ՀՍՀ/ՀՈՎՎԻ ԵԿԵՂԵՑԻ
ՀՈՎՎԻ ԵԿԵՂԵՑԻ (Նախրչու ժամ), գտնվում էր Անիի հյուսիսային արվարձանում, Սմբատյան պարիսպներից դուրս, Ավագ դռնից 1,5 կմ հեռու: Վերագրվում է X–XI դդ.: Ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորչի տաճարի նմանությամբ կառուցել է մի հովիվ, որի կինը արքայական փառաշուք տաճարի մեջ աղոթելու անարժան համարվելով` վռնդվել է այնտեղից: Հ. ե. եղել է աստղաձև հատակագծով ու եռահարկ ծավալատարածական հորինվածքով փոքր չափերի եզակի շինություն: Առաջին հարկը ծառայել է որպես դամբարան, երկրորդում գտնվել է պատարագի սեղանը` հարավակողմի խորհրդանոցով կամ սկիհի պահարանով: Գմբեթն ունեցել է կոնաձև ծածկ: Երկու բոլորակ աստիճաններով խարսխի վրա տեղադրված եկեղեցու հատակագիծը ներկայացրել է բարդ գծանկար, վեցթև աստղը ներգծված էր 12 եռանկյունաձև ու 6 կիսաշրջան որմնախորշերով կտրված արտաքին պարագծի մեջ: Երկրորդ և երրորդ հարկերի բեռը կրում էին վեց սլացիկ որմնասյունախուրձերից դեպի կենտոոն ձգվող, առանց հենարանի, կախովի վեց կիսակլոր ջլակամարներ, որոնց կրունկները խտանալով` կենտրոնում ամրացված էին երկարաձիգ փականային քարով: Կիսավեր Հ. ե–ու չափագրությունն ու վերակազմության նախագիծը կատարել է Թ. Թորամանյանը, որը Զվարթնոցի տիպի այդ փոքրիկ եկեղեցին համարել է միջնադարյան հայ ճարտարապետության պսակը, «որն իր նախորդը չունենալեն զատ, իր հետնորդը հազիվ ունեցավ 15–րդ և 16–րդ դարերու գոթական արվեստին մեջ, այն ալ փայտի և երկաթի աջակցության շնորհիվ» Յու. Բալտրուշայտիսի կարծիքով Հ. ե. ջլակամարներով ծածկված ամենահին հայկ. կառույցն է: Լիովին ավերվել է 1970–ին:
Գրկ. Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ.1 – 2, Ե., 1942– 48: Վ. Հարությունյան
