ՀՍՀ/ՀՈՍՔ
ՀՈՍՔ ջրաբանության մեջ, որևէ ժամանակահատվածում ցամաքի տվյալ տարածությունից հոսող ջրի քանակը: Հանդիսանում է ջրի համաշխարհային ջրապտույտի բաղկացուցիչ օղակը (տես Ջրի շրջապտույտ): Լինում է մակերևութային և ստորգետնյա: Հ. ազդում է ռելիեֆի ձևավորման, երկրաքիմ. պրոցեսների, հողածածկի գոյացման (զարգացման), բուսածածկի տեղաբաշխման և այլ երևույթների վրա: Հ–ի մեծությունն ու ռեժիմը կախված են մթնոլորտային տեղումներից, գոլորշիացումից, ջերմային պայմաններից, ռելիեֆի երկրաբանական կառուցվածքից, բնույթից, վայրի հողաբուսական ծածկույթից: Հ–ի հետ են կապված էրոզիան, բնական դրենաժներն (ջրաքաշումը) ու ոռոգումը, տեղատարված նյութի տեղափոխումն ու կուտակումը: Հ. արտահայտվում է մ³–ով կամ կմ³–ով, մեծությունը բնութագրվում է Հ–ի շերտի բարձրությամբ (մմ կամ սմ), ծավալով (մ³ կամ կմ³), միջին ծախսով (մ³/վրկ), մոդուլով (լ վրկ մ²): Հայկական ՍՍՀ–ից տարեկան հոսքը 6,5–7 կմ³ է:
