Jump to content

ՀՍՀ/ՀՈՒԴԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՒԴԱՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, հուդայական կրոն, մ. թ. ա. I հազարամյակում Պաղեստինում առաջացած կրոն, տարածված է հրեաների մեջ: Հավատացյալների (հուդայականների) թվի մասին հավաստի վիճակագրություն չկա. հիմնականում կենտրոնացված են Իսրայելում և ԱՄՆ–ում: Հ–յան ձևավորումը և զարգացումը կապված է հրեա ժողովրդի սոցիալ–քաղաքական և մշակութային պատմության հետ: Ծագելով բազմաստվածության ձևով, մ. թ. ա. I հազարամյակում Հ. աստիճանաբար ձևափոխվել է միաստվածային կրոնի: Հ. հիմնական դոգմաները, այն ձևով, ինչպես ընդունվել են հետագայում, հաստատում է հավատը միասնական աստծու` Եհովայի նկատմամբ: Ըստ Հ–յան, իսրայելական ցեղերի և Եհովայի միջև կնքվել է «պայմանագիր» («կտակ»)` առաջիններն իբր պարտավորվել են չպաշտել այլ աստվածների և կատարել Եհովայի ցանկությունները, իսկ Եհովան` նրանց իշխանություն տալ Պաղեստինում: Հ. հաստատում է նաև հավատը ետմահու վարձատրության, մեսիայի գալստյան, աշխարհի վերջի մոտեցման և հանգուցյալների հարության մասին: Հ–յան պաշտամունքի մեջ կարևոր դեր ունեն ծեսերը, տոները և պասերը: Հրեական սփյուռքի ընդլայնման ընթացքում տաճարների ժամերգությունը փոխարինվել է ժողովարաններում (սինագոգա) կատարվող աղոթքային հավաքներով, որը ղեկավարում են կրոնական օրենքի ուսուցիչները` ռաբբիները (վերջիններս սովորաբար ղեկավարել են նաև կրոնական համայնքի անդամների քաղաքական–իրավական կյանքը): Հ–յան դավանաբանությունը շարադրված է Աստվածաշնչի Հին կտակարանում և Թալմուդում: Հ–յան ներսում առաջացել են տարբեր հոսանքներ և կրոնական խմբավորումներ (Հեսեները և Փարիսեցիք, մ. թ. ա. II– մ. թ. I դդ., միստիկ և ավանտյուրիստ Սաբատ Ցեվի շարժումը, XVII դ., հասիդիզմը, XVIII դ. ևն): XIX դ. 2–րդ կեսից Գերմանիայում, ԱՄՆ–ում և այլ երկրներում Հ., բուրժ. հասարակության պահանջներին հարմարեցնելու համար, ենթարկվել է ռեֆորմի (հիմնականում ծիսակարգային): Սակայն ուղղափառ Հ. մնում է հրեաների տիրապետող կրոնը: Այն Իսրայելի պաշտոնական կրոնն է, սիոնիզմի գաղափարական զենքերից մեկը: Հ., ինչպես և մյուս կրոնները, տիրապետող դասակարգերը դարձնում են աշխատավորների հոգևոր և սոցիալական ճնշման միջոց:

Գրկ. Տեր–Մինասյանց Ե., Կրոնների պատմություն, Էջմիածին, 1909, էջ 272–381: Իսայան Թ., Գիտական աթեիզմի հիմունքներ, Ե., 1972, էջ 89–107: Կոսիդովսկի Զ., Բիբլիական ավանդապատումներ, Ե., 1970: Ранович А., Очерк истории древнееврейской религии, М., 1937 Критика иудейской религии (Сб. ст.), М., 1962 Токарев С. А., Религия в истории народов мира, 3 изд., испр. и доп., М., 1976, с. 349–381.