ՀՍՀ/ՀՈՐՄՈՆՆԵՐ
ՀՈՐՄՈՆՆԵՐ (հուն, շարժել, դրդել), ինկրետներ, կենսաբանորեն ակտիվ նյութեր, արտազատվում են ներզատիչ գեղձերից և անմիջապես անցնում արյան մեջ: «Հ.» տերմինն առաջարկել են անգլ. ֆիզիոլոգներ Ու. Բեյլիսը և Է. Ստարլինգը (1902): Արյան մեջ անցնելով` Հ. ազդում են օրգանների գործունեության վրա, ակտիվացնում կամ արգելակում ֆերմենտային պրոցեսները, փոփոխում կենսաքիմիական և ֆիզիոլոգիական ռեակցիաները: Հայտնի են մոտ 40 Հ., որոնց ըստ քիմ. բնույթի, կարելի է բաժանել 3 խմբի.
1. ստերոիդային (մակերիկամների կեղևի, սեռական գեղձերի Հ.),
2. սպիտակուցային և պոլիպեպտիդային (ինսուլին, աճման, գոնադոտրոպ Հ., ֆոլիկուլախթանիչ, լյուտեոտրոպ, ադրենոկորտիկոտրոպ, օքսիտոցին, գլյուկագոն ևն),
3. թիրոզին ամինաթթվի ածանցյալներ (թիրոքսին, ադրենալին, նորադրենալին, եռյոդթիրոնին ևն): Բույսերի մոտ նույնպես արտադրվում են կենսաբանորեն ակտիվ միացություններ (աուքսին, գիբերելիններ, կինիններ ևն), որոնց երբեմն անվանում են Հ.: Հ. չեն ազդում այն օրգանների վրա, որտեղ դրանք արտադրվում են: Հ. ունեն կարգավորող նշանակություն ածխաջրերի, ճարպերի և աղերի փոխանակության համար: Արագ քայքայվում են համապատասխան ֆերմենտներով, սակայն արտադրվում են անընդհատ և ապահովում նյութափոխանակության կայուն մակարդակը: Հ–ի արտազատման արագությունը փոփոխական է օրվա տարբեր ժամերին, տարվա եղանակներին, հղիության շրջանում ևն: Ողնաշարավոր կենդանիների հյուսվածքներում գոյանում են շատ ակտիվ միացություններ (հիստամին, սերոտոնին ևն), որոնք սակայն Հ. չեն, այլ պարահորմոններ կամ հիստոհորմոններ և հաճախ համախմբվում են հորմոնոիդների խմբում:
