Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԵՍ ՏԵՐԶՆՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՏԵՐԶՆՑԻ (ծն. 1540–ական թթ., հավանաբար` Բաղեշի Սալնաձոր գավառ– մահ. թ. անհտ.), հայ տպագրիչ, մատենագիր, քահանա: Մինչև 1570–ական թթ. վերջերը բնակվել է Ամիդ քաղաքում, ապա որդու` Խաչատուրի հետ մեկնել Հռոմ: Հալածվել, բանտարկվել է իտալ. իշխանությունների կողմից: 1583–ին Սուլթանշահ Աբգարյան Թոխաթցու թելադրանքով Իտալիայի հայերի ծանր կացության մասին նամակ է գրել Երուսաղեմի հայոց պատրիարք Դավթին: Հռոմում թարգմանել է Գրիգոր XIII պապի մշակած նոր տոմարի ուղեցույցը, 1584–ին տպագրել է այն (որդու և Սուլթանշահի օգնությամբ) «Տօմար Գրիգորեան» վերնագրով: 1586 1587–ին Վենետիկում պատվիրել է հայերեն նոր տպատառեր և Ծուան Ալբերտիի տպարանում լույս ընծայել Սաղմոսարան, որը հայ հին տպագրության կարևոր նմուշներից է (պատմական արժեքավոր աղբյուրներ են գրքի հիշատակարանները): 1587–ին Մարսելում հայերենի փոխադրել է միջնադարյան Եվրոպայում տարածված «Պատմութիւն Փարէզի և Վեննայի» (1966) ասպետական սիրավեպը: Ենթադրվում է, որ կաթոլիկական գործիչ Ղոփուզենց Հովհաննես Տերզնո եպիսկոպոսը (մահ 1630–ին) Հ. Տ. է:

Գրկ. Ջարբհանալյան Գ., Պատմություն հայկական տպագրության, Վնտ., 1895: Ալիշան Ղ., Հայապատում, Վնտ., 1901: Իշխանյան Ռ., Հայ գրքի պատմություն, հ. 1, Ե., 1977: Ռ. Իշխանյան