Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴՐԱՍԽԱՆԱԿԵՐՏՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴՐԱՍԽԱՆԱԿԵՐՏՑԻ (ծն. 845–850–ի միջև, գ. Դրասխանակերտ, Այրարատ – մոտ 925), պատմագիր, հայ կաթողիկոս 897–ից: Կրթությունն ստացել է Սևանա կղզու վանքում, իր ազգական Մաշտոց կաթողիկոսի մոտ (որին և հաջորդեց հետագայում): 908–ին, Հայաստանի վրա Ատրպատականի ամիրա Յուսուփի արշավանքը կանխելու նպատակով, Սմբատ Ա–ի հրահանգով մեկնել է Ատրպատական` Յուսուփի հետ բանակցելու, սակայն ձերբակալվել և բանտ է նետվել: Բանտից փախել և անցել է Աղվանք, Վրաստան, ապա վերադարձել է Հայաստան և հաստատվել Տարոնում: Սմբատ Ա–ի մահից հետո, 914–ին բյուզանդական պատրիարք Նիկողայոսը բարեկամական նամակ է հղել Հ. Դ–ուն, առաջարկելով Բյուզանդիայի հետ Հայաստանի, վրաստանի և Աղվանքի միասնության ծրագիր: Հ. Դ. չի մեկնել Կ. Պոլիս (որտեղ բանակցությունների համար Աշոտ Երկաթ թագավորի հետ հրավիրված էր նաև ինքը): Դվինում հաստատված Հ. Դ., խույս տալով արաբ զորապետ Նըսըրի հալածանքներից, անցել է Սևանա կղզի, ապա` Բյուրական, Բագարան: Կաթողիկոսանիստ Դվինը Նըսըրի կողմից գրավվելուց հետո ընդունել է վասպուրականի Գագիկ թագավորի հրավերը և 927–ին մեկնել Վասպուրական: Հ. Դ–ուց պահպանվել է երկու աշխատություն. «Շարք կաթողիկոսացն Հայոց» և «Պատմութիւն Հայոց»: Առաջինը Հայոց կաթողիկոսների ցանկն է` սկզբից մինչև իր ժամանակը, կենսագրական համառոտ տվյալներով: Առավել արժեքավոր է նրա «Պատմութիւն Հայոց»–ը, որն ընդգրկում է Հայաստանի պատմությունը` նախնական ժամանակներից մինչև 924–ը: Այն բաղկացած է առաջաբանից, բուն նյութից և վերջաբանից: «Պատմութիւն Հայոց»–ը չի բաժանված մասերի ու գլուխների: Մինչև IX դ. կեսերի մասին եղած տեղեկությունները վերցրել է ուրիշ պատմիչներից (այստեղ կան տվյալներ, որոնք ոչ մի աղբյուրում չեն հանդիպում): Հատկապես արժեքավոր է երկի` IX դ. 2–րդ կեսից հետո ընդգրկող մասը, որը գրել է անցքերին մոտիկից հաղորդակից, հաճախ մասնակից լինելով: Հանգամանորեն պատմում է Սմբատ Ա–ի և Աշոտ Երկաթի թագավորության շրջանում կատարված դեպքերի, Յուսուփի արշավանքների, դրանց քաղ. և տնտ. ծանր հետևանքների, Սմբատ Ա–ի նահատակման, ժողովրդի ծանր վիճակի, Աշոտ Երկաթի ջանքերով երկրի ազատագրման և հարակից անցքերի մասին: Գրում է ճարտասանական հնարներով: Ուշագրավ տեղեկություններ կան նաև X դ. սկզբին Այրարատում ծավալված գյուղացիական շարժումների (որոնք դատապարտում է, ելնելով ֆեոդալական դասակարգի շահերից), ինչպես նաև բախտակից վրացի և աղվան ժողովուրդների մասին, Հ. Դ. հորդորում է միաբանվել, դրվատում հայրենասեր գործիչներին, դատապարտում երկպառակությունները: Հ. Դ–ու պատմությունը լույս է տեսել ֆրանս. (1841) և վրաց. (1965) թարգմանությամբ:

Երկ. Շարից հայրապետացս Հայոց, (տես Սամուել Անեցու «Հաւաքասնք ի գրոց պատմագրաց» երկում, Վաղ–պատ, 1893, էջ 272–277): Պատմութիւն Հայոց, Թ., 1912:

Գրկ. Աբեղյան Մ., Երկ., հ. 3, Ե., 1968: Վ. Վարդանյան