ՀՍՀ/ՀՈՒՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ–ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1821–1829
ՀՈՒՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ–ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1821–1829, Մեծ հեղափոխություն, հույն ժողովրդի ազատագրական պայքարը թուրքական լծի դեմ: Նախապատրաստել է 1814–ին ստեղծված «Ֆիլկի հետերիա» գաղտնի հեղափոխական ընկերությունը, որը 1820–ից ղեկավարել է ռուս. ծառայության գեն. Ալեքսանդրոս Իպսիլանտիսը: 1821–ի փետրվարի վերջին (մարտի սկիզբ) Իպսիլանտիսը Յաշից (Յասսի) դիմել է հույն ժողովրդին ապստամբության կոչով: Ապստամբությունն սկսվել է 1821–ի մարտին այդ օրը հայտարարված է Հունաստանի Անկախության օր, որը նշվում է մարտի 25 (ապրիլի 6)–ին և ընդգրկել ամբողջ Մորեան (Պելոպոնեսը), մայրցամաքային Հունաստանի և Եգեյան ծովի կղզիների մի մասը: Հեղափոխության շարժիչ ուժը գյուղացիությունն էր, ղեկավարը` ձևավորվող բուրժուազիան` Ալեքսանդրոս Մավրոկորդատոսի գլխավորությամբ: 1822–ի հունվարին Պիադայում (Պելոպոնես) հավաքված Ազգային ժողովը հռչակեց Հունաստանի անկախությունը և ընդունեց դեմոկրատական սահմանադրություն: Սուլթանական կառավարությունը դաժան հալածանք սկսեց ազատասեր հույն ժողովրդի նկատմամբ: 1822–ի ամռանը թուրք. 30–հազարանոց բանակը ներխուժեց Մորեա, սակայն նահանջեց` կրելով զգալի կորուստներ: Հուն. զորքերը, որոնց ղեկավարում էին տաղանդավոր զորավարներ Մարկոս Բոցարիսը, Թեոդորոս Կոլոկոտրոնիսը, Աթանասիոս Դիակոսը, Գեորգիոս Կարաիսկակիսը, Ոդիսևս Անդրուցոսը և ուրիշներ, հերոսաբար կռվում էին զավթիչների դեմ: 1825–ի փետրվարին Մահմուդ II սուլթանին օգնության եկավ եգիպտական բանակը` Իբրահիմ փաշայի գլխավորությամբ, որն ամայացրեց Մորեայի մեծ մասը: Հույներին օգնության եկան օտարերկրյա կամավորներ (այդ թվում` բանաստեղծ Ջ. Բայրոնը), մի շարք երկրներում ստեղծվեցին հունասիրական կոմիտեներ (տես Ֆիլհելլեններ): 1827–ի ապրիլին Տրեզինոսում գումարված Ազգային ժողովը Հունաստանի պրեզիդենտ ընտրեց Իոաննիս Կապոդիստրիասին (նախկին ռուս. դիվանագետ): Արևմտա–եվրոպական պետությունները այդ դիտեցին իբրև Ռուսաստանի ազդեցության ուժեղացում Հունաստանում: 1827–ին Լոնդոնում Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը կնքեցին դաշնագիր, որով պարտավորվում էին թուրք. կառավարությունից պահանջել Հունաստանին տալ ինքնավարություն` սուլթանին ամենամյա հարկ վճարելու պայմանով: Թուրքիայի հրաժարվելուց հետո, անգլո–ռուս–ֆրանս. նավատորմիղը 1827–ի հոկտ. 8(20)–ին Նավարինի ծովամարտում ջախջախեց թուրք–եգիպտական նավատորմը: 1829–ի Ադրիանուպոլսի պայմանագրով (տես Ադրիանապոլսի հաշտության պայմանագիր 1829) Թուրքիան ճանաչեց Հունաստանի ինքնավարությունը` ամենամյա հարկ ստանալու պայմանով: 1830–ին Հունաստանը պաշտոնապես դարձավ անկախ պետություն: Գրկ, Палеолог Г., Сивинис М., Исторический очерк народной войны за независимость Греции…, СПБ, 1867.
