Jump to content

ՀՍՀ/ՀՈՎԱՆՈՑԱՎՈՐՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎԱՆՈՑԱՎՈՐՆԵՐ (Apiaceae, Umbelliferae), երկշաքիլ բույսերի ընտանիք: Հս. կիսագնդի բարեխառն գոտում տարածված երկամյա և բազմամյա խոտաբույսեր են, արևադարձային և մերձարևադարձային սակավաթիվ տեսակները թփեր են կամ ցածր ծառեր: Հ–ի ցողունը սնամեջ է, հաստացած հանգույցներով: Տերևները կտրտված են, բնապատյանավոր: Ծաղկաբույլը պարզ կամ բարդ հովանոց է, երբեմն` գլխիկ: Ծաղիկները կանոնավոր են, մանր, մեծ մասամբ երկսեռ: Բաժակը թույլ է զարգացած, հաճախ չի նկատվում: Ծաղկաբույլերը վառ գունավորված են, ունեն հատուկ բույր, որոնցով նկատելի և գրավիչ են միջատների համար: Համարյա բոլոր օրգաններում պարունակվում են եթերային յուղեր և խեժ: Հ–ի ընտանիքն ընդգրկում է ավելի քան 280 ցեղ, մոտ 3 հզ. տեսակ, որից 140 ցեղի մոտ 750 տեսակ աճում է ՍՍՀՄ–ում: Հ–ին են պատկանում գազարը, համեմը, մաղադանոսը, սամիթը, վայրի ստեպղինը ևն, որոնք աճում են նաև ՀՍՍՀ–ում և օգտագործվում սննդի մեջ: Առանձին տեսակներ պարունակում են թունավոր ալկալոիդներ, որոշ տեսակներ էլ ունեն տեխ. նշանակություն: