Jump to content

ՀՍՀ/ՀՈՍՔԱՅԻՆ ԳԻԾ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՍՔԱՅԻՆ ԳԻԾ, մշակող մեքենաների կամ աշխատատեղերի համախումբ, որոնք դասավորված են դետալների պատրաստման կամ շինվածքների հավաքման տեխնոլոգիական պրոցեսի ընթացքին համապատասխան: Հ. գ–ի յուրաքանչյուր մեքենայի կամ աշխատատեղի համար նախատեսվում է մեկ կամ մի քանի գործողություն: Մետաղամշակման արտադրամասերում Հ. գ. մշակող հաստոցների (մեքենաների) մեկ (կամ երկու) շարք է, որոնք իրար հետ կապված են դետալը մեկ գործողությունից մյուսը փոխանցող տրանսպորտային միջոցներով: Հավաքման տեղամասերում Հ. գ. սարքավորումով, հարմարանքներով, գործիքներով, տրանսպորտային միջոցներով հագեցած աշխատատեղերի շարք է` հավաքվող շինվածքը (մեքենան) մի դիրքից մյուսը փոխադրելու և շինվածքի հավաքման ժամանակ դետալներով և հանգույցներով անընդմեջ ապահովելու համար: Հ. գ–երի բազայի վրա ստեղծված են ավտոմատ գծեր` դրանք դետալների բեռնման ու բեռնաթափման մեխանիզմներով, միջհաստոցային տրանսպորտով, կառավարման համակարգով սարքավորելու միջոցով: Հ. գ–երը լինում են. անհատական` մեկ դետալի մշակման համար, զույգ` միաժամանակ երկու դետալի, և խմբային` միաժամանակ մի քանի դետալների մշակման կամ որ ոշակի հաջորդականությամբ նրանց պատրաստման համար: Խոշոր օբյեկտների հոսքային հավաքման դեպքում առանձին հանգույցներն ու դետալները մատուցվում են սահմանված հաջորդականությամբ, իսկ մոնտաժը կատարում են մասնագիտացված բրիգադները: ՍՍՀՄ ձեռնարկություններում Հ. գ–երի մեջ են մտցվում աշխատանքների բոլոր տեսակները` մեխանիկական մշակումը, եռակցումը, ջերմային մշակումը, մամլման գործողությունները, ճնշման տակ և մետաղակաղապարներով ձուլումը ևն: Հ. գ–ի կիրառումն առավել արդյունավետ է շինվածքների թողարկման մեծ ծրագրեր իրականացնելիս: Սակայն աշխատանքի հոսքային մեթոդները կիրառվում են նաև սերիական, փոքր սերիական և նույնիսկ հատային արտադրություններում: