Jump to content

ՀՍՀ/ՀՈՐԹԱԼԵԶՈՒ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՐԹԱԼԵԶՈՒ (Anchusa italica), գաղտրիկազգիների ընտանիքի երկամյա կամ բազմամյա փշոտ բույս: Արմատն առանցքային է: Ցողունը` 40–100 սմ բարձրությամբ, ուղիղ: Տերևները` օվալաձև կամ երկարավուն–նշտարաձև, ծաղկաբույլը` հուրան, ծաղիկները` խոշոր, կապտաերկնագույն: Պտուղը կազմված է չորս եռանիստ ընկուզիկներից: Աղբոտում է առվույտի, կտավատի, քունջութի, ցորենի, գարու, աշորայի, վարսակի, կորեկի ցանքերը, արոտավայրերը և խոտհարքները: Տարածված է միջերկրածովյան երկրներում, Ասիայում, իսկ ՍՍՀՄ–ում` եվրոպական մասի հվ–ում, Կովկասում և Միջին Ասիայում, ՀՍՍՀ–ում` ամենուրեք: Պայքարի միջոցները, ցանքերի քաղհան, խոզանի երեսվար, ցրտահերկ (աշնանավար), ցանքերի սրսկում հերբիցիդներով: