ՀՍՀ/ՀՈՎՍԵՓՅԱՆ ՀԱՅԿ
ՀՈՎՍԵՓՅԱՆ Հայկ Ալեքսանդրի (19.1.1891, գ. Բաշկադըքլար, Կարսի մարզ –1937), սովետական կուսակցական և ռազմական գործիչ, 2–րդ կարգի բանակային կոմիսար: ՍՄԿԿ անդամ 1913–ից: Ավարտել է Լազարյան ճեմարանը (191 J), սովորել Մոսկվայի համալսարանի բժշկ. ֆակուլտետում: Հեղափոխական գործունեությունն սկսել է ուսանողական շրջանից: 1914 18–ի առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է կովկասյան ռազմաճակատում, որտեղ ընտրվել է ՌՍԴԲ(բ)Կ Կովկասյան կազմակերպությունների երկրային I համագումարի (1917) պատգամավոր: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո աշխատել է (1918–1920) ՌՍՖՍՀ ազգությունների և առողջապահության կոմիսարիատներում: 1921–ին գործուղվել է Հայաստան և ընտրվել ՀԿ(բ)Կ Ալեքսանղրապոլի (Լենինական) գավառային կոմիտեի քարտուղար: 1922–ին նշանակվել է հայկ. Հրաձգային դիվիզիայի կոմիսար և քաղբաժնի պետ: 1925–27–ին եղել է Կովկասյան կարմրադրոշ բանակի քաղ. վարչության պետի տեղակալ: 1927–ին ընտրվել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար: Մեկ տարի անց նշանակվել է Մերձվոլգյան զինվորական օկրուգի քաղ. վարչության պետի տեղակալ: 1929–37–ին ղեկավար աշխատանք է տարել կարմիր բանակի գլխավոր քաղ. վարչությունում (բաժնիպետ, վարչության պետի տեղակալ, առաջին տեղակալ): Եղել է ՍՄԿԿ Х III–XV համագումարների պատգամավոր, ՀԿ(բ)Կ Կենտկոմի և նրա բյուրոյի, Անդրերկրկոմի, Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի անդամ: Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով:
Գրկ. Ֆոնարկա Բ. Ե., Կոմիսարի կյանքը, Ե., 1966: Մ. Նալբանդյան
