Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԼԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԼԱՆ (Չաքմաքչյան Ալան Հարությունի, ծն. 8.3.1911, Սոմերվիլլ, Մասսաչուսեթսի նահանգ, ԱՄՆ), հայ կոմպոզիտոր: Սովորել է Բոստոնի Նյու–Ինգլենդ կոնսերվատորիայում: 1933–ին Առաջին սիմֆոնիայի համար շահել է Ս. Էնդիգտոնի անվ. մրցանակ: 1940–47–ին ապրել է Բոստոնում, աշխատել որպես ուսուցիչ և երգեհոնահար, ուսումնասիրել արլ., մասնավորապես հայկ. երաժշտությունը, ստեղծել հոգևոր երգերի ժողովածուներ: Շրջագայել է Արևելքի երկրներում, ուսումնասիրել նրանց դասական–ավանդական երաժշտությունը, մասնակցել է Մադրասի երաժշտական ակադեմիայի փառատոներին: Վաղ շրջանի ստեղծագործությունները կրել են Յա. Սիբելիուսի ոճի ազդեցությունը: 1940–ից նրա գեղագիտական ընկալումների հիմքը դարձել է Արևելքի դասական երաժշտությունը: Գրել է օպերաներ, 20–ից ավելի սիմֆոնիա, կոնցերտներ, կամերային, դաշնամուրային, վոկալ, վոկալ–սիմֆոնիկ ստեղծագործություններ, հոգևոր երգեր ևն (օպերաների և մի շարք վոկալ երկերի, այդ թվում` «Շնչական թմբուկ» երաժշտա–բալետային դրամայի, 1962, «Վառվող տուն», 1962, «Պիղատոս», 1964, օպերաների ևն գրական տեքստերը գրել է ինքը): Արևելյան ոճի սիմֆոնիկ և կամերային երկերը հիմնված են հնդկ., ճապոնական, չինական, կորեական, Հավայան կղզիների ժողովուրդների հնագույն երաժշտական ավանդույթների վրա (ունի նաև փոքր կտավի գործեր` գրված օսեթական, կիրգ., քրդական մոտիվներով), դրանց թվում` «Նագուրան» ստեղծագործությունը` գրված հարավ–հնդկական նվագարաններից բաղկացած նվագախմբի համար, «Արջունա» հանրահայտ սիմֆոնիան (No 8, 1947) և «Մադրասյան սոնատը» (1961), «Կոկե նո նիվա» («Մամռոտ այգի», 1961), «Ֆանտազիա ըստ ճապոնական փայտագրությունների» երկերը, Տասնհինգերորդ, Տասնվեցերորդ սիմֆոնիաները (1963), դաշնամուրային կվինտետը ևն: Այս երկերում Հ. մշակել է մի ոճ, որն արդյունք է արլ. տարբեր մշակույթների փոխներթափանցման և երևան է գալիս համապատասխան լադերի օգտագործման մեջ, երաժշտական նյութի զարգացման սկզբունքներում, շարադրման ուրույն իմպրովիզացիոն մաներայում, ձևակառուցվածքային առանձնահատկություններում ևն: Հ. գրել է նաև հայկական ոճի 50–ից ավելի ստեղծագործություն, որոնք կազմում են հայ երաժշտական ստեղծագործության մի ինքնատիպ էջը: Այդ երկերում նա յուրովի կիրառել և մեկնաբանել է հայ ժող. աշուղական և հոգևոր երաժշտության ավանդույթները: Ի տարբերություն մյուսների` սրանցում արված են մեջբերումներ ժող. և հոգևոր երաժշտությունից (օրինակ, Երկրորդ հայկ. ռապսոդիայում օգտագործված են «Քրիստոս` փառաց թագավոր» շարականը և ժող. երկու մեղեդի, Երկրորդ հայկ. ռապսոդիան հիմնված է «Սիրտ իմ, սասանի ր» հոգևոր մեղեդու և «Պաղ աղբյուրի մոտ» գուսանական երգի վրա ևն): Դրանց բնորոշ է ժանրայնությունն ու ժանրային ծրագրայնությունը (օրինակ, «Սուրբ վարդան», 1964, և Երրորդ սիմֆոնիաները, «Անահիտ» ֆանտազիան, 1946): Կամերային–գործիքային երկերից նշանավոր են` «Վանա լճի սոնատը», «Ախթամարը», «Լուսածագը», «Վարագը», «Արևագալը», «Տիրան», գալարափողի համար գրված «Արթիկ» և ալտի համար` «Թալին» կոնցերտները, դաշնամուրի համար մշակված 12 հայկ. ժող. երգերը: Հ–ի վերջին շրջանի ստեղծագործություններից են` «Հիսուսի ճանապարհը» օրատորիան (1974) և «Պերիկլես» օպերան (1975): Արևմուտքի արդի երաժշտությունը հարստացնելով արլ., մասնավորապես հայկ. երաժշտությամբ, արևելյանը համարելով XX դ. երաժշտական արվեստի առաջընթացի կարևոր ազդակ` Հ. իր երկերով արժեքավոր ավանդ է մուծում Արևելքի և Արևմուտքի երաժշտական մշակույթների սինթեզման գործում: 1965–ին Հ. այցելել է Երևան, հանդես եկել իր երկերի կատարմամբ:

Լ. Երնջակյան