Jump to content

ՀՍՀ/ՀՈՆՍՅՈՒ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՆՍՅՈՒ, Հոնդո, Ճապոնիայի ամենամեծ կղզին: Երկարությունը ավելի քան 1400 կմ է, տարածությունը` մոտ 230 հզ. կմ² բնակչությունը` 85,2 մլն (1972): Ռելիեֆում տիրապետում են միջին և ցածր բարձրության լեռները: Կղզու կենտրոնական մասում են գտնվում Հիդա, Կիսո և Ակաիսի առավել բարձր լեռնաշղթաները և Ֆուձիյամա հրաբուխը (3776 մ, Ճապոնիայի ամենաբարձր գագաթը): Երկրաշարժերի շրջան է, կան շատ հրաբուխներ: Հարթությունները մեծ չեն, գտնվում են ծովափերին և միջլեռնային ցածրություններում: Օգտակար հանածոներից կան երկաթ, պղինձ, կապար, ցինկ, նավթ և գազ: Կլիման մուսսոնային է, հս–ում` բարեխառն, հվ–ում` մերձարևադարձային: Հունվարի միջին ջերմաստիճանը –2°C –ից մինչև 5°C է, հուլիսինը` 20– 26°C, տարեկան տեղումները` 1000–3000 մմ: Աշնանը սովորական են թայֆունները: Գետերը (Սինանո, Տոնե, Կիսո, Իյոդո, Կիտակամի) օգտագործվում են հիդրոէներգիայի համար: Ամենամեծ լիճը Բիվան է: Լեռները ծածկված են խիստ անտառներով, հս–ում` լայնատերև, հվ–ում` արևադարձային մշտականաչ: Հ. երկաթուղային լաստանավով և ստորջրյա թունելով կապված է հարևան կղզիների հետ: Խոշոր քաղաքներն են Տոկիոն, Օսական, Նագոյան ևն: