Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Նար Միքայելի, ծն. 30.3(12.4).1913, Թիֆլիս, հայ սովետական երգիչ (բաս): ՍՍՀՄ ժող. արտիստ (1964): Նար–Դոսի որդին: 1941–ին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան (Ե. Ա. Վրոնսկու երգեցողության դասարան): 1931–37–ին` Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի խմբերգիչ, 1945–51–ին` մեներգիչ: 1951–ից` Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ: Նրա հնչուն, հյութեղ, հարուստ երանգավորումով ձայնը առանձնապես արտահայտիչ է ցածր ձայնածավալում: Դերասանական վառ տաղանդը, զուսպ, առնական խաղը հնարավորություն են ընձեռել կերտել երաժշտական–բեմական տպավորիչ կերպարներ` Դավիթ Բեկ (Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ»), Նադիր շահ (Սպենդիարյանի «Ալմաստ»), Ներսես, Հորհոր աղա (Չուխաճյանի «Արշակ Բ», «Լեբլեբիջի»), Դև Ենոք (Գ. Արմենյանի «Խորտակում»), Թորոս (Բաբանի «Արծվաբերդ»), Կոչուբեյ (Չայկովսկու «Մազեպա»), Կոնչակ (Բորոդինի «Իշխան իգոր»), Ջրաղացպան (Դարգոմիժսկու «Ջրահարս»), Դոն Բազիլիո (Ռոսինիի «Սևիլյան սափրիչ»), Ռամֆիս (Վերդիի «Աիդա»), Մեֆիստոֆել (Գունոյի «Ֆաուստ»), Օրովեզ (Բելլինիի «Նորմա»), Ցանգալա (Փալիաշվիլու «Դաիսի») ևն: 1954–63–ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Համերգներով հանդես է եկել ՍՍՀՄ քաղաքներում և արտասահմանում (Սիրիա, Լիբանան, ԿԺԴՀ, Բելգիա, Հունգարիա, ԱՄՆ, ԳԴՀ, Լեհաստան, Լյուքսեմբուրգ, Աֆրիկայի 9 երկրներ): ՀՍՍՀ IV գումարման Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Լենինի շքանշանով:

Ա. Բուդաղյան