Jump to content

ՀՍՀ/ՀՈՎՍԵՓ ԴԻՆԻԲԵԿՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՎՍԵՓ ԴԻՆԻԲԵԿՅԱՆ Խատինի (ծն.և մահ. թթ. անհտ.), XVIII դարի 2–րդ կեսի հայ դիվանագետ, ճանապարհորդ, ազատագրական շարժման մասնակից: Հինգ–հարյուրապետի կոչումով ծառայել է Հերակլ II (1744–98), Գեորգի XII (1798–1800) վրաց թագավորների արքունիքներում, պաշտոնական ուղևորություններ կատարել Իրաք, Հնդկաստան և այլուր: Հ. Գ–ի միջոցով Հերակլ II, Հայոց կաթողիկոսներ Հակոբ Ե Շամախեցին (1759–1763) ու Սիմեոն Ա Երևանցին (1763–80) նամակագրական կապ են պահպանել հայ ազատագրական շարժման գործիչ Շահամիր Շահամիրյանի (1723–97) հետ: 1782–ին Հ. Դ. Էջմիածին է բերել վերջինիս պատվերով 1778–ին Վենետիկում տպագրված «Աշխարհացոյց Հայաստանեայց»–ը, որը նախատեսված էր ծառայելու հայ ազատագրական շարժմանը, ապա Հնդկաստան, Շահամիր Շահամիրյանին է հասցրել նրան իշխանական կոչում շնորհելու Հերակլ II–ի 1786–ի հրովարտակը:

Գրկ. Գրիգորյան Վ. Ռ., Նոր տեղեկություններ Հովսեփ Դենիբեկյանի մասին, «ՊԲՀ», 1979, No 1: Վ. Գրիգորյան