ՀՍՀ/ՀՈՒՆԱՆՅԱՆ
ՀՈՒՆԱՆՅԱՆ Արտաշես Արմենակի, ծն. 15.9.1922, Ծաղկաշեն (ՀՍՍՀ Սպիտակի շրջանում) հայ սովետական նկարիչ: 1956–ին ավարտել է Երևանի գեղարվեստա–թատերական ինստը: 1960–ից դասավանդում է Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստ–ի գեղանկարչության ֆակուլտետում: Աշխատում է հաստոցային գրաֆիկայի, գրքի նկարազարդման և գեղանկարչության բնագավառներում: Հ–ի արվեստին բնորոշ են թեմատիկ բազմազանությունը, դասական ու արդիական ձևամտածողության նուրբ համադրումները: Աշխատանքներից են` «Հայաստան» (1957), «Քաղաք» (1960–61), «Վլադիվոստոկում» (1971),«Սախալինյան հուշեր» նկարաշարերը, Դանթեի «Աստվածային կատակերգություն» (1961), Եղիշեի «Վասն Վարդանայ և հայոց պատերազմին» (1962) նկարազարդումները, «Գեղարդ» (1963), «Խաչքար» (1968), «Հին քարայր» գրաֆիկական թերթերը: Հ–ի աշխատանքները ցուցադրվել են Երևանում, Մոսկվայում, Վարշավայում, Բեյրութում, Նյու. Յորքում:
