ՀՍՀ/ՀՈՐԴՈՐԱԿ
ՀՈՐԴՈՐԱԿ, աշխույժ, խանդավառ, գնայուն կամ նույնիսկ արագ ընթացքով կատարվող երգ: Ծագում է հայերեն «հորդոր» խոսքից, որն ինչպես երաժշտական եզր նշանակել է կատարման գնայուն կամ արագ ընթացք (տեմպ) և մոտավորապես համապատասխանել եվրոպական Allegro–ին (նրա միջնադարյան ըմբռնմամբ): Հ–ի ժանրը զարգացել է հայկ. հին գուսանական և քաղաքային երգ–երաժշտության մեջ` ներկայացնելով դանդաղ, «ծանր» կամ «քաշ» երգերին հաջորդող ու ժիր կշռույթով ե զվարթ տրամադրությամբ կերպարային հակադրություն ստեղծող կտոր: Որպես այդպիսին, Հ. հայկ. քաղաքային երաժշտության մեջ կենցաղավարում է նաև մեր օրերում: Հայտնի Հ. է, օրինակ, ժամանակակից «Սիրուհիս, քեզ համար» ծորերգին անմիջապես հետևող «Աղջիկ դու սիրուն» կայթոտ կտորը: Հայ հոգևոր երգարվեստում Հ. կարող է ավարտել երկու, երեք, չորս, երբեմն և ավելի համարներից բաղկացած երգաշարը: Առավել հաճախ հանդիպում է գանձարաններում` ամփոփելով գանձ–տաղ–մեղեդի շարքը: Հայ եկեղեցական երաժշտության մեջ նշանավոր է ջրօրհնեքի կանոնի «Այսօր ձայնն հայրական» Հ.:
Ն. Թահմիզյան
