Jump to content

ՀՍՀ/ՀՈՌՈՄՈՍԻ ՎԱՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՌՈՄՈՍԻ ՎԱՆՔ, Ղոշավանք, հայկական միջնադարյան (X– XI դդ.) վանքային համալիր, Անիից հս–արլ., Ախուրյան գետի աջ ափին (այժմ` Թուրքիայի տարածքում): Հիմնադրվել է Աբաս Բագրատունու օրոք, X դ. 1–ին կեսին, Բյուզանդիայից Հայաստան ապաստանած հայ վանականների կողմից (այստեղից էլ անվանումը` Հոռոմների վանք): Հ. վից հվ., Անի տանող ճանապարհին, կանգուն են մի ինքնատիպ շինության` «հաղթական կամար» համարվող դռան (Ղոշեք) գմբեթավոր զույգ աշտարակները (հավանաբար X– XI դդ)..), որի պատճառով վանքը կոչվել է նաև Ղոշավանք: Հ. վ. բաղկացած է մինչև XIII դ. կառուցված շինությունների երկու խմբից` Ախուրյանը երիզող ձորում և բարձրադիր լեռնադաշտի վրա: Վանքի հնագույն շինությունները հս. կողմի հուշարձանախմբում են` Ս. Մինաս (930–953, հիմն. Հովհաննես վարդապետը) և Ս. Գևորգ (1013–ից հետո) եկեղեցի–դամբարանները: Երկուսն էլ գմբեթավոր դահլիճ տիպի են, սակայն, ի տարբերություն VI–VII դդ. նույնատիպ եկեղեցիների (Թալիշ, Դդմաշեն), գմբեթածածկ տարածությունը գերիշխող է դահլիճի արլ. և արմ. հատվածների նկատմամբ (հատկանիշ, որ բնորոշ է Շիրակի ճարտ. դպրոցին): Նույն համալիրի մասն են կազմում թաղածածկ մատուռը և Աշոտ Գ Ողորմած Բագրատունու (953– 977) դամբարանը: Բարձրավանդակի վրա տեղադրված հուշարձանախմբում վանքի հիմնական կառույցներն են` շրջափակված քառանկյուն պարսպով, որի հս–արմ–ում միակ մուտքն է և մի կիսաբոլոր բուրգ: Հուշարձանախմբի կազմում են Ս. Հովհաննես գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցին և կենտրոնակազմ գավիթը (1038), հյուրատունը, մահարձաններ, մատուռներ, խաչքարեր: Գավիթը ուղղանկյուն հատակագծով է, 4 կենտրոնական սյուներով, բազմանիստ, քանդակազարդ երդիկով, որն արտաքուստ պսակված է կամարակապ սյունաշարով վեղարածածկ զանգակատնով: Ս. Հովհաննես եկեղեցու արլ. պատի երկու կողմերում կան երկհարկանի մատուռ–դամբարաններ, որ կառուցել է տվել Հովհաննես–Սմբատը (1020–41): Հ. վ. եղել է Բագրատունիների տոհմական հանգստարանը, Շ. Թեքսիեի կարծիքով` հայկ. Սեն–Դնին, թագավորների և իշխանների դամբարանավայրը: Ս. Հովհաննես եկեղեցին և մատուռ–դամբարանները գմբեթածածկ են, ունեն մեկ հարթության վրա մշակված արլ. ճակատ` պսակված տարբեր չափերի, սակայն իրար հետ կապված ճակտոններով: Ճակատները սիմետրիկ են, կենտրոնից դեպի ծայրամասերը նվազող ճակտոնների եռանկյունի դասավորությամբ: Տարբեր ծավալների միասնական նման լուծումը վանական այլ շինությունների համեմատությամբ քաղաքային տիպ է և զարգացում է գտել Եվրոպայում` կայսերական, եկեղեցիների արմ. ճակատներում (west–werk): Հ. վ–ում իրենց արտակարգ շքեղ դեկորատիվ հարդարանքով ուշագրավ են նաև հվ–արմ–ում տեղադրված, միմյանց կից, ուղղանկյուն հատակագծերով երեք կառույցներ, որոնք հավանաբար եղել են նշխարատուն կամ գրապահոց: Առաջին երկուսը տեղադրված են հս–հվ. ուղղությամբ, երրորդը` նրանցից արլ.: Հ. վ–ում կան փոխհատվող կամարների համակարգերի հնագույն օրինակներ: Բագրատունիների ժամանակաշրջանում ունեցած դերով, շինարարական և ճարտ. նշանակությամբ Հ. վ. հայ ճարտ. կարևոր իրագործումներից է:

Գրկ. Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ.1, Ե., 1942: Մանուչարյան Ա. Ա., Քննություն Հայաստանի IV–XI դարերի շինարարական վկայագրերի, Ե., 1977: Տ trzygowski I., Die Baukunst der Armenierund Europa, B. 1, Wien, 1918 Cuneo P., L architettura della scuol, regionale di Ani, Roma, 1977. Ա. Զարյան