Jump to content

ՀՍՀ/ՀՈՎԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, պրոտեկցիոնիզմ, ազգային էկոնոմիկայի հովանավորման պետական տնտեսական քաղաքականություն: Իրականացվում է առևտրաքաղաքական արգելքների օգնությամբ, որոնք խոչընդոտում են արտասահմանյան ապրանքների հոսքը ներքին շուկա և սեփական արտադրությւսն ապրանքների համեմատ թուլացնում դրանց մրցունակությունը: Հ. հ–ի համար բնորոշ է ազգային էկոնոմիկայի ֆինանսական խրախուսումը, ապրանքների արտահանման խթանումը: Զարգացած կապիտալիստական երկրներում Հ. հ. արտահայտում է ազգային և միջազգային խոշոր մոնոպոլիաների շահերը: Ապրանքների իրացման շուկաների և կապիտալի ներդրման ոլորտների զավթումը, բաժանումն ու վերաբաժանումը Հ. հ–ի գլխավոր բովանդակությունն է: Արդի Հ. հ–ի բաղկացուցիչ մասը ագրարային Հ. հ. է, որն առաջացել է XIX դ. վերջին, համաշխարհային ագրարային ճգնաժամի ընթացքում: Զարգացած կապիտալիստական երկրների խմբերի (օրինակ, «ընդհանուր շուկան») համաձայնեցված գործողությունների հիման վրա կազմավորվել է «կոլեկտիվ» Հ. հ.: Զարգացող երկրներում Հ. հ. նպաստում է տնտ. անկախություն ձեռք բերելուն: