ՀՍՀ/ՀՈՒՅՆ–ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
ՀՈՒՅՆ–ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ (մ. թ. ա. 500–449), պատերազմներ Պարսկաստանի և իրենց անկախությունը պաշտպանող հին հունական քաղաքպետությունների (պոլիսների) միջև: Պարսկաստանը ձգտում էր զավթել Հունաստանը, ձեռք բերել նոր տիրույթներ և դրանով ամրապնդել իր իշխանությունը դեռևս Կյուրոս II Մեծի գրաված փոքրասիական հուն. պոլիսների վրա, տիրել Եգեյան ծովը և վերահսկել արևելամիջերկրածովյան առևտրական ճանապարհները: Պատերազմի առիթը Աթենքի և Էրետրիայի օգնությունն էր մ. թ. ա. 500–ին պարսից տիրապետության դեմ ապստամբած փոքրասիական հուն, պոլիսներին: Մ. թ. ա. 493–ին պարսկ. բանակը ճնշեց ապստամբությունը, իսկ մ. թ. ա. 492–ին Մարդոնիոսի գլխավորությամբ անցավ Հելլեսպոնտոսը` Հունաստան ներխուժելու համար: Սակայն պարսկ. նավատորմի մեծ մասը փոթորկից կործանվեց, և Մարգոնիոսը ստիպված էր ետ վերադառնալ` գրավելով միայն Թրակիան: Մ. թ. ա. 490–ի գարնանը պարսկ. բանակը Դատիսի և Արտափերնեսի գլխավորությամբ գրավեց Կիկլադյան կղզիների մեծ մասը` Եվբեա կղզին և ափ իջավ Մարաթոնի դաշտում: 490–ի սեպտեմբերին տեղի ունեցավ Մարաթոնի ճակատամարտը, որտեղ աթենացիների և պլատեացիների փոքրաթիվ ուժերը Միլտիադեսի հրամանատարությամբ հաղթեցին պարսիկներին: Տասնամյա ընդմիջման ընթացքում Թեմիստոկլեսի նախաձեռնությամբ Աթենքում ստեղծվսց ուժեղ նավատորմ: Պարսից արքա Քսերքսես I իր հերթին պատրաստվում էր նոք արշավանքի: Մ. թ. ա. 480–ին պարսկ. բանակը (որի կազմում կային հայկ. ջոկատներ, Հերոդոտոս, VII, 73) Քսերքսեսի գլխավորությամբ, գրավելով Թեսալիան, անցավ հույների պաշտպանած Թերմոպիլե լեռնանցքով, ամայացրեց Բեովտիան, Ատտիկան և ավերեց Աթենքը: Սակայն պարսկ. նավատորմը Սալամինի ծովամարտում ծանր պարտություն կրեց: Պարսկ. զորքերը նահանջեցին Թեսալիա: Մ. թ. ա. 479–ի գարնանը պատերազմական գործողությունները վերսկսվեցին: Հույները Պլատեայի մոտ (Բեովտիայում) ջախջախեցին պարսիկների ցամաքային ուժերը, իսկ Միկալե հրվանդանի մոտ (Հոնիայում)` նավատորմը: Պարսիկները հարկադրված թողեցին Հունաստանի տարածքը, իսկ հույները ռազմ. գործողությունները տեղափոխեցին Եգեյան ծով և Փոքր Ասիա: Մ. թ. ա. 478–ին Աթենքի և ազատագրված կղզիների ու փոքրասիական հուն. պոլիսների միջև կնքվեց հակապարսկական ռազմ. միություն, որի կենտրոն հայտարարվեց Դելոս կղզին: Այդ միությունը կոչվեց Դելոսյան կամ Աթենական 1–ին ծովային միություն: Մ. թ. ա. V դ. 70–60–ական թթ. հուն. դաշնակցային զորքը աթենացի զորավար Կիմոնի գլխավորությամբ գրավեց Թրակիայի առափնյա մասերը, Եգեյան ծովի մի շարք կղզիներ և Բյուզանդիոնը, իսկ մ. թ. ա. 469–ին պարսիկներին ծանր պարտության մատնեց Եվրիմեդոնտ գետի մոտ: Մ. թ. ա. 449–ին, երբ հույները Կիպրոսի Սալամին քաղաքի մոտ խոշոր հաղթանակ տարան, պատերազմական գործողությունները դադարեցին: Կալլիասյան հաշտությամբ (հույն հավատարմատարի անունով) Պարսկաստանը զրկվում էր Եգեյան ծովի, Հելլեսպոնտոսի ու Բոսպորի իր տիրույթներից և ճանաչում էր փոքրասիական հուն. պոլիսների անկախությունը: Հույների հաղթանակը պայմանավորված էր պարսիկների համեմատությամբ նրանց հասարակական–տնտեսական զարգացման առավել բարձր աստիճանով և հուն. ազատների աշխարհազորի գերազանցությամբ` տարբեր ժողովուրդներից ու ցեղերից հավաքագրված պարսկ. զորքի նկատմամբ: Բացի այդ հույները մղում էին ազատագրական, արդարացի պատերազմ, Պարսկաստանը` զավթողական: Հ–պ. պ–ից հետո Հունաստանում ծաղկում ապրեց ստրկատիրական հասարակարգը:
Գրկ. Геродот, История в девяти книгах, Л., 1972 Греко–персидские войны, в кн.: Древняя Греция, М., 1956 Разин Е. А., История военного искусства, т. 1, М., 1955.
