՍՍՀ–ում` 25 )` հեղինակի մահից հետո 25 տարվա ընթացքում: Հ–ից գանձումներ կատարելու կարգը հիմնականում համնկնում է աշխատավարձի նկատմամբ կիրառվող կարգին (ՀՍՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդվածներ 80, 210, 394, 398):

Գ. Ղարախանյան