ՀՍՀ/ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՀԱՆ ՊՈՂՈՍԻ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Վահան (Թովմաս) Պողոսի 1.9.1894, Նոր Շեն (այժմ` Ծղալթբիլա, Ախալցխայի գավառ)– 10.11.1977, Վենետիկ –Ս. Ղազար, հայ գրող, մանկավարժ, հոգևոր գործիչ: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1908–13–ին սովորել է Վենետիկի Մխիթարյանների մոտ, 1913–ին դարձել միաբանության անդամ: 1922–ին ավարտել է Հռոմի համալսարանի փիլ. ֆակ–ը: 1924–1926–ին դասավանդել է Մուրատ–Ռափայելյան վարժարանում, հետագայում եղել է նույն վարժարանի տնօրենը (1930–31), ավելի ուշ` տեսուչ (1957–60), 1929–1930–ին խմբագրել է «Բազմավեպ» ամսագիրը: 1931–37–ին եղել է ուսուցիչ Փարիզի Սամուել–Մուրադյան վարժարանում: 1937–41–ին ղեկավարել է Ադիս Աբեբայի (Եթովպիա) Գևորգյան հայկ. վարժարանի աշխատանքները: Իտալա–եթովպական պատերազմի ժամանակ անգլիացիների կողմից գերվել է Քենիայում (1941–47): 1947–ին Վենետիկում հիմնադրել է «Մխիթարյան ընտանիք» ամսագիրը, խմբագրել ընդհատումներով: 1948–56–ին եղել է Հալեպի Մխիթարյան վարժարանի տնօրենը: Բազմիցս այցելել է Սովետական Հայաստան: Հրատարակել է «Հայրենի կրակարան» (1930), «Սրտերու երգը. Վանքի ծաղիկներ» (1939), «Մարեմա–կան» (1954), «Հայրենի հող» (1962), «Մաշտոցական» (1963), «Հոգիներու հանգրվան» (1970) և այլ բանաստեղծական ժողովածուներ: Գրել է նաև վեպեր («Անիեն քար մը բեր», 1971, «Արգինայի զանգակները», 1971, «Լեռներու երգը», 1971 ևն): Սփյուռքահայ դպրոցների համար կազմել է «Պատմություն հայոց» բազմահատոր դասագիրքը`. Հեղինակել է «Տավրոսի առյուծը» (1960), «Դեպի Ավարայր» (1962), «Շուշան Վարդենի» դրամատիկական գործերը: Նրա բանաստեղծությունների մի ստվար հատոր տպագրվել է իտալ.: 1965–ին Հ. ընտրվել է վենետիկի ակադեմիայի իսկական անդամ:
Ս. Քոլանջյան
