Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ Պլուզ 1230–ական թթ., Մեծ Հայքի Եկեղյաց գավառ –1293, Կիլիկիա, Ակների վանք (շիրիմը գտնվում է Երզնկայի Ս. Նշան եկեղեցու առաջնորդական աթոռի տակ) հայ միջնադարյան փիլիսոփա, գիտնական, մատենագիր, մեկնիչ, քերական, արվեստաբան, մանկավարժ, տաղերգու, հասարակական–քաղաքական գործիչ: Սերել է իշխանական տոհմից: Սովորել է Երզնկայի դպրատներում (մասնավորապես Ս. Մինասի անապատում), հետագայում աշակերտել է Վարդան Արևելցուն: 1268–ին ստացել է վարդապետական աստիճան: 1270–80–ին շրջել, ուսուցանել, գիտական մատչելի ճառեր ու քարոզներ է կարդացել ոչ միայն Մայր, այլև Կիլիկյան Հայաստանում, Երուսաղեմում, Տփղիսում (այժմ` Թբիլիսի), մասնակցել է ազգապահպանման և հայկ. պետականության ամրապնդման համար մղվող պայքարին: Գրել է հասարակական ու եկեղեցական հատուկ կանոններ ընդդեմ ունիթորության, 1280–ին եղել է Երզնկայի աշխատավորական շերտերից կազմավորված «Եղբայրութեան» հոգևոր ղեկավարը, նրանց համար գրել «Սահման և կանոնք…»: Հ. Ե. մեծարվել է «սուրբ և իմաստուն», «անյաղթ», «բանիբուն և աշխարհալոյս վարդապետ», «Քաղցրիկ», «Քաղցրաձայն», «Պիւլպիւլ» անուններով, նկարներում պատկերվել լուսապսակով: Ինքն ընդօրինակել է և ընդօրինակել է տվել բազմաթիվ գրական, փիլ., աստվածաբանական և այլ բնույթի գրքեր, կազմել է տվել ժողովածուներ, Երզնկայի վանքերում ստեղծել 4–5 գրադարան: Հ. Ե–ու ստեղծագործությունը հայ միջնադարի գրականության զարթոնքի, գիտության ու արվեստների վերածնության արտահայտությունն է: Մեզ են հասել նրա ավելի քան 100 չափածո և արձակ գործեր (արձակի զգալի մասն ամփոփված է առանձին ժողովածուներում, որոնցից են Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի NoNo 2173, 2854, 2992 ձեռագրերը): Հեղինակը ձգտել է գիտականորեն բացատրել բնական, հասարակական երևույթները, դրանց առաջացման, զարգացման ու գոյության օրինաչափությունները: Արժեքավոր են Հ. Ե–ու աշխարհի ճանաչման մատերիալիստական ըմբռնումները: Նրա կարծիքով, տիեզերքը, բնությունն իր բազմազանության մեջ (ներառյալ նաև մարդու ստեղծածը) բաղկացած է չորս տեսակ նյութից: Առաջինից սկիզբ է առնում աշխարհը, երկրորդից` աստղերը և երկնային այլ մարմիններ, երրորդը չորս տարրերն են, որոնցից բաղկացած են բույսերն ու կենդանիները, երկրի ընդերքում գտնվող հանքերը և, ընդհանրապես, ողջ երկիրը, չորրորդը «արհեստից նիւթն է», ինչպես «փայտ հիւսան, երկաթն դարբնի»: Նյութը տեսակների բաժանելով, նա ընդունում է ստեղծագործության երեք եղանակ` արարչական, բնական և մարդկային: Հ. Ե. գտնում է, որ չորս տարրերը, զանազան համամասնությամբ միախառնվելով, առաջացնում են նոր բաղադրություն, որի մեջ այլևս չի երևում առանձին տարրը: Ըստ նրա, այդ պրոցեսը տեղի է ունենում ոչ թե որևէ գերբնական ուժի միջամտությամբ, այլ «յաղագս նրբութեանն բնութեան», բնությունն իր վիճակը պահպանում է ոչնչացման միջոցով, ոչնչացումը` «ապականութիւնն», պայման է առաջացման համար: Այս իմաստով, ըստ նրա, ապականություն և փոփոխություն հասկացությունները նույնական են: Հ. Ե. պարզորոշ արտահայտել է նյութի պահպանման գաղափարը, նյութը երբեք չի ոչնչանում, նա փոխում է միայն իր գոյաձևը, տեսակը: Շարժումը, փոփոխությունը տեղի են ունենում ժամանակի մեջ, որի գոյությունը նա պայմանավորում է հրկրի շուրջը երկնքի պտույտով: Շարժման և հարաիոխության հետևանք է համարում նաև ծնունդն ու մահը: Ըստ նրա, մահը ոչ թե հոգու բացակայությունն է, այլ մարմնի` նյութի քայքայումը: Կյանքի և գոյության հիմքը շարժումն է: Հ. Ե–ու իմացաբանական հայացքները կապված են հոգու մասին նրա ըմբռնումների հետ: Գիտելիքներն, ըստ նրա, բաժանվում են երեք բնագավառի` աստվածաբանական, բնաբանական (բնության մասին) և ուսումնական (մաթեմատիկական), որոնցից յուրաքանչյուրը տարբեր եղանակներով է ձեռք բերվում: Առաջինը տրվում է սոսկ բանականությամբ և հավատով, առանց զգայարանների միջամտության, քանի որ նրա առարկան աննյութական է, երկրորդը` նախ և առաջ զգայարանների միջոցով, երրորդի բովանդակության մի մասը զգայական ընկալման արդյունք է, մյուսը` սոսկ բանականության: Նա գտնում է, որ մարդու հոգին չունի բնածին գիտելիք և բարոյական հատկանիշ: Միտքը խոպան հողի է նման, «որ ինչ սերմանեն զայն պտղաբերէ»: Նա մերժում է աշխարհի ճանաչելիությունը կասկածի ենթարկող ուսմունքները և պնդում է, որ հինգ զգայարանները բավական են աշխարհի բոլոր իրողությունների մասին գաղափար կազմելու համար: Միտքը նա նմանեցնում է դատավորի, որը, ընդունելով արտաքին աշխարհից զգայարանների միջոցով ներս թափանցող տվյալները, դրանց «ներտրամադրական» մշակման հիման վրա անում է դատողություններ: Հ. Ե. ուսումնասիրել է նաև բժշկությունն ու դեղագործությունը, գաղափար է տվել մարմնի և ուղեղի կառուցվածքի ու գործունեության, ներքին օրգանների, մկանների, արյան շրջանառության, հինգ զգայարանների մասին: Հ. Ե. ուղեղի կառուցվածքի և գործունեության հարցում համամիտ է եղել Հիպոկրատի և Գալենի հայացքներին, նա ուղեղը դիտել է որպես մտածողության և զգացողության կենտրոն, գտել, որ արտաքին աշխարհի տպավորությունները զգայարաններով հասնում են ուղեղին (ըստ Արիստոտելի` սրտին), հարստացնում ու զարգացնում միտքը: Նա մարդու հոգեկան երևույթները բացատրում է մարմնում կատարվող նյութական փոփոխություններով և արտաքին ազդակներով, ընդգծում հոգու սերտ կապը նյութականի հետ, անհրաժեշտ համարում նախ ճանաչել մարմինը, ապա` հոգևոր աշխարհը և հետո` գործը: Արժեքավոր են միջնադարյան Հայաստանում ուսուցողական նպատակով դիահերձումների ազատության մասին նրա վկայությունները և տիեզերագիտական հայացքները, նա գիտական բացատրություններ ու տեղեկություններ է տվել երկնային մարմինների, բնական երևույթների, Արկտիկայի, բևեռի, օր ու գիշեր վեցամսյա տևողության վերաբերյալ ևն: Հ. Ե. զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանի հայ փիլ–յան բնագիտական ուղղության ամենախոշոր ու ցայտուն ներկայացուցիչն է: Հետագա դարերի հայ մտածողները (Կիրակոս Երզնկացի, Հովհաննես Ծործորեցի, Գրիգոր Տաթևացի և ուրիշներ) իրենց բնափիլիսոփայական շատ գաղափարների ձևակերպումներն արդեն ունեին հանձին Հ. Ե–ու: Հ. Ե. նաև նշանավոր քերական է: Նա երկար տարիներ դասավանդել է Կիլիկիայի կաթողիկոսական վարդապետարանում և Երզնկայի դպրոցներում, ուսումնասիրել իրենից առաջ եղած հայ և օտար քերականներին, 1291–ին ավարտել «Հաւաքումն մեկնութեան քերականին» աշխատությունը: Հայ բանասիրության, մասնավորապես` քերականագիտության պատմության համար առանձնապես կարևոր են գրքի լուսանցքների աղբյուրագիտական նշումները, որոնք նյութեր են պարունակում Դավիթ Անհաղթի, Անանուն Մեկնիչի, Ստեփանոս Սյունեցու, Համամ Արևելցու և այլոց անհետ կորած քերականական մեկնությունների մասին: Այն սկզբնաղբյուրի արժեք է ունեցել քերական մեկնիչներ վարդան Արևելցու, Եսայի Նչեցու, Հովհաննես Քռնեցու, Առաքել Սյունեցու և այլոց համար: Երկում կան գրական ժանրերի (տաղ, ողբերգություն, դյուցազներգություն, կատակերգություն, դամբանական, զրույց, առասպել, պատմություն ևն) սահմանումներ, հոգևոր ու աշխարհիկ երաժշտական հասկացությունների բնութագրումներ, տվյալներ Հոմերոսի կենսագրությունից, հատվածներ «Իլիական»–ից ու «Ոդիսական»–ից ևն: Այս աշխատությանը երկար ժամանակ ծառայել է որպես քերականական գիտելիքների հիմնական ձեռնարկ և միջնադարի հայ դպրության ամփոփումն է: Կանխելով արևելյան և արևմտյան մի շարք հեղինակավոր մտածողների, Հ. Ե. երաժշտարվեստը համարել է մարդկային իմացության ձևերից մեկը, որ անմիջաբար կապված է «լսողական», այսինքն` ձայնային աշխարհի հետ: Նա նորովի է բացահայտել մարդու հոգու և մարմնի վրա երաժշտության ներգործության ուժի մասին հինավուրց դրույթները, տեսականորեն հիմնավորել միջնադարյան Հայաստանում երաժշտարվեստի օգնությամբ հիվանդներ բուժելու տարածված փորձը: Արտահայտելով աշխարհիկ երգ–երաժշտության նկատմամբ հայ եկեղեցու պաշտոնական նոր վերաբերմունքը և լրացնելով Դավիթ Քերականի մտքերը երաժշտարվեստի եռակի բաժանման մասին` երաժշտարվեստը բաժանել է երկու տեսակի` «աստվածային», որ կատարվում է տաճարներում, և «մարդկային», որ կատարվում է «ուրախական» հանդեսներում, խրախճական ժողովներում: Նա մի ամբողջ ուսմունք է ստեղծել երաժշտի գիտակցության մեջ ծագող «անմարմին» ելևէջների (ինտոնացիաների) ու կատարման ընթացքում մարմնավորող «մեծ և փոքր», «ծանր և թեթև», «սուր և բութ», «սուղ և երկար» և այլ ձայների մասին: Նրան հետաքրքրել է նաև ձայնի` որպես ֆիզիկական երևույթի, տեսակների ու երաժշտական ձայնի տարբերիչ հատկանիշների հարցը: Խորացնելով այդ մասին դեռևս Դավիթ Անհաղթից (V– VI դդ.) եկող մտքերը` կազմել է ձայների տեսակների` միջնադարյան չափանիշներով հարուստ մի աղյուսակ, որտեղ արդեն պատշաճ տեղ է գրավում նաև «չափ» ու «կշիռով» աչքի ընկնող «արուեստաւոր» (այն է` երաժշտական) ձայնը: Հ. Ե. մի կողմից խորացրել է տաղային արվեստի աշխարհականացման ընթացքը, մյուս կողմից` կարևոր ավանդ մուծել հոգևոր երաժշտության զարգացման մեջ: Նա շարականներ է նվիրել Գրիգոր Լուսավորչի և Ներսես Մեծի հիշատակներին, դրանց զուտ աղոթական հատվածներում շարադրել ազգային–հասարակական առումով էական մաղթանքներ ու խնդրվածքներ: Օժտված է եղել երգչային գեղեցիկ ձայնով և կատարողական շնորհքով: Հ. Ե. նշանավոր մանկավարժ է. նա մշակել է դաստիարակչական մեթոդներ` հաշվի առնելով մարդու (հատկապես երեխայի) ֆիզիոլոգիան, հոգեբանությունն ու տարիքային առանձնահատկությունները, ինչպես նաև սոցիալական պայմաններն ու միջավայրը: Ըստ նրա` երեխայի դաստիարակությունը պետք է սկսել մանուկ հասակից` նախ ընտանիքում, ապա` դպրոցում: Արժեքավոր են ժամանակի հասարակական, քաղ. անցուդարձերին, սոցիալ–տնտեսական հարաբերություններին, երկրի կառավարման համակարգին, բարքերին, ծեսերին, հավատալիքներին, կենցաղին վերաբերող նրա հարուստ տեղեկություններն ու հայացքները: Հ. Ե. մեծ բանաստեղծ է, կրոնական, աշխարհիկ, գիտական բազմաթիվ տաղերի, քառյակների, ողբերի, շարականների ու մեղեդիների հեղինակ: Դրանք բացահայտում են տաղերգուի գաղափարներն ու հուզաշխարհը, մարդկային մտքի խորությունն ու ներհակությունը, զգացումների բազմերանգությունը, կյանքի ու բնության մեծ սերը, մարդասիրությունը, ծնողասիրությունը, որդեսիրությունը` հոգեկան, բանական, հասարակական ու պատմական երևույթների փիլ. վերլուծական մոտեցմամբ: Շարականներն առանձնապես արժեքավոր են պատմական բնույթով, հայրենասիրական գաղափարներով, բնապատկերների ու ներաշխարհի բացահայտման վարպետությամբ, քնարական շնչով: Հայրեններն աշխարհի խոհափիլիսոփայական արտացոլումն են, հոգու և մարմնի հավիտենական պայքարի մասին հեղինակի մտորումները: Դրանք կենսասիրության և իմաստության փառաբանումն են, հեղինակի անձնական խորհրդածություններն ու հույզերը: Հ. Ե–ու չափածոն նաև խրատ է ուսման, գիտության, ընտանիքը, կենցաղն ու բարքերը բարեկրթելու: Երզնկացին համեմատությունների, պատկերավորության, երաժշտականության վարպետ է, նրա երկերը` լեզվի պարզության, մատչելիության, գեղեցկության ու հարստության օրինակ: Նրա գիտական գործերի հիմնական մասն ու ներբողները հնչում են որպես արձակ բանաստեղծություններ: Հ. Ե. բազմաժանր և հանրագիտակ մտածողներից է: Նրա գործերն ընդօրինակվել են հարյուրավոր ձեռագրերում:

Երկ. «Տետրակ համառօտ և լի իմաստնախոհ բանիւք…», Յաղագս երկնային շարժմանց…, Նոր Նախիջևան, 1792: Ի տաճկաց իմաստասիրաց գրոց քաղեալ բանք Յովհաննես Երզնկացին, «ԲՄ», 1958, No 4, էջ 302–313:

Գրկ. Խաչիկյան Լ., Դիահերձումը հին Հայաստանում, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ», 1947, No 4: Քյուրտյան Հ., Երիզա և Եկեղյաց գավառ, հ. 1, Վնտ., 1953: Սրապյան Ա., Հովհաննես Երզնկացի (բնագրեր և ուսումնասիրություն), Ե., 1958: Գրիգորյան Գ., Հովհաննկս Երզնկացու փիլիսոփայական հայացքները, Ե., 1962: Թահմիզյան Ն., Ձայնի մասին ուսմունքը հին և միջնադարյան Հայաստանում, «ԲՄ», 1962, No 6: Նույնի, էջեր միջնադարի հայկական երաժշտական գեղագիտությունից, «Էջմիածին», 1963, No 11: Նույնի, Ներդաշնակության հենքի մասին ուսմունքը Հայաստանում միջին դարերում (X–XV դդ.), «ԲՄ», 1967, No 8: Բաղդասարյան Է., Հովհաննես Երզնկացին և նրա խրատական արձակը (բնագրեր և ուսումնասիրություն), Ե., 1977: Ա. Սրապյան, Լ. Խաչերյան, Գ. Գրիգորյան,

Ս. Վարդանյան, Ն. Թահմիզյան