Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԼԿՈՒՐԱՆՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԼԿՈՒՐԱՆՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), միջնադարյան հայ քնարերգու: Ծնվել է Միջագետքի Թլկուրան ավանում (Կիլիկիայի մոտ), ապրել ու ստեղծագործել է XIV դ. 2–րդ և XV դ. 1–ին կեսերին: Գրել է տաղեր և ինքն էլ եղանակավորել ու երգել դրանք: Նրանից մեզ են հասել սիրո և բնության, խրատական–բարոյախոսական, վիպական տաղեր և կրոնական ոտանավորներ: Հ. Թ–ու ստեղծագործությունն իր էական մասով անմիջական շարունակությունը, հետագա ծավալումն ու խորացումն է կյանքի ու գրականության մեջ դեռևս X դ. սկիզբ առած աշխարհականացման ոգու և արվեստի: Բնության և սիրո տաղերում, ի տարբերություն իր նախորդ բանաստեղծների (Գրիգոր Նարեկացի, Կոստանդին Երզնկացի), նա երգում ու փառաբանում է սերն ու բնությունը առանց այլաբանության: Հ. Թ–ու պոեզիան սիրո քնարերգության իրավունքի հիմնավորումն ու պաշտպանությունն էր: Կինը բանաստեղծի համար սիրո մարմնացում է, մի զորություն, որ «հրով այրէ զերկիր ամեն», «ի յետ բերէ զելած հոգին»: Բայց նա սիրո աղբյուր է գերազանցապես արտաքինով, ֆիզիկական գեղեցկությամբ: Ինչպես միջնադարյան բոլոր բանաստեղծների, այնպես էլ Հ. Թ–ու տաղերում կնոջ հոգեբանության դրսևորում չենք գտնում: Սակայն ցանկական հույզը չէ, որ երգում է նա: Սիրո երգը նրա ստեղծագործության մեջ ներհյուսված է բնության երգին: Որպես այդպիսին «Տաղ գարնան» քերթվածը լավագույններից է հայ գրականության մեջ: Այստեղ բնությունը երգվում է իր ամբողջության, շարժման, լինելության ու մահացման մեջ: Սակայն մի կողմից` հանդերձյալ կյանքի, մեղքերի քավության, կնոջ ու սիրո մեղանչական լինելու գաղափարները, մյուս կողմից` աշխարհի ու բնության գեղեցկությունները, սիրել–սիրվելու ձգտումները, ինչպես միջնադարյան տաղերգուների, այնպես էլ Հ. Թ–ու մեջ առաջացնում են երկվություն, հոգու և մարմնի փոխհարաբերության, հոգո ւն, թե մարմնին առաջնություն տալու հարցում: Այս հակասությունն առավելապես զգացվում է նրա խրատական–բարոյախոսական տաղերում: Հ. Թ–ու մի քանի տաղեր նվիրված են մահվան պրոբլեմին: Մահվան ուրվականը թեև սարսափեցնում է տաղերգուին, բայց, ի տարբերություն միջնադարում տիրապետող աշխարհայեցության, նա չի քարոզում մարմինը մեռցնելու գաղափարը, չի մխիթարում ու մխիթարվում հանդերձյալ կյանքով: Հ. Թ–ու խրատական–բարոյախոսական տաղերից մեկը նվիրված է արբեցությանն ու նրա վատ հետևանքներին: Ուշագրավ են ևս երկուսը, որոնք ունեն սոցիալական բովանդակություն: Դրանցից մեկում, «Վասն քահանայից և առաջնորդաց ասացեալ» վերնագրով, հեղինակը ձաղկում է հոգևոր առաջնորդներին, որոնք խրատում են, բայց իրենք «ի յամէն խրատէ դուրս» են: Երկրորդում («Իմ սիրտ, լսէ ականջ արա») բանաստեղծը հոռետեսական տրամադրությամբ է խոսում մարդկային փոխհարաբերությունների մասին, հիասթափված է իր շրջապատից: Նրա հոռետեսությունը, սակայն, անձնական չէ, այլ` ընդհանրականն ունի սոցիալական բովանդակություն: Միջնադարյան հայ տաղերգության մեջ բացառիկ տեղ ունեն Հ. Թ–ու վիպական տաղերը: Նա առաջին հայ տաղերգուն է, որ մշակել է ժող. բանահյուսությունից քաղված թեմաներ: Այդպիսիք են Կիլիկյան հայ զորավար Լիպարիտին, Գրիգոր Նարեկացուն և Ալեքսիանոսին նվիրված ստեղծագործությունները: Հ. Թ–ու ստեղծագործություններն աչքի են ընկնում բանաստեղծական արվեստով: Հատկանշական է ժող. բանահյուսությանը հատուկ արտահայտչական ձևերի ու պատկերների օգտագործումը: Նրա ստեղծագործությամբ հայ տաղերգությունը ձերբազատվում է միջնադարյան մռայլից, հավաստում աշխարհիկ ոգու հաղթանակը քնարերգության մեջ: Հ. Թ–ու մի շարք տաղեր թարգմանված են ռուս. և ֆրանս.:

Երկ. Հովհաննես Թլկուրանցին և յուր տաղերը, հրտ. Կ. Կոստանյան, Թ., 1892: Տաղագիրք. հրտ. Ն. եպս. Ծովական, Երուսաղեմ,1958: Տաղեր, աշխատասիր. Էմ. Պիվազյանի, Ե., 1960: Է. Պիվազյան