Jump to content

ՀՍՀ/ՀՈՐԴԱՆԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՐԴԱՆԱՆ, Հորդանանի Հաշիմյան թագավորություն (Ալ Մսմլյաքա ալ Ուրդունիա ալ Հաշիմիա), պետություն Մերձավոր Արևելքում: Սահմանակից է Սիրիային, Իրաքին, Սաուդյան Արաբիային, Իսրայելին: Հվ–արմ–ում ողողվում է Կարմիր ծովի Աքաբայի ծոցի ջրերով: Տարածությունը 95,4 հզ. կմ² է (1967–ից Իսրայելը օկուպացնում է Հորդանան գետից արմ. 6,6 հզ. կմ²), բնակչությունը` 2,9 մլն (1979, այդ թվում` շուրջ 0,76 մլն Իսրայելի օկուպացրած տարածքում): Մայրաքաղաքը` Ամման: Վարչականորեն բաժանված է 8 նահանգի (լիվայի):

Պետական կարգը: Պետության գլուխը թագավորն է, ունի լայն լիազորություններ– նշանակում և ազատում է պրեմիեր մինիստրին, մինիստրներին, հաստատում է օրենքներ, միաժամանակ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է: 1974–ին թագավորը արձակել է օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը` երկպալատ ազգային ժոողովը, չեղյալ համարել 1952–ին ընդունված սահմանադրությունը:

Բնությունը: Հ–ի մեծ մասը 500–1500 մ բարձրության սարահարթ է (ամենաբարձր կետը` 1764 մ, Ռամ լեռ): Հ–ի արմ–ում միջօրեականի ուղղությամբ անցնում է Գհոր տեկտոնական խոր իջվածքը և նրա շարունակությունը հանդիսացող Վադիալ Արաբան: Գհոր իջվածքում է Հորդանան գետի հովիտը, անհոսք Մեռյալ ծովը (մակարդակի նիշը` –395 մ): Կան ֆոսֆորիտների, կալիումական աղերի (Մեռյալ ծովում), պղնձի հանքավայրեր: Կլիման մերձարևադարձային է, չոր: Հունվարի միջին ջերմաստիճանը 8–14 С է, հուլիսինը` 24–30°C, տեղ–տեղ` երբեմն մինչև 50°C: Արմ. բարձրադիր մասերում տեղումների տարեկան քանակը 500–700 մմ է, արլ–ում և Գհոր իջվածքում` տեղ–տեղ 100 մմ–ից էլ պակաս: Մշտահոս գետերը քիչ են: Բուսականությունն արմ–ում միջերկրածովյան է, արլ–ում` կիսաանապատային և անապատային: Բնորոշ կենդանիներն են վիթը, բորենին, անապատային աղվեսը: Կան թռչունների շատ տեսակներ և սողուններ:

Բնակչությունը: 95–ից ավելին արաբներ են: Ապրում են նաև չերքեզներ, հայեր, քրդեր, հույներ: Պետական լեզուն արաբերենն է, կրոնը` սուննայական աղանդի իսլամը: Պաշտոնական տոմարը լուսնային հիջրան է, օգտագործվում է նաև գրիգորյանը: Բնակչության զգալի մասը դեռ վարում է քոչվորական և կիսաքոչվորական կյանք: Բնակիչների մեծ մասը կենտրոնացած է Հորդանանի հովտում: Խոշոր քաղաքներն են Ամմանը (շուրջ 850 հզ. բն., 1979), Էզ–Զարկան, Իրբիդը: Պատմական ակնարկ, ժամանակակից Հ–ի տարածքում հնագույն ժամանակներում բնակվել են քանանացիեերի սեմական ցեղեր: Մ. թ. ա. I հազարամյակում Հ–ի տարածքի մի մասը մտել է Իսրայելի և Հուդայի թագավորոլթյունների մեջ: Մ. թ, ա. I հազարամյակի վերջից այստեղ հիմնվել է հին արաբ. վաղ դասակարգային Նաբաթեա թագավորությունը, որը մ. թ. II դ. նվաճվել է Հռոմից: IV դարից Հ–ի տարածքը գտնվել է Բյուզանդական կայսրության կազմի մեջ, VII դ. նվաճել են արաբները: Աստիճանաբար այստեղ տարածվել են արաբերենը և մահմեդականությունը: XI– XV դդ. Հ–ի տարածքն ասպատակել են խաչակիրները, սելջուկները, մամլուքները: XVI դ. սկզբից մինչև 1918–ը եղել է Օսմանյան կայսրության կազմում: Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) ժամանակ Հ–ի տարածքի մեծ մասը թուրքերից ազատագրել են արաբ, ապստամբական ջոկատները: Պատերազմից հետո մտել է Պաղեստինի բրիտ. մանդատի մեջ: 1921–ին հռչակվել է Անդրհորդանանի ամիրայության (Հորդանան գետից արլ.) ստեղծումը Հաշիմյան ամիրա Աբդալլահի գլխավորությամբ, որի համար Մեծ Բրիտանիան մանդատ է ստացել 1922–ին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամիրայության տարածքը եղել է Անգլիայի ռազմ. հենակետերից մեկը: 1946–ին Մեծ Բրիտանիան հրաժարվեց Անդրհորդանանի մանդատից և այն ճանաչեց անկախ պետություն: 1946–ին երկիրը կոչվեց Հ., ամիրա Աբդալլահը դարձավ Հ–ի թագավոր: 1948–49–ի արաբա–իսրայելական պատերազմի հետևանքով Հ–ին միացվեցին Պաղեստինի կենտրոնական շրջանները Հորդանան գետի արմ. ափը, ներառյալ Նաբլուս, Բեյթ Լահմ (Բեթղեհեմ) քաղաքները, Երուսաղեմի արլ. մասը, որոնք 1950–ին պաշտոնապես մտցվեցին Հ–ի կազմի մեջ: Հ–ում ապաստանեցին ավելի քան 500 հզ. իսրայելցի արաբ գաղթականներ: 1951–ին Աբդալլահ թագավորը սպանվեց, գահ բարձրացավ որդին` Թալալը, իսկ 1958–ին վերջինիս փոխարինեց նրա որդին` Հոլսեյն I: 1950–ական թթ. սկզբին Հ–ում նկատվեց քաղ. կյանքի աշխուժացում: 1952–ի հունվարին մտցվեց նոր սահմանադրություն: Հ–ի կոմկուսի (հիմնվել է 1943–ին) նախաձեռնությամբ 1954–ին ստեղծվեց հայրենասիրական Ազգային ճակատ (Աճ), որի մեջ մտան առաջադիմական մի շարք կազմակերպություններ: 1950–ի հոկտեմբերին պառլամենտական ընտրություններում հաղթանակ տարավ առաջադիմական ուժերի բլոկը: Իշխանության գլուխ անցավ ազգային–սոցիալիստական կուսակցության (հիմն. 1954–ին) պարագլուխ Ա. Նաբուլսին, որի կառավարությունն սկսեց իրականացնել դեմոկրատական վերափոխումներ: 1957–ին Մեծ Բրիտանիան իր զորքերը դուրս բերեց Հ–ից: 1957–ի ապրիլին հետադիմական ուժերի ճնշման տակ Ս. Նաբուլսիի կառավարությունը հրաժարական տվեց: Երկրում մտցվեց ռազմ. դրություն, արգելվեց քաղ. կուսակցությունների գործունեությունը: 1960–ական թթ. Հ–ի արտաքին ու ներքին քւսդաքականության մեջ դրական տեղաշարժեր կատարվեցին: 1963–ին Հ. դիվանագիտական հարաբերություններ հաստատեց ՍՍՀՄ–ի, ապա նաև սոցիալիստական այլ երկրների հետ: 1967–ին Իսրայելի ագրեսիայի հետևանքով (տես Իսրայելի ագրեսիան ընդդեմ արաբական երկրների 1967) Հ. կորցրեց 6,6 հզ. կմ² տարածություն (Հորդանան գետից արմ.): Հորդանան գետի արլ. ափն անցան շուրջ 300 հզ. պաղեստինցի նոր գաղթականներ: 1960–աան թթ. վերջից Հ–ի տարածքում գործում էին պաղեստինյան դիմադրության շարժման զինված ջոկատներ: 1971–ին, երբ զորքերը վերացրին պաղեստինցիների ռազմ. բազաները, այդ ջոկատները հեռացան Հ–ից: 1972–ի մարտին Հուսեյն I թագավորը առաջ քաշեց «Միացյալ Արաբական թագավորություն» (ՄԱԹ) ստեղծելու ծրագիր: ՄԱԹ–ի մեջ մտնելու էին Հ–ի հս–արմ. շրջանները: Այդ ծրագիրը մերժեց արաբ. երկրների մեծ մասը, գտնելով, որ դա ուղղված է Պաղեստինյան դիմադրության շարժման դեմ: Հ–ի և արաբ. մի շարք երկրների միջև տարաձայնություններ առաջացան Մերձավոր Արևելքի հարցի կարգավորման կապակցությամբ: Սակայն 1975–ից աստիճանաբար բարելավվեցին Հ–ի և արաբ. մյուս երկրների փոխհարաբերությունները, առանձնապես Հ–ի և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև (1975–76–ին կնքվեցին փոխշահավետ համաձայնագրեր): Հ. հանդես է գալիս մերձավոր–արևելյան ճգնաժամի համապարփակ քաղ. կարգավորման օգտին: 1978–ին Հ. մի շարք համաձայնագրեր կնքեց ՍՍՀ–ի, Իրաքի, Քուվեյթի, Լիբիայի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: 1967–ին և 1969–ին Հ–ի և ՍՍՀՄ–ի միջև կնքվել են մշակութային, առևտր., տնտ. և տեխ. համագործակցության համաձայնագրեր: 1978–ի հոկտեմբերին ՍՍՀՄ–ում ստեղծվել է ՍՍՀՄ–Հորդանան բարեկամության ընկերություն: Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները: 1957–ից Հ–ում քաղ. կուսակցությունների գործունեությունը արգելված է: Հորդան անի կոմունիստական կուսակցություն, հիմնվել է 1943–ին, գործում է ընդհատակում: Հորդանանի արհմիությունների համընդհանուր ֆեդերացիա, ստեղծվել է 1954–ին, մտնում է ԱՀՖ–ի մեջ: Տնտեսա–աշխարհագրական ակնարկ: Հ. թույլ զարգացած ագրարային–անասնապահական երկիր է: Արդյունաբերությունն սկսել է զարգանալ միայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Երկրի տնտեսությունը խիստ տուժել է 1967–ի իսրայելյան ագրեսիայից: Իսրայելի օկուպացրած շրջանների բաժինը երկրի համախառն ազգային արտադրանքում 1966 67–ին կազմում էր շուրջ 38: Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է, որին բնորոշ է համեմատաբար խոշոր կալվածատիրական հողատիրությունն ու մանր գյուղացիական հողօգտագործումը: 1960–ական թթ. գյուղում առաջացել են արտադրական և վաճառահանման գյուղատնտ. կոոպերատիվներ: Հողի մշակման տեխնիկան պրիմիտիվ է: Հողագործական գլխավոր շրջանը Հորդանանի հովիտն է: Մշակում են ցորեն, գարի, բակլազգիներ, բանջարա–բոստանային կուլտուրաներ, ձիթենի, խաղող, ցիտրուսայիններ: Անասնապահությունն էքստենսիվ է: 1976–ին կար 946,3 հզ. գլուխ մանր, 38,5 հզ. գլուխ խոշոր եղջերավոր անասուն ե 14,2 հզ. ուղտ: Արդյունաբերությունը թույլ է զարգացած: Առաջատար ճյուղերի գործունեությունը վերահսկում է պետությունը: Արդ. արտադրանքի հիմնական տեսակներ են ֆոսֆորիտները, ցեմենտը, նավթամթերքները, թուղթը, սև մետաղների գլոցվածքը, էլեկտրաէներգիան, բամբակե գործվածքները, կուտակիչները: Արդ. ձեռնարկությունների մոտ 70 –ը կենտրոնացած է Ամմանում և նրա շրջակայքում:

Տրանսպորտը: Երկաթուղիների երկարությունը 478 կմ է (1978), ավտոճանապարհներինը` 8,7 հզ. կմ: Միակ ծովային նավահանգիստը Աքաբան է: Օդային հաղորդակցություն ունի շատ երկրների, այդ թվում` ՍՍՀՄ–ի հետ (Մոսկվա– Երևան–Ամման): Հ–ով անցնում է 2 նավթամուղ` Քիրքուք (իրաք)–Հայֆա (Իսրայել) (1948–ից չի գործում) և Դահրան (Սաուդյան Արաբիա) –Սայդա (Լիբանան): Արտաքին առևտրի մեջ 1977–ին արտահանումը կազմել է 82,1, ներմուծումը` 454,4 մլն դինար: Արտահանում է ֆոսֆորիտներ, մրգեր, բանջարեղեն, քիմ. ապրանքներ, ցեմենտ ևն, ներմուծում` սպառողական ապրանքներ, մեքենաներ և սարքավորում, հումք են: Գլխավոր գործընկերներն են Սաուդյան Արաբիան, ՍՍՀ, Իրաքը, Հնդկաստանը, ԱՄՆ, ԳՖՀ, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան: Դրամական միավորը հորդանանյան դինարն է: 1 դինարը 2,95 դոլլարի: Բժշկա–աշխարհագրական բնութագիրը: 1970–75–ին Հ–ում ծնունդը կազմել է 1000 բնակչին 47,6, մահացությունը` 14,7, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին` 21,9: Երկրում տարածված են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները, տուբերկուլոզը, դեղնախտը, որոշ շրջաններում` մալարիան, տրախոման: Մանկական վարակիչ հիվանդություններից առավել հաճախ հանդիպում են քութեշը, կարմրուկը և կապույտ հազը: Առողջապահության գործը ղեկավարում է առողջապահության մինիստրությունը: Հիվանդանոցային օգնություն են ցույց տալիս 27 բուժ, հիմնարկներ` 1986 մահճակալով (10,7 մահճակալ` 10 հզ. բնակչին), որոնց 67,4-ը պետական է: 1974–ին Հ–ում գործել են ընդհանուր տիպի 19 հիվանդանոց, 6 ծննդատուն, տուբերկուլոզային 2 հիվանդանոց: Արտահիվանդանոցային օգնություն են ցույց տվել (1972) 12 պոլիկլինիկա, առողջապահական 11 կենտրոն, 309 դիսպանսեր, 30 բուժկետ և ստոմատոլոգիական 19 կաբինետ.

1974–ին Հ–ում աշխատել են 763 բժիշկ (230 բնակչին` 1 բժիշկ), 136 ստոմատոլոգ, 346 դեղագործ, 173 մանկաբարձ, 318 բուժքույր: Բժիշկներ է պատրաստում Հ–ի համալսարանին կից բժշկ. դպրոցը, միջին բուժանձնակազմ` եռամյա (բուժքույրեր) և երկամյա (մանկաբարձներ) դպրոցները:

Լուսավորությունը: 1952–ին հրապարակված օրենքով տարրական կրթությունը հայտարարվել է ձրի, պարտադիր, միջնակարգ կրթությունը վճարովի է: Կրթական համակարգը կազմված է տարրական (6–ամյա), ոչ լրիվ (3–ամյա) և լրիվ (3–ամյա) միջնակարգ դպրոցներից: Վերջինում մասնագիտանում են գյուղատնտեսության, տեխնիկայի և առևտրի ուղությամբ: 1966–ից միջոցներ են ձեռնարկվել վերացնելու անգրագիտությունը, գործում են մեծահասակ բնակչության երկամյա կուրսեր: Պրոֆեսիոնալ դպրոցները (3–ամյա) հիմնված են տարրական, մանկ. և գյուղատնտ. (2–ամյա) կոլեջները` միջնակարգ դպրոցի բազայի վրա: Բարձրագույն ուս. հաստատությունը Ամմանի համալսարանն է (բացվել է 1962–ին), որն ունի արվեստի, տնտեսագիտության և առևտրի, բնական գիտությունների ֆակուլտետներ: Ամմանում են գտնվում համալսարանի (21 հզ. գիրք), հանրային (30 հզ. գիրք) առավել խոշոր գրադարանները, Հ–ի հնագիտության (հիմնադրվել է 1923–ին) և Իսլամի թանգարանները: Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը: Հրատարակվում են «Ադ–Դուստուր» (արաբ., 1967–ից) թերթը և մի շարք գերատեսչական հանդեսներ ու շաբաթաթերթեր: Ռադիոհաղորդումները կառավարական են, 1959–ից, արաբ., անգլ. և եբրաերեն, հեռուստատեսությունը գործում է 1968–ից (արաբ, և անգլ.):

Գրականությունը: Մինչև XIX դ. զարգացել է արաբ. գրականության ընդհանուր հունով: XIX դ. վերջը նշանավորվել է Յուսեֆ Զեյ ադ դին ալ Խալիդիի (1829– 1906)., Նախլե Զարրիկի (1859–1921), Խալիլ Բեյդասի (1875–1949) և այլոց լուսավորական գործունեությամբ: XX դ. 1–ին կեսի պոեզիայում գերիշխել են ռոմանտիկան և սենտիմենտալիզմը (Իբրահիմ ադ Դաբբաղ, Իբրահիմ Տուկան, Սաիդ ալ Քյարամի): Իր ժամանակաշրջանի ազգային–ազատագրական գաղափարներն է արտահայտել Մուսթաֆա Վահբա ադ Տիլը (1899–1949): Սոցիալական բնույթ ունեն Իսկանդեր ալ Խուրի ալ Բայթաջալիի ստեղծագործությունները, Մուհամմեդ ալ Շարիկիի, Խուսնի Ֆարիզի և Մուայյադ Իբրահիմ ալ Իրանիի բանաստեղծությունները: Ազգային–ազատագրական շարժումն են արտացոլել երիտասարդ ռեալիստ գրողներ Մուայյադ Բասիսոն, Նազհաթ Սալյաման և ուրիշներ: Քնարերգությունը ներկայացված է Բուրհան ադ դին ալ Աբուշիի, Աբդալ–Քերիմ ալ Քյարմիի, Մահմուդ ալ Խուտի ստեղծագործությամբ: Արձակում առաջատարը նովելն է և պատմվածքը (Մահմուդ Սեյֆադդին ալ Իրանի, Մուհամմեդ Ադիբ ալ Ամրի): Հակաիմպեոիալիստական թեմայով են գրում բանաստեղծներ Մահմուդ Դերվիշը (ծն. 1942), Հարուն Հաշիմ Ռաշիդը և ուրիշներ:

Ճարտարապետությունը և կերպարվեստը: Հ–ի տարածքում պահպանվել են ուշ պալեոլիթի (Քիլվայի ժայռապատկերները), նեոլիթի (հնագույն քաղաք Երիքովում գտնված յուրատիպ դիմաքանդակներ` կավածեփ դեմքերով գանգեր), էնեոլիթի և բրոնզեդարյան (մեգալիթյան դամբարաններ, կավաշեն կացարաններ և պաշտամունքային շինություններ, խեցեղեն, ոսկերչական իրեր, գլիպտիկա ևն), մ. թ. ա. I հազարամյակի 1–ին կեսի (կնիքներ, Ամմանում հայտնաբերված քրմի քարե արձանիկ) հուշարձաններ: Մ. թ. ա. IV դարից Հ–ի հս–ում նկատելի է անտիկ արվեստի ազդեցությունը (Ֆիլադելֆիա, այժմ` Ամման, Գերաս, այժմ` Ջերաշ ևն): Առավել ուշագրավ են նաբաթեացիների (մ. թ. ա. III դ. վերջ –մ. թ. II դ. սկիզբ) կառույցները, Նաբաթեայի մայրաքաղաք Պետրայի ժայռափոր համալիրը ևն: Պահպանվել են նաև հռոմ. (II–III դդ.) և բյուզանդական (IV–VII դդ.) տիրապետության ժամանակների պաշտամունքային և բնակելի շինությունների ավերակներ: Օմայանների ժամանակաշրջանի (661– 750) արաբ. մշակույթի կառույցներից են` Երուսաղեմի Քուբբաթ աս Սախրա կենտրոնակազմ գմբեթավոր մզկիթը, նրբագեղ փորագրազարդումներով Մշատաա, խճանկարազարդ հատակով և պաննոյով Խիրբեթ ալ Մաֆջար, աշխատանքի և որսի տեսարանների որմնանկարներով Կուսեյր Ամրա դղյակները: XII դարից պահպանվել են խաչակիրների դղյակներ Էլ Կարակում և Էշ Շոբեկում, արաբ ամիրաների ամրոցներ, XIV դարից` Աքաբայի ամրոցը: Հետագա դարերից պլաստիկ արվեստների հուշարձաններ չեն պահպանվել: Հ–ի նոր շինարարությունը 1–4 հար–կանի, հարթ ծածկով բնակելի տներ են, ժամանակակից կոնստրուկցիաներով ու ձևերով վարչական շենքեր: Ժող. արվեստում տարածված է ոստայնանկությունը, երկրաչափական զարդերով ասեղնագործությունը, խեցեգործությունը, փայտե գաղտակուրու կաշվե առարկաների պատրաստումը:

Հայերը Հոոդանանում: Հայերը Հ–ի տարածքում բնակություն հաստատել են վաղ ժամանակներից: Սակայն Հ–ի հայ համայնքը ձևավորվել և ստվարացել է 1915–ի Մեծ եղեռնի ժամանակից, երբ բազմաթիվ գաղթականներ ապաստան գտան Հ–ում: 1948–ին Հ–ում հայերի թիվը շուրջ 6 հզ. էր, 1980–ին` 3 հզ.: Հ–ի հայերը, որոնք մեծ մասամբ արհեստավորներ են ու առևտրականներ, հիմնականում բնակվում են Ամմանում, կան նաև Իրբիդում, Էր Ռուսեյֆայում, Մաանում: Համայնքի համախմբմանը նպաստում են եկեղեցին, որի հոգևոր պետին նշանակում է Երուսաղեմի հայոց պատրիարքը, բարեգործական կազմակերպությունները, գործում են դպրոց, դրամատիկ ու պարի ինքնագործ խմբեր, երիտասարդական ակումբներ: Սերտ են կապերը հորդանանահայության և Սովետական Հայաստանի միջև: Բազմաթիվ հորդանանահայ երիտասարդներ գալիս են Հայաստան բարձրագույն կրթություն ստանալու: Վերապատրաստման և կատարելագործման նպատակով ամեն ամառ Երևան են ժամանում հայ մանկավարժներ, իսկ շատ դպրոցականներ իրենց հանգիստն են անցկացնում հայրենիքի առողջարաններում և պիոներական ճամբարներում: Հայկ. դպրոցն ու ակումբները հայրենիքից սիստեմատիկաբար ստանում են դասագրքեր, գրենական պիտույքներ, երաժշտական գործիքներ, գեղարվեստական գրականություն, թերթեր ու ամսագրեր: Տես նաև Երուսաղեմ, Հայերը Երուսաղեմում մասը:

Գրկ. Современная Иордания, М., 1964 Луцкий В. Б., Новая история арабских стран, М., 1965 Новейшая история арабских стран, М., 1968 Котлов Л. Н., Иордания в новейшее время, М., 1962 Гибб Х.А., Арабская литература, пер. с англ., М., 1960 Современная арабская литература, Сб. статей, пер. с араб., М., 1960 Кауфман С, А., Об архитектуре древнего арабского народа набатеев…, в кн.: Вопросы всеобщей истории архитектуры, сб. 1, М., 1961.