ՀՍՀ/ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԳՐԻԳՈՐԻ
ՀՈՎՍԵՓՅԱՆ Արտաշես Գրիգորի, ծն. 16(29).8.1910, Ելիզավետպոլի նահանգ, գ. Բանանց, հայ սովետական ռեժիսոր: Ադրբ. ՍՍՀ (1940), ՀՍՍՀ (1960), Դաղստանի ԻՍՍՀ (1967) արվեստի վաստ. գործիչ, պրոֆեսոր (1968): ՍՄԿԿ անդամ 1940–ից: 1934–38–ին սովորել է Մոսկվայի թատերական ինստ–ում: 1928–34–ին եղել է Բաքվի հայկ. թատրոնի դերասան և ռեժիսորի օգնական, 1938–49–ին` գլխավոր ռեժիսոր: Բեմադրել է Ա. Գուլակյանի «Արշալույսին», Ա. Բարսեղյանի «Կամո», Ա. Կապլերի և Տ. Զլատոգորովայի «Լենին», Ա. Յուժին–Սումբատովի «Դավաճանություն», Ջ. Ջաբարլիի «1905 թվականին», Շիրվանզադեի «Պատվի համար» և այլ պիեսներ: 1951–60–ին աշխատել է Ստեփանակերտի, Լենինականի և Երևանի Ստանիսլավսկու անվ. թատրոններում: Հ–ի արվեստին բնորոշ են միզանսցենների հստակ, արտահայտիչ, դինամիկ դրվածքը: 1960–ից Երևանի գեղարվեստաթատերական ինստ–ի դերասանի վարպետության ամբիոնի վարիչն է: Հեղինակ է մի շարք թարգմանությունների: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
Գրկ. Կագրամանով Ն., Արտաշես Հովսեփյան. 1973: Բ. Հովակիմյան
