ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (ԾՈՐԾՈՐԵՑԻ)
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (Ծործորեցի) (մոտ 1270–ական թթ., Մեծ Հայքի Եկեղյաց գավառում, հավանաբար Երզնկայում –1338, շիրիմը ենթադրվում է` Հաղպատի վանքում), հայ փիլիսոփա, քերական, բանասեր, մեկնիչ, թարգմանիչ, եկեղեցական–հասարակական գործիչ: Նախնական կրթությունն ստացել է Եկեդյաց գավառի դպրատներում: Գործել է Գլաձորի համալսարանում, դարձել Եսայի Նչեցու գործընկերը: Հետագայում տեղափոխվել է Արտագ` Ծործորի վանք (այստեղից էլ` Ծործորեցի): Ճանաչվել է որպես գեղագիր–առակագիր–գրիչ, ընդօրինակել է մի շարք իմաստասիրական երկեր: Նպաստել է Հայաստանում կաթոլիկության տարածմանը, մասնակցել Սդանայի 1317–ի միարարական ժողովին, սերտ կապեր պահպանել Բարդուղիմեոս Բոլոնիացու հետ: 1321–ին թարգմանել է Թովմա Աքվինացու «Գիրք խորհրդոց եկեղեցւոյ» աշխատությունը: Գրել է գիտափիլիսոփայական երկերի առաջաբաններ, մեկնություններ, քարոզներ, թղթեր, բանաստեղծություններ: Որպես հայ ունիթոռության ներկայացուցիչ, կրել է Թովմա Աքվինացու ազդեցությունը (այս բանը մասամբ արտահայտվել է գիտության և հավատի սահմանազատման, գիտությունը հավատին ենթարկելու նրա փորձի մեջ): Գոյաբանական հարցերում եղել է իդեալիստ: Սակայն, շարունակելով հայ մտածողների առաջադիմական հայացքները, նա ամեն ինչ համարել է փոփոխելի և հասարակական ու բնական կյանքում դրսևորվող հակադրությունների («ներհակությունների») գոյության ու միասնության արդյունք: Հ. Ե. աշխարհը համարում է ճանաչելի: Ըստ նրա, իրականությունը ճանաչվում է երեք ձևով` բնազդով, վարձով և բանականությամբ: Իմացությունն ընդհանրացման արդյունք է, որ կատարվում է մակածական և արտածական եղանակով, մասնավորից ընդհանուրը և հակառակն ընթացող գործողությամբ: Հ. Ե. առանձնացնում է իմացության տեսական և գործնական մակարդակները: Տեսական իմացության նպատակը, ըստ նրա, ճշմարտության հանգելն է, գործնականինը` այն ի կատար ածելը: Քննադատելով հոգու և մարմնի փոխհարաբերության պլատոնյան ըմբռնումը, նա հոգին համարում է բնության մաս, իսկ մարդուն` հոգու և մարմնի ներդաշնակ ամբողջություն: Հ. Ե. քննարկել ու բնութագրել է հոգու և մարմնի էական հատկանիշները: Գրել է «Համառօտ տեսութիւն քերականի» աշխատությունը, որ ներառում է քերականական, գրական, գրականագիտական հասկացությունների սահմանումներ (միջնադարյան ըմբռնումով): Իր նախորդների թարգմանությունները քննահամեմատական մեթոդով բաղդատել է հույն և լատին բնօրինակների հետ, կատարել պատմա–բանասիրական, բնագրային ճշգրտումներ, իմաստասիրական, լեզվական ստուգաբանություններ: Գրական ստեղծագործության ասպարեզում առանձնապես հետևել է Ներսես Շնորհալուն (քննել և շարունակել է Մատթեոսի Ավետարանի` նրա կատարած մեկնությունը, վերջինիս օրինակով գրել հայոց այբուբենին նվիրված բանաստեղծություն): Հ. Ե–ու չափածոն (գանձեր, երգեր, շարականներ, խրատական ոտանավորներ, հանելուկներ) քնարական և պատմողական ստեղծագործություն է` գրված ազատ չափ ու հանգով, դյուրըմբռնելի լեզվով: Հ. Ե. նշանավոր մանկավարժ էր և ուսուցիչ: Նրան աշակերտել են բազմաթիվ «բանասեր անձինք»: Կրթական, ուսուցողական նպատակներով գրել է փիլ. աշխատություններ, խրատական ոտանավորներ, հանելուկներ: Նրա ընտրությամբ ու պատվերով ընդօրինակվել են գիտական, փիլ., քերականական աշխատությունների ժողովածուներ: Հաճախ, քաղվածքներ են արվել նրա իմաստասիրական, գրական գործերից, ասույթներից, ընդօրինակվել են նրա աշխատությունները: Մեծ է Հ. Ե–ու մատենագրության ճանաչողական նշանակությունը: Բացահայտելով տարբեր ժողովուրդների անցյալի և ժամանակի փիլ., գիտական մտքի մակարդակը, սոցիալ–տնտեսական, եկեղեցական, քաղ., դասակարգային հարաբերությունները, նա իր վերաբերմունքն է արտահայտել այս կամ այն երևույթի, տեսակետի կամ մտածողի նկատմամբ: Հ. Ե–ու ձեռագրերը գտնվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում (տես «Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի», հ. I–2, 1965– 1970):
Երկ. Մեկնութիւն սուրբ Աւետարանին…, ԿՊ, 1825:
Գրկ. Քյուրտյան Հ., Երիզա և Եկեղյաց գավառ, հ. 1, Վնտ., 1953: Սրապյան Ա., Հովհաննես Երզնկացի, Ե., 1958: Խաչիկյան Լ., Արտազի հայկական իշխանությունը և Ծործորի դպրոցը, «ԲՄ», 1973, No 11: Ա. Սրապյա n
