Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ, XVII–XIX դդ. հայ նկարիչների ընտանիք: Տոհմի հիմնադիրը բանաստեղծ, նկարիչ և երաժիշտ Նաղաշ Հովնաթանն էր: Որդիներից Հակոբ Հ. (XVII դ. վերջ –1757) եղել է աշուղ, մանրանկարիչ և գեղանկարիչ: Նկարազարդել է «Քաղուածք Յավետարանաց»–ը (1720, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. N օ 8645): Հեղինակ է հաստոցային նկարների («Սանդուխտ կույսը», 1727, «Թադևոս առաքյալը», «Ղազարոսի հարությունը», երկուսն էլ` 1729, «Ասավածամոր յոթ վերքը», 1729, բոլորը` Հայաստանի պետ. պատկերասրահ, Երևան): Մեծ ուշադրություն է դարձրել մարմնաձևերի կերպավորմանը և մանրամասների նյութական վերարտադրմանը: Մյուս որդին` Հարություն Հ. (Հարություն Շոռոթեցի, ծն. և մահ. թթ. անհտ.), առավել հակված է եղել դեպի դեկորատիվ գեղանկարչությունը (ձևավորել է Գրիգոր Տաթևացու «Քարոզգիրքը», 1731, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. No 2162): Հակոբ և Հարություն Հ–ները միասին նկարազարդել են մի Հայսմավուրք (1725–30 թթ., Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. No 1522), որտեղ թողել են նաև իրենց ստորագրությունները, ձևավորել Ապրակունիսի Ս. Կարապետ վանքը (1740), Էջմրածնի վանքի Ղազարապատ հյուրանոցը (1741), Վեհարանը: Հակոբ Հ–ի որդին էր Հովնաթան Հովնաթանյանը: Տոհմի չորրորդ սերնդի շնորհալի ներկայացուցիչն էր Մկրտում Հ. (1779, Թիֆլիս – 1845 46, Թիֆլիս), որը դիմանկարիչ էր, ուներ արվեստանոց, աշակերտներ: Պահպանվել են կաթողիկոս Եփրեմի, Ս. Խ. Գուրգենբեկյանի դիմանկարները (Հայաստանի պետ. պատկերասրահ), հայ թագավորների դիմանկարների շարքը (Հայաստանի պետ. պատկերասրահ և Էջմիածնի վանքի Վեհարան): Ինչպես այս աշխատանքներում, նույնպես և Թիֆլիսի Նորաշենի եկեղեցու նկարազարդումներում (1834–35) առկա են կլասիցիզմի որոշակի տարրեր, որոնք ժամանակի գեղագիտական ճաշակի արտահայտություններ են: Մկրտում Հ–ի որդիներն էին Հակոբ Հովնաթանյանը և Աղաթոն Հ. (1816, Թիֆլիս –1893, Պետերբուրգ), որը դիմանկարիչ էր, գրաֆիկ: 1843–ին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, սովորել Կ. Բրյուլլովի արվեստանոցում: Որպես նկարիչ աշխատել է Պետերբուրգի ձիաբուծական պետ. վարչությունում, ստացել կոլեգիական խորհրդականի աստիճան: Հիմնականում զբաղվել է գրաֆիկայով, վիմագրել այլ նկարիչների գործեր, այդ թվում` Հակոբ Հ–ի գեներալ Զասի (1836), Մ. Ս. Վորոնցովի (1849) դիմանկարները, Ա. Ի. Շառլեմանի «Հիշողություններ պաժերի կորպուսի մասին» գծանկարների ալբոմը (1859), Ի. Կելլերի «Ա. Մ. Գորչակովի դիմանկարը» (1869), Մ. Սալտիկով–Շչեդրինի «Նահանգական ակնարկներ» գրքի համար Մ. Բաշիլովի կատարած գծանկարը (1870) ևն: Հովնաթանյան նկարիչների տոհմը նոր աստիճանի է բարձրացրել հայ կերպարվեստը: Խարսխված լինելով հայկ. միջնադարյան արվեստի վրա, յուրացնելով հարևան ժողովուրդների մշակույթներից իրենց գեղարվեստական ընկալումներին հոգեհարազատ տարրեր, դրանք զուգակցելով նոր ժամանակների հայ արվեստի պահանջներին` Հ–ները կարողացել են սկզբնավորել հայկ. գեղանկարչության մի շարք ժանրեր, ստեղծել արտահայտչականության գաղափարա–գեղարվեստական որոշակի կանոններ, որոնք օրինակելի են դարձել ժամանակի կովկասյան գեղանկարչության համար:

Գրկ. Չոպանյան U., Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը, Փարիզ, 1910: Ակինյան Ն., Հովնաթան Նաղաշ և Նաղաշ Հովնաթանյանք և իրենց բանաստեղծական և նկարչական աշխատաթյունք, Վնն., 1911 Հովսեփյան Գ., Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության, պրակ 4, Անթիլիաս, 1951: Ղազարյան Մ., Հայ կերպարվեստը XVII–XVIII դարերում, Ե., 1974: Լևոնյան Գ. Հովնաթանյան Նաղաշները հայ նկարչության պատմության մեջ, «Խորհրդային արվեստ», 1938, No 1, 2, 4: Казарян М., Художники Овнатаняны, М., 1968. Ս. Ղազարյան