Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՍԵՓ ԳԵՆԵՍԻՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՍԵՓ ԳԵՆԵՍԻՈՍ (մոտ X դ.), բյուզանդական մատենագիր. Ֆ. Հիրշի կարծիքով, Հ. Գ. հայազգի Կոստանդին անունով մի գործչի որդի է: Կոստանդին VII Ծիրանածինի հրամանով 945 959–ին գրել է «Թագավորոլթյանց» (հայ. հրտ. «Գիրք թագավորաց», 1834) երկը, որը պահպանվել է XI– XII դդ. մի ձեռագրում և հեղինակի անուն չի կրում (ուշ ժամանակի մի գրիչ լուսանցքում գրել է «Գենեսիոսի», այդ պատճառով էլ երկի հեղինակը պայմանականորեն կոչվել է Գենեսիոս): Երկը բովանդակում է Լևոն V Հայկազնի (813–820), Միքայել II–ի (820–829), Թեոփիլոսի (829–842), Միքայել III–ի (842–867) և Վասիլ I–ի (867–886) թագավորությունների պատմությունը: Որպես աղբյուր Հ. Գ. օգտվել է անցյալի շարադրանքներից, ավագ սերնդի մարդկանցից քաղած տեղեկություններից, ժող. ավանդություններից: Նա օգտագործել է Նիկեփոր և Իգնատիոս պատրիարքների վարքերը, Գեորգ Վանականի ժամանակագրությունը: Հ. Գ–ի երկը արժեքավոր աղբյուր է Բյուզանդիայի IX դ. պատմության, այդ շրջանի բյուզանդա–արաբական և բյուզանդա–բուլղարական հարաբերությունների ու պատերազմների, պատկերամարտության վերջին շրջանի, ինչպես նաև հայ–բյուզանդական հարաբերությունների և, հատկապես, IX դ. Բյուզանդիայում հայերի խաղացած դերի ուսումնասիրման համար:

Հ. Բարթիկյան