Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԵՍ Գ ՕՁՆԵՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՀԱՆՆԵՍ Գ ՕՁՆԵՑԻ, Հովհան Իմաստասեր (ծն. թ. անհտ., գ. Օձուն, Գուգարքի Տաշիրք գավառ – 728), Հայոց կաթողիկոս 717–ից: Կրթությունն ստացել է Այրարատի Արագածոտն գավառում, վանահայր Թեոդորոս Քռթենավորի մոտ: Արաբ, խալիֆայության տիրապետության պայմաններում ձգտել է ամրապնդել հայոց եկեղեցու դիրքերը: 719–ին մեկնելով Դամասկոս, Օմար խալիֆայի մոտ, Հ. Գ O. խոստացել է ապահովել հայերի հնազանդությունը, որով Հայոց եկեղեցին ու հոգևորականությունն ազատել է որոշ հարկերից, ապահովել քրիստոնեական կրոնի ազատ դավանությունը և քրիստոնյաների հալածանքների վերացումը Հայաստանում: Միաժամանակ Հ. Գ O. ազատել է տվել 705–ին Խրամում և Նախճավանում հայ իշխանների ողջակիզումից հետո աքսորված նախարարներին, որոնք վերստացել են իրենց ժառանգական հողատիրական իրավունքները: Հ. Գ Օ. խալիֆայից խնդրել է ռազմ. ուժ` երկիրը բյուգանդական գերիշխանությունից, հայոց եկեղեցին քաղկեդոնական եկեղեցու հալածանքներից զերծ պահելու համար: Հ. Գ Օ. կազմակերպված պայքար է տարել պավլիկյանների դեմ (տես Պավլիկյան շարժում): 720–ին Դվինում հրավիրել է եկեղեցական ժողով (տես Դվինի ժողովներ), ուր ընդունվել է պավլիկյանների դեմ ուղղված կանոն: Գրել է «Ընդդեմ Պաւղիկեանց» աշխատությունը` թշնամական, միակողմանի մեկնաբանությամբ: Հայոց և ասորվոց միաբնակ եկեղեցիների միջև տարաձայնություններին վերջ տալու, միասնաբար հակառակորդ եկեղեցական ուսմունքների (հատկապես քաղկեդոնականության) դեմ պայքարելու նպատակով, 726–ին Մանազկերտ քաղաքում հրավիրել է եկեղեցական ժողով, որը կանոնական օրինադրությամբ վավերացրել է երկու եկեղեցիների միասնությունը: Հայոց եկեղեցու անկախության, քաղկեդոնական եկեղեցու դեմ անհրաժեշտ պայքար կազմակերպելու համար Հ. Գ Օ., առաջին անգամ հայ իրականության մեջ, կազմել է «Կանոնագիրք Հայոց»: Հ. Գ Օ–ու անունով պահպանվել են նաև ճառեր, շարականներ, դավանաբանական, պաշտամունքային, ծիսական և այլ բնույթի կրոնական գրվածքներ: Հասարակական–քաղաքական հայացքներով Հ. Գ Օ. ֆեոդալական իշխող վերնախավի շահերի պաշտպանն է, փիլ. աշխարհայացքով` օբյեկտիվ իդեալիստ: Նրա կարծիքով նյութական աշխարհը աստվածային էության դրսևորումն է: Բնության հիմքը հանգեցնում է չորս տարրերի` հողին, ջրին, օդին, կրակին: Ծանոթ լինելով անտիկ փիլիսոփայությանը, հատկապես Արիստոտելին, վերջինիս տրամաբանությունը Հ. Գ Օ. ծառայեցրել է կրոնական դրույթների հիմնավորմանը: Այդուհանդերձ, նա մարդկային իմացությունը դիտում է որպես պրոցես, որը ծայր է առնում չիմացությունից և հասնում գիտության: Իմացության հիմքում դնելով զգայությունները` հակվում է դեպի սենսուալիզմ: Նա լուրջ կռահումներ ունի լեզվի և մտածողության միասնության մասին: Արիստոտելի հետևողությամբ անուն–հասկացությունները համարել է պայմանական և նշել դրանց դերն ու նշանակությունը իմացության մեջ: Իբրև քրիստոնեական բարոյականության արտահայտիչ, Հ. Գ Օ. չարի ու բարու հարցը լուծել է նրանց բացարձակ հակադրության դիրքերից:

Երկ. Մատենագրութիւնք. Վնտ., 1833:

Գրկ. Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն Հայոց, Թ., 1912: Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961: Կանոնագիրք հայոց, հ. 1, Ե., 1964: Լեո, Երկ. ժող., հ. 2, Ե., 1967: Հ. ՍվազյաՆ, Ե. Գալստյան