Jump to content

ՀՍՀ/ՀՈՒԼԻՈՍ–ԿԼԱՎԴԻՈՍՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՒԼԻՈՍ–ԿԼԱՎԴԻՈՍՆԵՐ (Julii–Claudii), Հին Հռոմի կայսերական առաջին դինաստիան 14–68–ին (Օգոստոսի սերունդները` արյունակցական կապով կամ որդեգրմամբ): Ծագում էին Հուլիոսների և Կլավդիոսների հայտնի տոհմերից: Ներկայացուցիչներն էին Տիբերիոսը (14–37), Կալիգուլան (37–41), Կլավդիոսը (41– 54), Ներոնը (54–68): Հ–Կ. ձգտել են ամրապնդել պրինցիպատի համակարգը: Նրանց սոցիալական հենարանը հիմնականում բանակն էր, բյուրոկրատական ապարատը և պրովինցիաների արիստոկրատիան: Արտաքին քաղաքականությունն ուղղված էր կայսրության սահմանների ընդլայնմանը: Նրանց օրոք հռոմ. պրովինցիա են դարձել Վերին և Ստորին Գերմանիան (16), Կապադովկիան (17), Մավրիտանիան (40–45), Բրիտանիան, Լիկիան և Պամփիլիան (43), Թրակիան (46), կախման մեջ են ընկել Օլվիան, Խերսոնեսը, Բոսպորի թագավորությունը: Հ–Կ–ի կառավարման վերջին շրջանում կայսրությունն ապրում էր սոցիալ–տնտեսական, քաղ. ճգնաժամ: Արևելքում անհաջող պատերազմ մղվեց Հայաստանի և Պարթևաստանի դեմ (54–63, Հայաստանում վերականգնվեց պետականությունը), ապստամբություններ բռնկեցին Բրիտանիայում (61), Հուդայում (66–73), Գալիայում (68), որոնց հետևանքով և կործանվեց Հ–Կ–ի դինաստիան: