ՀՍՀ/ՀՈՍՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՈՍՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, արտադրության կազմակերպման մեթոդ: Ապահովում է տեխնոլոգիական պրոցեսի բոլոր օպերացիաների ըստ ժամանակի համաչափ կատարումը, արտադրանքի թողարկման սահմանված տեմպերին համապատասխան աշխատատեղերի միջև արտադրության օբյեկտի տեղաշարժը (տես Հոսքային գիծ): Հ. ա–յան նախադրյալը մի օղակում համասեռ կամ կառուցվածքի ու տեխնոլոգիայի տեսակետից նման արտադրանքի թողարկման կենտրոնացումն է: Հիմնական հատկանիշներն են. ա. արտադրության պրոցեսի մասնատվածությունն առանձին, համեմատաբար կարճատև օպերացիաների, բ. որոշակի օպերացիայի կատարման գծով յուրաքանչյուր աշխատատեղի մասնագիտացումը, գ. բոլոր օպերացիաների համաձայնեցված (նաև զուգահեռ) և ռիթմիկ կատարումը, դ. աշխատատեղերի տեղաբաշխումը տեխնոլոգիական պրոցեսի հաջորդականությամբ, ե. միջօպերացիոն տրանսպորտի առկայությունը: Հ. ա–յան կազմակերպման հիմքը հոսքի հաշվարկային տակտի (աշխատօրվա տևողության հարաբերությունն արտադրանքի թողարկման օրական առաջադրանքին) և տեմպի (տակտի հակադարձ մեծության) որոշումն է, օպերացիաների սինքրոնության ապահովումը, իսկ ներդրման նախապայմանը` ձեռնարկության մասնագիտացումը: Հ. ա. նպաստում է արտադրության օբյեկտի, դրա մասերի նորմալացմանը, ստանդարտացմանն ու միատեսակացմանը, բարելավում ձեռնարկության ֆինանսա–տնտեսական գործունեության բոլոր ցուցանիշները:
