ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ
ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ, հայկական միջնադարյան վանք, ճարտարապետական հուշարձան Հայկական ՍՍՀ Աշտարակի շրջանի Օհանավան գյուղում, Քասախ գետի կիրճի եզրին: Համալիրի հնագույն կառույցը V դ. կառուցված միանավ բազիլիկն է, որի փայտե ծածկը VI դ. փոխարինվել է քարե թաղածածկով: XIII ղ. իշխան Վաչե Վաչուտյանի հրամանով միանավ եկեղեցուն հվ–ից կից կառուցվել է վանքի գլխավոր եկեղեցին (1216–21), իսկ ավելի ուշ, նրա որդի Քուրդ իշխանը երկու եկեղեցիներին արմ–ից կից կառուցել է տվել գավիթ (շինարարությունն ավարտվել է 1250–ին): Վանքի գլխավոր եկեղեցին իր ծավալատարածական և հատակագծային հորինվածքով XIII դ. հայկ. ճարտ. տիպիկ օրինակներից է. արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկանի ավանդատներով գմբեթավոր կառույց է (գմբեթը կործանվել է 1918–ին): Արլ. ճակատը մշակված է XIII դ. տարածված խոշոր նկարվածքի դեկորով` ճակատի առանցքով վերից վար ձգվող բեկվածքավոր գոտին լայն շրջակալի տեսքով երիզում է լուսամուտը, իսկ ավելի ցած` պատկերում երկու սիմետրիկ դասավորված շեղանկյուններ: Եկեղեցուն արմ–ից կից է ուղղանկյուն հատակագծով, չորս սյուներով, կենտրոնակազմ լայնարձակ գավիթը, որի կենտրոնական մասը պսակված է երդիկավոր, 12–նիստանի ռոտոնդայով: Գավթի մնացած մասերը ծածկված են հայելային, գլանային ևն թաղերով, իսկ արտաքուստ` ութլանջ տանիքով: Հետաքրքիր և յուրօրինակ է մշակված գավթի հատկապես արմ. ճակատը: Կենտրոնում շքամուտքն է, նրանից վեր` շթաքարեզարդ կամարի մեջ ներառված խոյազարդ միջնասյունով լայն լուսամուտը: Շքամուտքից աջ և ձախ պատը մշակված է բազմաթև կամարաշարով պսակված բարակ ու բարձր որմնասյուներով, որոնք վերջավորվում են հս. և հվ. պատերի վրա: Ուշագբավ է նաև եկեղեցու արմ. մուտքի h արդարանքը. այն երիզված է ութանկյունի հյուսկեն զարդաքանդակներով, իսկ ճակատակալ քարին, բուսական ձևերով հյուսվածքազարդ ամբողջական ֆոնի վրա պատկերված է «իմաստուն և հիմար կույսերի» առակի բովանդակությունը: Հ. եղել է գրչության հնագույն կենտրոն (տես Հովհաննավանքի գրչության կենտրոն):
Գրկ. Ղաֆադարյան Կ. Գ., Հովհաննավանքը և նրա արձանագրությունները, Ե., 1948: Арутюнян В.М., Сафарян С. А., Памятники армянского зодчества, М., 1951 Токарский Н. М., Архитектура Армении IV–XIV вв., Е., 1961
Ա. Յակբսոն
