Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒԹՈՒՆՋԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒԹՈՒՆՋԻ, Վանեցի, Արևելցի (ծն. թ. անհտ., Վան –1703, Տրապիզոն), հայ ազգային–ազատագրական և հոգևոր–եկեղեցական գործիչ: Եղել է Հայոց կաթողիկոսության նվիրակ: Օգտագործելով նվիրատվության գումարները` դարձել է (1663) Կ. Պոլսի պատրիարք, որի համար գժտվել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցու հետ և հարել նրա հակառակորդ Եղիազար Ա Այնթափցուն: Հանվելով պատրիարքական պաշտոնից (1664)` մեկնել է Վասպուրական ու գրավել Վարազի, Սալնապատի և Հոգյաց վանքի առաջնորդությունը: 1665–67–ին դարձյալ եղել է Կ. Պոլսի պատրիարք, իսկ 1670–72–ին` Աղթամարի կաթողիկոս: Պատրիարքության տարիներին կազմակերպել է Մահտեսի Մուրատ Բաղիչեցու առաքելությունը (1666) Ֆրանսիա` հայ–հունական միացյալ ապստամբություն բարձրացնելու և Ֆրանսիայի աջակցությունը ապահովելու ծրագրով: 1678– 1680–ին ուղևորվել է Եթովպիա` հավանաբար ապահովելու վերջինիս մասնակցությունը Լյուդովիկոս XlV–ի ձեռնարկած հակաթուրքական կոալիցիային: Թողել է Եթովպիա կատարած ուղևորության նկարագրությունը: 1682–83–ին Փարիզում պաշտոնական տեսակցություններ է ունեցել Հայաստանի ազատագրության և Մարսելի հայոց տպարանի հետ առնչվող հարցերով: Ենթադրվում է, ոը մասնակցել է «XIV խաչակրաց արշավանքի» կամ «Սրբազան լիգայի» մղած պատերազմներին:

Վ. Դիլոյան