Jump to content

ՀՍՀ/ՀՈՌՈՄԱՅՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՌՈՄԱՅՐ, ճարտարապետական հուշարձան, միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական կենտրոն (հիշատակվում է VII դարից), վանքային համալիր: Գտնվում է ՀՍՍՀ Թումանյանի շրջանի Օձուն գյուղից հվ–արլ.: Վանքը կազմված է երկու հուշարձանախմբից` տեղադրված Դեբեդ գետի ձախ ձորալանջին և սարահարթի վրա: Առաջին խմբի գլխավոր` Ս. Նշան միանավ թաղածածկ եկեղեցին կառուցել են Զաքարե և Իվանե սպասալարները, 1187–ին, բազալտե սրբատաշ քարից: Միակ` հս. մուտքի ճակատակալ քարին Աստվածածնի և մանուկ Հիսուսի բարձրաքանդակն է: Տանիքի զանգակատունը կառուցվել է 1290–ին: Ս. Նշան եկեղեցուն կից է վանքի երկրորդ` նույնպես միանավ եկեղեցին, որի կողքին 1201–ին կառուցվել է փոքրիկ մատուռ: Համալիրի հս–ում, քառակուսի հատակագծով, արլ. բեմի ոչ մեծ աբսիդով ժամատունն է (1301), որից արլ., քիչ հեռու, պահպանվել են Ս. Առաքյալ մատուռի (1216) ավերակները: Համալիրի շուրջը վանքի գերեզմանատունն է` XIII դ. խաչքարերով ու տապանաքարերով: Սարահարթի հուշարձանախմբում են` երկու միանավ թաղածածկ եկեղեցիներ (հվ. կառուցել է վանքի վանահար Սամվելը, ճարտ. Գրիգոր Քարգործի ձեղքով, 1206–ին) և նրանց միջև ու կից տեղադրված գավիթը: Այն կառուցված է կաթնագույն տուֆի սրբատաշ քարից, ունի խաչվող կամարներով ծածկ և հարուստ է բուսական շքեղ զարդաքանդակներով:

Գրկ. Եղիազարյան Հ., Ալավերդու շրջանի կուլտուրայի հուշարձանները, Ե.,1952: Մանուչարյան U. U., Հոռոմայրի վերին հուշարձանախումբը, «ՊԲՀ», 1979 No 4: Մ. Հասրաթյան