Jump to content

ՀՍՀ/ՀՈՒՄՈՐԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՒՄՈՐԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ (լատ. humor– հեղուկ), կենսագործունեության պրոցեսների կարգավորման մեխանիզմներից մեկը, որն իրականացվում է օրգանիզմի հեղուկ միջավայրի (արյուն, ավիշ, հյուսվածքային հեղուկ) միջոցով: Հ. կ–մանը նպաստում են բջիջների, հյուսվածքների և օրգանների կենսագործունեության ընթացքում արտազատվող կենսաբանորեն ակտիվ նյութերը` նյութափոխանակության արգասիքները, հորմոնները, իոնները ևն: Հ. կ. առաջնակարգ նշանակություն անի ստորակարգ կենդանիների համար: Առավել բարձրակարգ կենդանիների և մարդու մոտ այն ենթարկվում է նյարդային կարգավորմանը և նրա հետ կազմում միասնական համակարգ` նյարդահումորալ կարգավորում: Նյութափոխանակության արգասիքներն ազդում են ոչ միայն անմիջականորեն էֆեկտոր օրգանների, այլև զգացող նյարդային վերջույթների և նյարդային կենտրոնների վրա` առաջացնելով համապատասխան ռեակցիա: Օրինակ, եթե ծանր ֆիզիկական աշխատանքի հետևանքով արյան մեջ ավելանում է CO₂–ի պարունակությունը, ապա դրանից գրգռվում է շնչառական կենտրոնը, արագանում է շնչառությունը և CO₂–ի ավելցուկը հեռացվում է օրգանիզմից: Նյարդային ազդակների հաղորդումը քիմ. նյութերի` մեդիատորների միջոցով (հումորալ ճանապարհով) իրականանում է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգում: Օրգանիզմի հեղուկ միջավայրերի կենսաբանական ակտիվությունը պայմանավորված է կատեխոլամինների (ադրենալին, նորադրենալին ևն), ացետիլխոլինի, հիստամինի, սերոտոնինի և այլ կենսածին ամինների, որոշ պոլիպեպտիդների ու ամինաթթուների փոխհարաբերությամբ, իոնների, միկրոտարրերի պարունակությամբ, ֆերմենտային համակարգերի վիճակով ևն: Հումորալ–հորմոնային խանգարումները նախորդում են ֆիզիոլոգիական ֆունկցիաների փոփոխություններին կամ ախտաբանական երևույթների առաջացմանը: Հ. կ–ման հարցերով զբաղվում են Սովետական Հայաստանի մի շարք գիտահետազոտական հիմնարկություններում, հատկապես ՀՍՍՀ ԳԱ կենսաքիմիայի և Լ. Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստ–ներում:

Ա. Անդրեասյան