Jump to content

ՀՍՀ/ՀՈՎԱՆԵՍ ԿԱԶՄՈՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎԱՆԵՍ ԿԱԶՄՈՂ (ծն. և մահ. թթ. անհտ.), XVI դարի հայ քարգործ վարպետ: Նրա կերտած երկու բարձրարվեստ խաչքարերը գտնվում են ՀՍՍՀ Կամոյի շրջանի Լանջաղբյուր գյուղում` ագուցված գյուղամիջի Ս. Խաչ եկեղեցու արմ. պատի մեջ, մուտքի հվ. (ստեղծել է 1542–ին) և հս. (1551–ին) կողմերին: 1542–ի խաչքարի կենտրոնում փոքր խաչ է` շուրջը ուռուցիկ տառերով թվականը, ապա` սրանկյուն խորանն ու խաչը: Ունի նուրբ ու գեղեցիկ քանդակներով լայն շրջանակներ: Խորանի վերին կողմերին կազմողի հիշատակությունն է: 1551–ի խաչքարի կիսաշրջան խորանի մեջ խաչն է, երկու կողմերին` նուրբ զարդաքանդակներով լայն շրջանակներ, տակը` գունդ, որի շուրջը թվականն է ու կազմողի հիշատակությունը

Գրկ. Բարխուդաոյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963: