ՀՍՀ/ՀՈՎՅԱՆ
ՀՈՎՅԱՆ Արմենուհի Սմբատի (7.11.1891, Թիֆլիս –1944), պրոֆեսիոնալ հեղափոխական: ՍՄԿԿ անդամ 1911–ից: Սովորել է Բաթումի գիմնազիայում, Օդեսայի համալսարանի ֆիզիկա–մաթեմատիկական ֆակուլտետում և Մոսկվայի էներգետիկայի ինստում: Հեղափոխական գործունեությունն սկսել է 1905–ից` մասնակցելով գիմնազիայում ստեղծված ս–դ. կազմակերպության աշխատանքներին: Օդեսայում ուսանելու շրջանում կապեր է հաստատել տեղի ս–դ. կազմակերպությանհետ, մասնակցել նրա աշխատանքներին: 1910–ին դասադուլին մասնակցելու համար ենթարկվել է հետապնդումների և հեռացել Օդեսայից: 1910–12–ին Թիֆլիսում Ե. Ստասովայի և Ս. Սպանդարյանի ցուցումներով շարունակել է հեղափոխական գործունեությունը: 1912–ին ձերբակալվել և աքսորվել է Սիբիր (Կանսկի գավառի Ագինսկոյե գյուղը), որտեղ միացել է Ս. Սպանդարյանի գլխավորած «Պրավդիստների» խմբակին: 1916–ին, հիվանդության պատճառով, տեղափոխվել է Մինուսինսկ, մասնակցել արհմիությունների և սովետների կազմակերպման աշխատանքներին: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո Ղրիմում մասնակցել է (1918) սպիտակ–գվարդիականների դեմ մղվող մարտերին: 1918–ի վերջին մեկնել է Մոսկվա, նշանակվել է Ղրիմի հեղկոմի լիազոր ներկայացուցիչ.: 1920–22–ին եղել է Ղրիմի մարզային կոմիտեի հայկ. սեկցիայի քարտուղարը: 1922–28–ին կուսակցական–սովետական աշխատանք է տարել Մոսկվայի և Ղրիմի մարզային կոմիտեներում: 1931–1936–ին սովորել է Մոսկվայի էներգետիկայի ինստ–ում:
Ա. Ղուբասարյան
