ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Դավիթ Բարսեղի (ծն. 6.1.1927, Բուխարեստ), հայ օպերային երգիչ (բարիտոն): ՌՍՀ վաստակավոր արտիստ (1952): 1947–ին սովորել է Բուխարեստի Չ. Պորումբեսկուի անվ. կոնսերվատորիայում, 1952–ին ավարտել Կլուժ–Նապոկայի «Գ. Դիմա» կոնսերվատորիան: 1950–ից` Կլուժ–Նապոկայի, 1958–ից` Բուխարեստի, 1968–77–ին` միաժամանակ Համբուրգի օպերային թատրոնների մեներգիչ: Հ. տիրապետում է ընդարձակ ձայնածավալի թավ, տպավորիչ ձայնի. կատարմանը բնորոշ է զուսպ առնականությունը, կերպարի խորը հոգեբանական մեկնաբանումը: Դերերգերից են` Տոնիո (Լեոնկավալլոյի «Պայացներ»), Մեֆիսաոֆել (Գունոյի «Ֆաուստ»), Ռիգոլետտո, Ամոնասրո (Վերդիի «Ռիգոլետտո», «Աիդա»), Սկարպիա (Պուչչինիի «Տոսկա»), Բորիս Գոդունով (Մուսորգսկու «Բորիս Գոդունով»), Օնեգին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Ֆիգարո (Ռոսինիի «Սևիլյան սափրիչ»), Մոսի Ա. Տիգրանյանի «Անուշ»–ի համերգային կատարում, «Կոմիտաս» երգչախմբի և նվագախմբի հետ, Կ. Զոբյանի (Սարո), Ա. Սվաճյանի (Անուշ) մասնակցությամբ, դիրիժոր` Կ. Հարությունյան, 1962: Գլուխգործոցը Էդիպ արքայի դերերգն է (Էնեսկուի «Էդիպ արքա»), որը Բուխարեստի օպերային թատերախմբի հետ հրավիրվել է կատարելու արտասահմանյան մի շարք բեմերում: Հյուրախաղերով եղել է Եվրոպայի բազմաթիվ քաղաքներում` վիեննա, Փարիզ, Համբուրգ, Մոսկվա, Լենինգրադ և այլուր: 1958–ից պարբերաբար ելույթներ է ունենում Երևանում` հանդես գալով նաև համերգային ծրագրով: Արժանացել է ՌՍՀ պետ. մրցանակի (1952), ինչպես և ձայնապնակի` Գրանպրի (1974, Փարիզ) ու 1–ին մրցանակի (1976, Տոկիո):
