ՀՍՀ/ՀՈՌՈՄ
ՀՈՌՈՄ, գյուղ Հայկական ՍՍՀ Արթիկի շրջանում, Երևան–Լենինական խճուղու մոտ, շրջկենտրոնից 7 կմ հյուսիս–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց (գործում է 1868–ից), կուլտուրայի տուն, 2 գրադարան, մանկապարտեզ, կինո, կենցաղսպասարկման տաղավար, կապի բաժանմունք, բուժկայան: Հ–ում գործում է «Հայգորգ» արտադրական միավորման Հոռոմի տեղամասը, կաթի վերամշակման գործարան: Կառուցվում է նաև Երևանի Ձերժինսկու անվ. հաստոցաշինական գործարանի մասնաճյուղը: Հ–ում է ծնվել Սովետական Միության հերոս, փոխգնդապետ Վ. Օգանեսովը (Հովհաննիսյան): Հ. և Վարդաքար գյուղերի միջև, բլուրների վրա գտնվում է կիկլոպյան համեմատաբար խոշոր ամրոցը (գրավում է 4 կմ² ընդհանուր տարածք): Ունի պաշտպանական հզոր պարիսպ, որից պահպանվել են տուֆե խոշոր քարերով կառուցվաժ` կիկլոպյան շարվածքով հատվածներ: Ամրոցի հվ–արմ. մասում գտնվում է պարսպապատ միջնաբերդը, կողքին` մշակված սալահատակ հսկայական շինություն, շուրջը` քարարկղային դամբարաններ: Բարձունքների և լանջերի վրա պահպանվել են ուղղանկյուն կամ օվալաձե հիմքերով, հիմնականում` մեկ, երբեմն` երկու բաժանմունքով, խոշոր և միջին չափերի տուֆաքարերով շարված բնակարանների հետքեր: 1908–ին Բ. Խալաթյանցը պեղումներ կատարեց ամրոցի միջնաբերդում, ուր հայտնաբերվեցին բազմաթիվ դամբարաններ: Քարարկղային դամբարանների նյութերը (նիզակների երկաթե ծայրեր, դանակներ, դաշույն, ուլունքներ, բրոնզե ապարանջաններ ևն) վերաբերում են հիմնականում երկաթի դարին, առավելապես` մ. թ. ա. IX– VIII դդ.: 1914–ին ամրոցը ճարտարապետական տեսակետից հետազոտել է Թ. Թորամանյանը: 1930–ական թթ. ամրոցում հնագիտական հետազոտություններ են կատարել Բ. Պիոտրովսկին, Ա. Աջյանն ու Լ. Գյուզալյանը (թվագրել են մ. թ. ա. XIII–X դդ.). 1967–ին` Տ. Խաչատրյանը: Հայտնաբերվել են մեծ մասամբ մ. թ. ա. III–I հազարամյակների աննախշ խեցեղեն, բազալտից, տուֆից և օբսիդիանից աշխատանքային գործիքներ և այլ իրեր: Գյուղում և շրջակայքում պահպանվել են Ս. Հռիփսիմե եկեղեցին (1861), գերեզմանոցներ, դամբարաններ:
Գրկ. Хачатрян Т. С., Древняя культура Ширака, Е., 1975.
Վ. Դարենց, Տ. Խաչատրյան
