ՀՍՀ/ՀՈՒՆԱՍՏԱՆ
ՀՈՒՆԱՍՏԱՆ, Հունական Հանրապետություն
Ընդհանուր տեղեկություններ: Հ. պետություն է Եվրոպայի հարավ–արևելքում: Ընդգրկում է բուն Բալկանյան թերակղզու հվ. մասը և հարակից ավելի քան 100 կղզիներ, որոնց բաժին է ընկնում երկրի տարածքի շուրջ 1 5–ը. դրանցից խոշորներն են` Կրետեն, Եվբեան (Էվբեա), Հռոդոսը և Լեսբոսը: Սահմանակից է Ալբանիային, Հարավսլավիային, Բուլղարիային և Թուրքիային: Տարածությունը 131,9 հզ. կմ² է, բնակչությունը` ավելի քան 9 մլն (1978): Մայրաքաղաքը` Աթենք: Բաժանված է նոմերի, որոնք միավորվում են պատմաաշխարհագրական հետևյալ մարզերի մեջ` Մեծ Աթենք, Կենտրոնական Հունաստան և Եվբեա կղզի, Պելոպոնես, Թեսալիա, Էպիրոս, Մակեդոնիա, Թրակիա, Եգեյան կղզիներ, Հոնիական կղզիներ, Կրետե կդզի, ինչպես նաև Այոն Օրոս ինքնավար նոմոս:
Պետական կարգը: Հ. պրեզիդենտական–պառլամենաական հանրապետություն է: Գործող սահմանադրությունն ընդունվել է 1975–ին: Պետության գլուխը պրեզիդենտն է, որն ընտրվում է միապալատ պառլամենտում: Պրեզիդենտը միջազգային ասպարեզում ներկայացնում է պետությունը, հայտարարում պատերազմական վիճակ, ստորագրում խաղաղության և այլ հարցերի վերաբերյալ համաձայնագրեր, նշանակում պրեմիեր մինիստրին, իրավունք ունի արձակել կառավարությունն ու պառլամենտը, նշանակել պառլամենտի վաղաժամկետ ընտրություններ, վետո դնել պառլամենտի ընդունած օրենսդրական ակտերի վրա, առանց պառլամենտի համաձայնության մտցնել արտակարգ դրություն:
Բնությունը: Հ. չոր մերձարևադարձային գոտում գտնվող լեռնային երկիր է: Ափերը խիստ կտրտված են: Ափագծի երկարությունը (կղզիների հետ) ավելի քան 15 հզ. կմ է: Կան բնական նավահանգիստներ հանդիսացող շատ խորշեր ու ծոցեր: Առավել խոշոր թերակղզիներն են Պելոպոնեսը և Քաղկիդիկին: Հ–ին են պատկանում Հյուսիսային և Հարավային Սպորադներ, Կիկլադյան, Կրետե, Հոնիական և այլ կղզիներ: Հ–ի տարածքի շուրջ 2 3–ը զբաղեցնում են լեռներն ու սարահարթերը: Գերակշռում են միջին բարձրության զանգվածները (1200–1800 մ). ամենաբարձր կետը Օլիմպոս լեռն է (2911 մ): Ամենամեծ լեռնային համակարգը Պինդոսն է (բարձրությունը մինչև 2637 մ, Զմոլիկաս լեռ): Հ–ի տարածքը պատկանում է Ալպյան ծալքավոր մարզին: Արմ–ում և հվ–ում լեռները երիտասարդ են` կազմված առավելապես կրաքարերից և ավազա–կավային ապարներից, արլ–ում և հս–արլ–ում` հնագույն բյուրեղացած ապարներից: Զարգացած են կարստային երևույթները: Եգեյան ծովեզերքի երկայնքով ձգվում են մի քանի փոքր հարթավայրեր (Թեսալիայի, Սալոնիկի ևն): Օգտակար հանածոներից կան երկաթ, մանգան, քրոմ, նիկել, բազմամետաղներ, բոքսիտներ, մարմար, զմռնիտ, գորշ ածուխ: Կլիման մերձարևադարձային միջերկրածովյան է` մեղմ, խոնավ ձմեռով և շոգ, չոր ամառով: Հունվարի միջին ջերմաստիճանը Աթենքում 9°C է, հուլիսինը` 27°C: Լեռների հողմակողմ լանջերին տարեկան թափվում են 1200–1400 մմ տեղումներ, հարթավայրերում` շուրջ 350 մմ (80-ը` ձմռանը): Լեռներում (600 մ–ից բարձր) և երկրի հս–ում կլիման խստաշունչ է, ձմռանը ջերաստիճանները 0°C–ից ցածր են:
Ներքին ջրերը: Գետերը կարճ են, լեռնային: Առավել նշանակալի են` Վարդարը, Մարիցան, Ստրիմոնը (Ստրումա), Նեստոսը (Մեստա), որոնց միայն ստորին հոսանքներն են Հ–ի տարածքում: Կան շատ լճեր (Տրիխոնիս, Վեգորիտիս, Պրեսպա ևն) և հանքային աղբյուրներ: Հողերը, բուսականությունը և կենդանական աշխարհը: Ափամերձ և ցածրալեռնային շրջաններում տիրապետում են չոր անտառների և թփուտների դարչնագույն ու մուգ դարչնագույն, ավելի բարձր` լեռնաանտառային գորշ հողերը: Մի շարք շրջաններում հողերը ենթարկվել են էրոզիայի: Բուսականությունը ներկայացված է թփային մացառուտների (մաքվիս, շիբլյակ, ֆրիգանա), 1000–1700 մ բարձրության վրա` լայնատերև անտառների (հաճարենի, կաղնի, շագանակենի), ավելի բարձր (մինչև 2000 մ, Օլիմպոսում` մինչև 2200 մ)` փշատերև անտառների (եղևնի, սոճի), ապա` լեռնային մարգագետինների ֆորմացիաներով: Երկրի տարածքի շուրշ 15-ը անտառածածկ է: Գիշատիչ կենդանիներից հանդիպում է շնագայլ, աղվես, վայրի անտառակատու: Էնդեմիկ են քարայծը, մոխրագույն համստերը, առափնյա ջրերում` վանական–փոկը: Կան շատ օձեր, մողեսներ, կրիաներ:
Բնակչությունը: Մոտ 95–ը հույներ են (1978): Ապրում են նաև ալբանացիներ, արոմուններ (կամ վլախներ), թուրքեր, հրեաներ, գնչուներ, բուլղարներ, հայեր: Պաշտոնական լեզուն հունարենն է, գերակշռող կրոնը` ուղղափառ քրիստոնեությունը, տոմարը` գրիգորյան: Առավել խիտ են բնակեցված առափնյա հարթավայրերը` 1 կմ² վրա 120 մարդ, ներքին լեռնային շրջաններում` 10 մարդուց պակաս: Քաղաքային բնակչությունը 57 է: Քաղաքաբնակների մի մասը զբաղված է գյուղատնտեսության մեջ: Խոշոր քաղաքներն են Աթենքը, Սալոնիկը, Պատրան:
Պատմական ակնարկ: Ժամանակակից Հ–ի պատմությունը սկսվում է 1453–ից, երբ թուրքերը զավթել են Կոստանդնուպոլիսը` Բյուզանդիայի մայրաքաղաքը: Հ–ի պատմությունը, մինչև Բյուզանդիայի առաջանալը, տես Հունաստան Հին հոդվածում: XVII–XVIII դդ. ընթացքում Հ. ընկել է թուրք, լծի տակ: Թուրքերը, որոնք հասարակական տնտեսական զարգացման անհամեմատ ցածր մակարդակի վրա էին, կասեցրել են Հ–ի հասարակական, քաղ., տնտ. զարգացումը: Թուրքերի վարած տնա. քաղաքականության հետևանքով Հ–ում լայնորեն տարածվել է բնատնտեսությունը, բնակչությունն ընկել ծանր հարկերի տակ: Թուրք. բռնություններից փրկվելու համար հույների մի մասը տարագրվել է Իտալիա, Ռուսաստան, Ավստրիա և այլ երկրներ: Հ–ում վարչական միավորների գլուխ կանգնած էին թուրք աստիճանավորները: Տեղական ինքնավարությունը գտնվում էր հույն խոշոր հողատերերի (դիմոգերոնտներ կամ կոձաբասներ և պրոեստներ) ձեռքին: Ձգտելով հույն ուղղափառ եկեղեցին օգտագործել իրենց նպատակների համար, թուրքերը ընդլայնել են նրա իրավունքները: Հուն. հասարակության արտոնյալ խավին էին պատկանում նաև հարուստ և երևելի հույները` ֆանարիոտները, որոնք XVIII դ. կեսից զգալի դեր են խաղացել Օսմանյան կայսրության կենտրոնական վարչական ապարատում: Հույն ժողովուրդը համառորեն պայքարել է թուրք, լծի դեմ: Հայտնի են լեռները փախած գյուղացիների` կլեֆտների, պարտիզանական ջոկատների կռիվները (չկարողանալով հաղթել կլեֆտներին, թուրք. իշխանությունները որոշ արտոնություններ են տվել նրանց): Բազմիցս բռնկել են հակաթուրքական ապստամբություններ 1463–79–ին և 1770–ին` Պելոպոնեսում, 1571–ին` մայրցամաքային Հ–ում, Մակեդոնիայում, Եգեյան ծովի կղզիներում, 1611–ին` Դիոնիսիոս փիլիսոփայի ապստամբությունը ևն: XVIII դ. 2–րդ կեսին Հ–ում զարգացել է արհեստավորական արտադրությունը, ընդլայնվել են ապրանքադրամական հարաբերությունները: Հ–ի առանձին շրջաններ կապ են հաստատել եվրոպական շուկաների հետ: Բալկանյան թերակղզու առևտրական խոշոր կենտրոն է դարձել Սալոնիկը: Զարգացել է հուն. նավագնացությունը, որի առաջընթացին նպաստել է 1774–ի Քյուչուկ–Կայնարջիի պայմանագիրը, որը հուն. նավերին հնարավորություն էր տալիս լողալու ռուս. դրոշի ներքո: Հույների ձեռքն է անցել ռուս. սևծովյան առևտրի զգալի մասը: Առևտրի շնորհիվ տնտեսապես զարգացել են նաև Հ–ից դուրս գտնվող հուն. համայնքները: Ֆրանս. մեծ հեղափոխության ազդեցության տակ հույն հեղափոխական դեմոկրատ Ռիգաս Վելեստինլիսը սահմանադրություն է գրել Հ–ի և բալկանյան մյուս երկրների համար: 1798–99–ին Ռուսաստանի օգնությամբ ֆրանսիացիներից ազատագրվել են Հոնիական կղզիները, և այնտեղ ստեղծվել է Յոթ միացյալ կղզիների հանրապետությունը: Հուն. ինքնավար այս պետությունը, որը գտնվում էր Ռուսաստանի հովանավորության ներքո, դարձել է Հ–ի ազգային կենտրոնը: XVIII դ. վերջին–XIX դ. սկզբիս, դասակարգային հակամարտությունների պայմաններում, Հ–ում ձևավորվեց ազգային շարժումը: Լոնդոնի, Փարիզի, Վիեննայի հուն. գաղթավայրերի առաջավոր ներկայացուցիչները հրապարակեցին հուն. թերթեր, ստեղծեցին ազգային կազմակերպություններ: 1814–ին Օդեսայում ստեղծվեց «Ֆիլիկի հետերիա» («Բարեկամական ընկերություն») գաղտնի հեղափոխական կազմակերպությունը, որը ձեռնամուխ եղավ թուրք, լծի դեմ ապստամբության նախապատրաստմանը: 1820–ին կազմակերպության ղեկավար դարձավ հույն արիստոկրատ, ռուս. ծառայության գեն. Ալեքսանդրոս Իպսիլանտիսը: 1821–ի փետրվարին (մարտ) Մոլդովայում Իպսիլանտիսի բարձրացրած ապստամբությունը ազդակ հանդիսացավ Հ–ում ազգային–ազատագրական ապստամբության, որը վերաճեց ազատագրական հեղափոխության (տես Հունական ազգային ազատագրական հեղափոխություն 1821–1829): 1829–ի Ադրիանուպոլսի պայմանագրով (տես Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիր 1829) նախատեսվեց Հ–ին տալ ինքնավարություն` սուլթանին ամենամյա հարկ տալու պայմանով: Հ–ի սահմանը հաստատվեց Արտա ծոցից մինչև Վոլոս ծոցը` ներառյալ Կիկլադյան կղզիները: 1830–ի փետր. 3–ին երեք տերությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան) Լոնդոնի կոնֆերանսի որոշմամբ Հ. պաշտոնապես հռչակվեց անկախ պետություն: Սակայն Հ–ի կազմի մեջ չմտան հուն. հողեր Էպիրոսը, Թեսալիան, Կրետե, Սամոս կղզիները և հունաբնակ այլ տարածքներ: Հօգուտ Թուրքիայի վերցվեցին Ակարնանիան և Էտոլիայի մի մասը (ետ են գնվել 1832–ին): Լոնդոնի կոնֆերանսը Հ–ին պարտագրեց կառավարման միապետական ձև: 1831–ին Հ–ի պրեզիդենտ Կապոդիստրիասի դավադրական սպանությունից հետո Հ–ի թագավոր դարձավ բավարական արքայազն Օթոնը (Օթոն 1, 1832– 1862): Հ. մտցվեցին բավարական զորքեր, հուն. ազգային բուրժուազիան դուրս մղվեց երկրի կառավարումից: Հ–ում կապիտալիզմը դանդաղ էր զարգանում: Հ. ֆինանսական կախման մեջ էր եվրոպական երկրներից (անգլ. փոխառություններ 1824, 1825 և 1832–ին), չուներ հումքի սեփական բազա, չէր լուծված ագրարային հարցը: 1834, 1836 և 1838–ին մի շարք մարզերում տեղի ունեցան գյուղացիական խոշոր ապստամբություններ, որոնք ճնշվեցին: 1843–ի սեպտ. 14–ին ապստամբություն բռնկեց Աթենքի զորամասերում: Օթոն I ստիպված էր արձակել բավարական զորքերը, հրավիրել Ազգային ժողով, որն ընդունեց սահմանադրություն: 1853–56–ի Ղրիմի կամ Արևելյան պատերազմի ժամանակ Հ–ում շարժում ծավալվեց Թեսալիան, Էպիրոսը և հուն, մյուս հողերը, որոնք մնացել էին Թուրքիայի լծի տակ, Հ–ին միավորելու համար: 1854–ին հուն, զորքերը գրավեցին Էպիրոսը, մտան Թեսալիա, սակայն Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջամտությունը` հօգուտ Թուրքիայի, ձախողեց հուն. հողերի վերամիավորումը: Տնտ. քայքայվածությունը, ծանր հարկերը, դեմոկրատական ազատությունների բացակայությունը, օտարերկրացիների բռնությունը 1862–ի փետրվարին առաջ բերեցին բուրժ. հեղափոխություն: Ապստամբությունն ընդգրկեց Նավպլիոնը, Արգոսը, Տրիպոլիսը և այլ քաղաքներ, աշնանը` ամբողջ Ակարնանիան: Հոկտ. 22–ին ապստամբեց Աթենքի կայազորը: Հոկտ. 23–ին ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը գահընկեց հայտարարեց Օթոն I–ին, հրավիրեց Ազգային ժողով` նոր սահմանադրություն մշակելու և թագավոր ընտրելու համար: Մեծ Բրիտանիան, խոստանալով հանձնել Հոնիական կղզիները (1815–ից գտնվում էին Անգլիայի հովանավորության տակ), հուն. գահի թեկնածու պարտագրեց դանիական արքայազն Վիլհելմ Գեորգ Գլյուքսբուրգին (Գեորգիոս I, 1863 1917): 1864–ին ընդունվեց նոր սահմանադրություն: Նույն թվականին Հ–ին վերադարձվեցին Հոնիական կղզիները: 1881–ին Կ. Պոլսում կնքվեց համաձայնագիր Թեսալիայի մի մասը և Էպիրոսի Արտա շրջանը (ընդհանուր տարածությունը` 13,2 հզ. կմ²) Հ–ին վերադարձնելու վերաբերյալ: Մինչև XX դ. սկիզբը Հ–ում իշխանության գլուխ փոփոխակի կանգնած էին հուն, բուրժուազիայի քաղ. երկու խմբավորումների` առաջադիմականների և ազգայնականների ներկայացուցիչները: Առաջադիմական կուսակցությունը (հիմնվել է XIX դ. 80–ական թթ.) արտահայտում էր խոշոր առևտրական և կազմավորվող արդ. բուրժուազիայի (որը կապված էր անգլ. կապիտալի հետ) շահերը: Ազգայնականները ձգտում էին իրականացնել բուրժուազիայի այն մասի պահանջները, որը հանդես էր գալիս օտարերկրյա բռնատիրության վերացման, Հ–ի հետ հուն. բոլոր հողերի վերամիավորման օգտին: 1874–95–ի ընթացքում կոնցեսիաներ տրամադրվեցին Անգլիային, Ֆրանսիային, Գերմանիային, փոխառություններ վերցնելով նրանցից, որի հետևանքով, մի կողմից, նկատվում էր արդյունաբերության և շինարարության որոշ աճ (1893–ին բացվեց Կորնթոսի ջրանցքը), մյուս կողմից, Հ. ընկնում էր տնտ., քաղ. և ֆինանսական կախվածության մեջ եվրոպական երկրներից: Կրետեում հակաթուրքական բազմաթիվ ապստամբություններից մեկը (1896) հանգեցրեց 1897–ի հույն–թուրքական պատերազմին (տես Հույնթուրքական պատերազմներ 1897, 1919–22): 1898–ին ստեղծվեց Միջազգային ֆինանսական հանձնաժողով (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Ավստրո–Հունգարիա, Գերմանիա, Իտալիա), որը հսկելու էր Հ–ի եկամուտները և ծախսերը: XIX դ. վերջին – XX դ. սկզբին արագացան կապիտալիզմի զարգացման տեմպերը: Աճեց պրոլետարիատի թիվը, առաջացան արհմիություններ: Օտարերկրյա տերություններից ֆինանսական կախումը առաջացրեց ազգային բուրժուազիայի դժգոհությունը: 1908–ին ընդդիմադիր բուրժուազիայի հետ կապված մի խումբ սպաներ ստեղծեցին «Զինվորական լիգա», որը գլխավորեց 1909–ի Աթենքի ապստամբությունը: Իշխանության գլուխ անցավ լիբերալ կուսակցության (ԼԿ, հիմնվել է 1910–ին) հիմնադիր Վենիգելոսը: Նա անցկացրեց հարկային, ագրարային, վարչական ռեֆորմներ, մասնակցեց 1912–ին Բալկանյան դաշինքի ստեղծմանը: Բալկանյան պատերազմների հետևանքով (տես Բալկանյան պատերազմներ 1912–1913) Հ–ին վերադարձվեցին Եգեյան Մակեդոնիան` Սալոնիկով, Արևմտյան Թրակիան, Էպիրոսը, Կրետեն: Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) սկզբին Հ. գրավեց չեզոք դիրք, որը նպաստեց հուն. առևտրական բուրժուազիայի հարստացմանը: 1917–ի հունիսի 29–ին Հ. մտավ պատերազմի մեջ Անտանտի կողմում: Պատերազմը առաջ բերեց տնտ. քայքայում, ֆինանսական ճգնաժամ, սով: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ Հ–ում ուժեղացավ հեղափոխական պայքարը: 1918–ի հոկտեմբերին ստեղծվեց Հ–ի Աշխատանքի համընդհանուր ֆեդերացիան, նոյեմբերին` Հ–ի սոցիալիստական բանվորական կուսակցությունը (ՀՍԲԿ), որը 1920–ին մտավ Կոմինտերնի մեջ և սկսեց կոչվել ՀՍԲԿ (կոմունիստական): Դեռևս առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Անգլիան Վենիզելոսին խոստացել էր պատերազմին մասնակցելու համար Հ–ին տալ հին հուն. քաղաք Սմյուռնան (Զմյուռնիա, Իզմիր): 1919–ի մայիսի 15–ին հուն. զորքերը «Չորսի խորհրոի» (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա) թույլտվությամբ գրավեցին Իզմիրը: 1920–ին Հ–ի և Թուրքիայի միջև պատերազմ սկսվեց: Թուրքիան, ստանալով օտարերկրյա տերությունների քաղ. և նյութական օգնությունը, պարտության մատնեց հուն, բանակը, 1922–ի սեպտ. 9–ին գրավեց Իզմիրը: Պատերազմն ավարտվեց Լոզանի պայմանագրով (տես Լոզանի կոնֆերանս 1922–23): Հ–ի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնությամբ (բնակչության փոխանակման վերաբերյալ) Հ. եկան 1,5 մլն գաղթականներ: 1923–ի դեկտեմբերի ընտրություններում մեծամասնություն ստացան Հ. հանրապետություն հռչակելու կողմնակիցները: Թագավոր Գեորգիոս II (1922–23, 1935–41, 1946–47) հեռացավ երկրից: 1924–ի մարտի 8–ին Հ–ի և ՍՍՀՄ–ի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ: 1924–ի մարտի 25–ին Սահմանադիր ազգային ժողովը Հ. հռչակեց հանրապետություն: 1924–ին ՀՍԲԿ (կոմունիստական) վերանվանվեց Հունաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ): 1926–ի ընտրություններում հաղթանակ տարավ ԼԿ: 1928–ին կառավարության ղեկավար դարձավ Վենիգելոսը: Երկրում վերականգնվեցին դեմոկրատական որոշ ազատություններ: 1929–33–ի համաշխարհային տնտ. ճգնաժամը ծանր անդրադարձավ Հ–ի տնտեսության վրա: 1932–ի նոյեմբերին իշխանության գլուխ անցավ ժող. կուսակցության (ԺԿ, հիմն.1915–ին) ղեկավար Պ. Ցալդարիսը: 1934–ին Հ. մտավ Բալկանյան անտանտի (տես Անտանտ բալկանյան) մեջ: 1934–ին ՀԿԿ նախաձեռնությամբ ստեղծվեց Ազգային ճակատ (Աճ.), որի մեջ մտան ՀԿԿ, ձախարհմիությունները, սոցիալիստական խմբեր, ագրարային կուսակցությունը: 1936–ի օգոստոսին գեն. Ի. Մետաքսասը ֆաշիստական հեղաշրջում կատարեց, արգելեց բոլոր կուսակցությունները: Արտաքին քաղաքականության ասպարեզում Մետաքսասը կողմնորոշվեց դեպի Գերմանիան: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) սկզբին հուն. կառավարությունը հայտարարեց իր չեզոքության մասին: 1940–ի հոկտ. 28–ին Իտալիան վերջնագիր ներկայացրեց Հ–ին, որով պահանջեց իտալ. զորքերի ազատ մուտք հուն. տերիտորիա և մի շարք կարևոր ռազմավարական շրջանների ու ծովային բազաների զիջում: Հ. մերժեց վերջնագիրը. Իտալ. զորքերը ներխուժեցին Հ.: Նոյեմբ. 14–ին հուն բանակը կանգնեցրեց հարձակումը և Հ–ից վտարեց զավթիչներին: 1941–ի ապրիլի 6–ին Հ. ներխուժեցին գերմ. զորքերը: Չնայած հուն. բանակի հերոսական դիմադրությանը, հունիսին գերմ. գորքերը զավթեցին Հ.: Գեորգիոս II և կառավարությունը ապաստանեցին Եգիպտոսում: Հույն ժողովուրդը ՀԿԿ ղեկավարությամբ ծավալեց պարտիզանական պայքար: 1941–ի մայիսի 28–ին ստեղծվեց Դիմադրության շարժման առաջին կազմակերպությունը` «Ազգային համերաշխությունը 1941–ի սեպտ. 27–ին ՀԿԿ նախաձեռնությամբ ստեղծվեց Ազգային–ազատագրական ճակատ (EAM, ԷԱՄ), որը միավորեց հայրենասիրական բոլոր ուժերը: Դեկտեմբերին պարտիզանական ջոկատները միավորվեցին հուն. ազգային–ազատագրական բանակի (ЕЛА, ԷԼԱՄ) մեջ, որը մինչն 1943–ի աշունը ազատագրեց Հ–ի մոտ 1 3–ը: Ազատագրված շրջաններում դրվեցին ժողովրդադեմոկրատական իշխանության հիմքերը: Առաջացան ժող. խորհուրդներ, ընտրովի դատարաններ են: 1944–ի մարտի 10–ին ստեղծվեց Ազգային–ազատագրության քաղ. կոմիտե (ПЕЕА, ՊԷԷԱ), որը ըստ էության, ժամանակավոր դեմոկրատական կառավարություն էր: 1944–ի ապրիլի 27–ին ՊԷԷԱ–ն անցկացրեց Հ–ի Ազգային ժողովի ընտրություններ: 1944–ի հոկտեմբերին ԷԼԱՄ–ո լրիվ ազատագրեց Հ–ի տարածքը: Պատերազմի ժամանակ հույն ժողովուրդը տվեց 400 հզ–ից ավելի զոհ: 1944–ի հոկտ. 4–ին Հ. գերմանացիներից ազատագրելու պատրվակով երկիր մտան անգլ. գորքերը: 1945–ին հուն. հետադիմականները և անգլ. ինտերվենտները քաղաքացիական պատերազմ սանձազերծեցին Հ–ում: 1946–ին Հ. վերադարձավ Գեորգիոս II: 1946–ի հոկտեմբերին դեմոկրատական կազմակերպությունները ինքնապաշտպանության նպատակով ստեղծեցին Հ–ի դեմոկրատական բանակը, որը 1946– 1949–ին կռվեց հուն, հետադիմության, ամեր. և անգլ. իմպերիալիստների դեմ: 1949–ի սեպտեմբերին դեմոկրատական բանակը դադարեցրեց դիմադրությունը: ԱՄՆ–ը Հ–ին պարտադրեց «Տրումենի դոկտրինան» (1947) և «Մարշալի պլանը» (1948), որով ուժեղացավ կախումը ԱՄՆ–ից: 1952–ին Հ. դարձավ ՆԱՏՕ–ի անդամ: 1952–ին իշխանության գլուխ անցավ հուն. հավաք (ՀՀ, հիմնվել է 1951–ին) կուսակցությունը` մարշալ U. Պապագոսի գլխավորությամբ: Այդ կուսակցությունը, ապա նրա հիմքի վրա առաջացած (1956) ազգային արմատական միություն (ԱԱՄ) կուսակցությունը, Կ. Կարամանլիսի գլխավորությամբ, շարունակեցին դեմոկրատական ուժերի ճնշումը, իսկ արտաքին քաղաքականության ասպարեզում կողմնորոշվեցին դեպի ԱՄՆ: 1953–ին Հ–ում հիմնվեցին ամերիկյան ռազմ. բազաներ: 1963–ին իշխանության գլուխ անցավ կենտրոնի միություն (ԿՄ, հիմնվել է 1961–ին) կուսակցությունը` Գ. Պապանդրեուի գլխավորությամբ: Նոր կառավարությունը հռչակեց «քաղ., տնտ. և սոցիալական դեմոկրատիայի» ծրագիր, իսկ արտաքին քաղաքականության ասպարեզում` կապերի ամրապնդում ՆԱՏՕ–ի երկրների, միաժամանակ բարեկամական հարաբերությունների հաստատում սոցիալիստական երկրների հետ: Արքունիքի ճնշմամբ 1965–ին Պապանդրեուի կառավարությունը հրաժարական տվեց: ԿՄ–ի աջ թևը Ս. Ստեֆանոպուլոսի գլխավորությամբ 1965–ի սեպտեմբերին կազմեց կառավարություն: Ուժեղացան տեռորիստական կազմակերպությունները: 1967–ի ապրիլի 21–ին հետադեմ զինվորականությունը պետ. հեղաշրջում կատարեց և հաստատեց ռազմաբռնապնտական վարչակարգ: Գլխավոր հարվածը հասցվեց ՀԿԿ–ին: Վերացվեց սահմանադրությունը, արգելվեցին դեմոկրատական բոլոր կազմակերպությունները: Հուն. օլիգարխիան 1967–ի դեկտ. 13–ին կազմակերպած հակահեղաշրջմամբ, որը ղեկավարում էր Կոնստանտին II (թագավոր` 1964–ից), փորձեց իշխանությունը հանձնել աջ կուսակցություններին: Սակայն փորձը ձախողվեց, թագավորը փախավ Իտալիա: Պրեմիեր մինիստր գնդապետ Գ. Պապադոպուլոսի կառավարությունը մշակեց զինվորական բռնապետությունը հիմնավորող սահմանադրություն: Հակաբռնապետական ուժերը հիմնեցին պայքարի հայրենասիրական կազմակերպություններ, որոնցից խոշորագույնը Հայրենասիրական հակաբռնապետական ճակատն էր (ՀՀՃ.): 1973–ի հունիսին զինվորական վարչակարգը միապետությունը հայտարարեց տապալված, իսկ Հ.` պրեզիդենտական հանրապետություն: Պրեզիդենտ դարձավ Գ. Պապադոպոլլոսը: 1973–ի նոյեմբերին տեղի ունեցած զինվորական նոր հեղաշրջմամբ պրեզիդենտ դարձավ գեն. Գիզիկիսը, պրեմիեր մինիստր` Ա. Անդրուցոպուլոսը: 1974–ին սրվեցին հույն–թուրքական հարաբերությունները` Եգեյան ծովի հս. մասում հայտնաբերված նավթի հանքավայրերի պատկանելության հարցի շուրջ: 1974–ի հուլիսին զինվորական վարչակարգը հեռացավ իշխանությունից, իշխանության գլուխ անցավ Կ. Կարամանլիսի կառավարությունը, որը իրագործեց դեմոկրատական մի շարք վերափոխումներ, ազատեց բոլոր քաղ. բանտարկյալներին, լեգալացրեց 1947–ից ընդհատակում գտնվող ՀԿԿ և դեմոկրատական մյուս կազմակերպությունները: 1974–ի օգոստ. 14–ին Կարամանլիսի կառավարությունը հայտարարեց ՆԱՏՕ–ի ռազմ. կազմակերպությունից Հ–ի դուրս գալու մասին: 1980–ի մայիսին Կ. Կարամանլիսը ընտրվեց պրեզիդենտ: Պրեմիեր մինիստր դարձավ Գ. Ռալլիսը: 1980–ի հոկտեմբերին Հ. վերադարձավ ՆԱՏՕ–ի ռազմ. կազմակերպություն: Քաղաքական կուսակցություններըև արհմիությունները
«Նոր դեմոկրատիա», աջ բուրժուական կուսակցություն է, ստեղծվել է 1974–ին` «Ազգային արմատական միության» հիման վրա: «Դեմոկրատական կենտրոնի միություն» լիբերալ բուրժուազիայի կուսակցությունն է, ստեղծվել է 1974–ին` «Կենտրոնի միության» հիման վրա: «Ազգային խմբավորում», ստեղծվել է 1977–ին, ծայրահեղ հետադիմականների կուսակցությունն է: «Համահունաստանյան սոցիալիստական շարժում», ձախ ցենտրիստական կուսակցություն է, հիմնվել է 1974–ին: «Միասնական դեմոկրատական ձախ կուսակցություն» (ՄԴՁԿ), ստեղծվել է 1951–ին: Հունաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ), հիմնվել է 1918–ին, 1947–1974–ին` գործել ընդհատակում: Ճյուղային և ռեգիոնալ արհմիութենական կազմակերպությունների մեծ մասը մտնում են Հունաստանի աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի (ՀԱՀԿ) մեջ: Տնտեսա–աշխարհագրական ակնարկ: Հ. ինդուստրիալ–ագրարային երկիր է, որի էկոնոմիկան զգալիորեն կախման մեջ է օտարերկրյա կապիտալից: 1960–ական թթ. սկզբից էկոնոմիկայում կառուցվածքային էական տեղաշարժեր են կատարվում, որոնք արտահայտվում են արդյունաբերության, հատկապես ծանր արդյունաբերության առավել արագ զարգացմամբ:
Արդյունաբերությունը: Բնորոշ առանձնահատկությունը մեծ կախվածությունն է հումքային և վառելիքա–էներգետիկական ռեսուրսների արտաքին աղբյուրներից: Արդյունաբերության և շինարարության մեջ զբաղված է տնտեսապես ակտիվ բնակչության շուրջ 29–ը (1978): Արդյունաբերության հիմնական ճյուղերն են` սննդի (գինի, ձեթ, շաքար և ծխախոտ), տեքստիլ (բամբակյա, բրդյա, արհեստական մանրաթելի գործվածքներ, գորգեր), քիմ. (սինթետիկ նյութեր, հանքային պարարտանյութեր) և հանքարդյունահանող արդյունաբերությունը: Արդյունահանում են գորշ ածուխ (լիգնիտ), բոքսիտներ, մագնեզիտ, երկաթի հանքաքար, ասբեստ, պիրիտ, քրոմիտներ, մանգան, նիկել, զմռնիտ, որոնց զգալի մասն արտահանվում է հանքաքարի կամ կոնցենտրատի վիճակում: Էլեկտրակայանների սահմանված հզորությունը կազմում է 4867 հզ. կվտ (1978): Արտադրվող էլեկտրաէներգիայի 53–ը բաժին է ընկնում տեղական լիգնիտով, 32–ը` հեղուկ վառելիքով աշխատող ՋԷԿ–երին, 15-ը` ՀԷԿ–երին (1978): Վերջին տարիներին որոշակիորեն զարգացել են նավթավերամշակումը (տարեկան հզորությունը` 20,4 մլն տ, 1978), մետալուրգիան, մեքենաշինությունը, հատկապես նավա–, ավաոմոբիլա– և տրակտորաշինությունը (ներմուծվող մասերի հավաքում): Արդ. արտադրության մեծ մասը կենտրոնացած է նավահանգստային խոշոր քաղաքներում, այդ թվում² 3–ը` Աթենք– Պիրեայի շրջանում: Գյուղատնտեսության մեջ զբաղված է երկրի տնտեսապես ակտիվ բնակչության 34–ը (1978): Հ–ի գյուղատնտեսությունը մասնագիտացել է մի շարք աշխատատար, արտահանվող կուլտուրաների` ծխախոտի, ձիթապտղի, խաղողի, ցիտրուսների և բամբակի արտադրության մեջ, որոնք կարևոր դեր են խաղում երկրի տնտ. կյանքում (դրանց, ինչպես և դրանց վերամշակումից ստացվող ապրանքներին բաժին է ընկնում հուն. արտահանության գրեթե 2 3–ը): Գյուղատնտ. հանդակները կազմում են շուրջ 9 մլն հա, այդ թվում մշակովի հողերը` 3,6 մլն հա (որից շուրջ 0,9 մլն հա` ոռոգելի), մարգագետիններն ու արոտավայրերը` 5,2 մլն հա: Վարելահողերը կազմում են մշակովի հողերի 70–ը, զգալի տարածություն են զբաղեցնում պտղատու և խաղողի այգիներն ու ձիթենու տնկարկները: Վարելահողերի մոտ կեսը պատկանում է խոշոր հողատերերին, որոնք մեծ մասամբ այն վարձակալման հիմունքներով տալիս են հողազուրկ և սակավահող գյուղացիներին: Գյուղատնտ. արտադրանքի արժեքի մոտ 3 4–ը տալիս է հողագործությունը: Հացահատիկի ցանքերի 2 3–ը զբաղեցնում է ցորենը (Մակեդոնիայում, Թեսալիայում և Թրակիայում): Վարդար և Ստրիմոն գետերի ստորին հոսանքների ճահճակալած հողերում զբաղվում են բրնձի մշակությամբ: Տեխ. կուլտուրաներից Հ–ին բնորոշ է ծխախոտը (Մակեդոնիայում և Թրակիայում): Կարևոր նշանակություն ունեն բամբակենու և ճակնդեղի, բանջարանոցային կուլտուրաներից` լոլիկի մշակությունը: Հ. հայտնի է խաղողի Կորինկա և Սուլթանինա տեսակներով, որոնցից բարձրորակ չամիչ են պատրաստում, ինչպես նաև ձիթենու և ցիտրուսային կուլտուրաների (նարինջ, կիտրոն) մշակությամբ: Մերձարևադարձային կուլտուրաներ և խաղող աճեցնում են գլխավորապես Պելոպոնեսում, Հ–ի արմ. առափնյա շրջաններում, ինչպես նաև հվ. կղզիներում: Անասնապահության արտադրանքը լրիվ չի բավարարում ներքին շուկայի պահանջմունքը: 1978–ին կար մոտ 1,1 մլն խոշոր եղջերավոր անասուն, մոտ 8,3 մլն ոչխար, 4,6 մլն այծ, 0,85 մլն խոզ: Առափնյա ջրերում զբաղվում են ձկնորսությամբ: Զկան տարեկան որսը կազմում է մոտ 125 հզ. «Պելոպոնեսի հվ. մասում և կղզիներում զբաղվում են նաև սպունգի որսով:
Տրանսպորտը: Հ–ի էկոնոմիկայում կարևոր դեր է պատկանում ծովային նավագնացությանը: Հուն. նավատորմը «համաշխարհային կառապաններից» մեկն է, որը երկրին օտարերկրյա վալյուտայի զգալի եկամուտ է բերում: Հ–ի առևտրական նավատորմը 1978–ի վերջին ուներ ավելի քան 4153 նավ` 36,9 մլն բրուտտո ռեգիստրային տ ընդհանուր ջրատարողությամբ, բացի այդ, 784 նավ (շուրջ 13,4 մլն բրուտտո ռեգիստրային տ) այլ պետությունների դրոշներով են նավարկել, բայց փաստորեն պատկանել են հույն նավատերերի: Հիմնական նավահանգիստներն են` Պիրեա, Պատրա, Կերկիրա (Կորֆու), Սալոնիկ, Ելևսիս: Երկաթուղային ցանցի երկարությունը 2,6 հզ. կմ է, ավտոսայլային ճանապարհներինը` 36 հզ. կմ, այդ թվում` ասֆալտապատ` 14 հզ. կմ: 1978–ին երկրում կար 930 հզ. ավտոմոբիլ (այդ թվում` ավելի քան 640 հզ. մարդատար): Հ. միջազգային տարանցիկ ավիագծերի կարևոր խաչմերուկ է: Աթենքի Հելինիկոն օդանավակայանը Արևմտյան Եվրոպայում առավել խոշորներից մեկն է:
Արտաքին առևտուրը: Արտաքին առևտրական հաշվեկշիռը կրում է խիստ դեֆիցիտային բնույթ: 1978–ին արտահանումը կազմել է 2997, ներմուծումը` 7357 մլն դոլլար: Արտահանում է ծխախոտ, բամբակ, ցիտրուսներ, չամիչ, ձիթապտուղ, գինի, ինչպես նաև արդ. և տնայնագործական իրեր, հանքային հումք, ներմուծում` մեքենաներ, տրանսպորտային միջոցներ, վառելիք (նավթ, քարածուխ), սպառողական ապրանքներ են: Արտաքին առևտրական հաշվեկշռի դեֆիցիտը ծածկվում է նավավարձակալումից, տուրիզմից (1976–ին Հ. է այցելել 4244 հզ. օտարերկրացի տուրիստ) ստացվող եկամուտներով, օտարերկրյա վարկերով ու փոխառություններով: Առևտրական գլխավոր գործընկերներն են ԳՖՀ, ԱՄՆ, Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ՍՍՀՄ, Ճապոնիան: Եվրոպական սոցիալիստական երկրներին 1978–ին բաժին է ընկել Հ–ի արտաքին առևտրական շրջանառության 12,2–ը: Դրամական միավորը դրախմին է: ՍՍՀՄ Պետբանկի 1980–ի կուրսով 100 դրախմին 1,69 ռուբլու:
Զինված ուժերը: Հ–ի զինված ուժերը կազմված են ցամաքային զորքերից, ռազմաօդային և ռազմածովային ուժերից: Գլխավորում է ազգային պաշտպանության մինիստրը, որին ենթակա են զինված ուժերի հրամանատարը, Զինված ուժերի գերագույն խորհուրդը և ցամաքային զորքերի, ՌՕՈՒ–ի, ՌԾՈՒ–ի հրամանատարները: Խաղաղ ժամանակ գինծառայության զորակոչվում են 21 տարին լրացրած տղամարդիկ, ծառայության ժամկետը ցամաքային զորքերում և ռազմածովային ուժերում 24 ամիս է, ռազմա–օդային ուժերում` 34 ամիս: Ցամաքային զորքերը (ավելի քան 120 հզ. մարդ) կազմված են 1–ին (կենտրոնական) դաշտային բանակից (3 կորպուս), դիվերսիոն–դեսանտային զորքերից և ներքին շրջանների ու կղզիների զորքերից, ինչպես նաև տակտիկական հրթիռների 2 դիվիզիոնից: Ռազմաօդային ուժերը (շուրջ 23 հզ. մարդ) կազմված են հրամանատարությունից, ավիացիոն թևերից, մարտական ավիացիայի 9 էսկադրիլիայից, տրանսպորտային ինքնաթիռների 2 էսկադրիլիայից ևն (ընդամենը հաշվվում է շուրջ 250 մարտական ինքնաթիռ): Ռազմածովային ուժերը (շուրջ 20 հզ. մարդ) կազմված են 2 հրամանատարությունից` Եգեյան ՌԾՈՒ–ի և Կրետական ու Հոնիական ծովերի ՌԾՌԻ–ի, ընդամենը` շուրջ 130 նավ: Գլխավոր ռազմածովային բազաներն են Սալոնիկը, Պիրեան, Պատրուն ևն: Հ–ի զինված ուժերի մարտական և օպերատիվ նախապատրաստությունն անցկացվում է ՆԱՏՕ–ի հրամանատարության ղեկավարությամբ, բոլոր զորատեսակները զինված են հիմնականում ամերիկյան տեխնիկայով:
Բժշկաաշխարհագրական բնութագիրը: 1975–ին Հ–ում ծնունդը կազմել է 1000 բնակչին 15,6, մահացությունը` 8,9, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին` 24,1: Տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 67,5 տարի է, կանանցը` 70,7: Մահացության հիմնական պատճառներն են` սրտի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, կենտրոնական նյարդային համակարգի անոթային ախտահարումները, վաղ մանկական տարիքի հիվանդությունները, թոքաբորբերը, շաքարախտը ևն: Տարածված են նաև վարակիչ հիվանդությունները (գրիպ, կարմրուկ, կապույտ հազ, շնչառական ուղիների տուբերկուլոզ, սիֆիլիս, քութեշ, որովայնային տիֆ, դիֆթերիա ևն): Առողջապահության գործը ղեկավարում է սոցիալական ծառայությունների մինիստրությունը: 1973–ին գործել է 720 հիվանդանոց` 56 հզ. մահճակալով (1000 բնակչին` 6,3 մահճակալ), որից 1971–ին` 207–ը (26 հզ. մահճակալով) պետական: 1972–ին աշխատել են 15,3 հզ. բժիշկ (579 բնակչին` 1 բժիշկ), այդ թվում` 4,4 հզ. ատամնաբույժ, 10,9 հզ. բուժքույր, 2,5 հզ. դեղագործ, 1970–ին` 3,1 հզ. մանկաբարձ: Բժշկ. կադրեր են պատրաստում Աթենքի և Սալոնիկի համալսարանների բժշկ. և դեղագործական ֆակուլտետները, բուժքույրեր` 8, մանկաբարձներ` 3 դպրոց: Առողջապահության ծախսերը 1971–ին կազմել են պետ. բյուջեի 3,1–ը: Հռչակված են Սալոնիկի, Դելփիքի, Պատրայի և Կերկիրա կղզու առողջարանները:
Լուսավորությունը: Հ–ում պարտադիր տարրական կրթության մասին առաջին օրենքն ընդունվել է 1834–ին, 6–ամյա ձրի պարտադիր տարրական կրթություն է մտցվել 1929–ին: Կրթության գործը ղեկավարում է լուսավորության և պաշտամունքի մինիստրությունը: Դպրոցը եկեղեցուց անջատված չէ: Կան պետ. և մասնավոր ուս. հաստատություններ: Կրթական համակարգի մեջ մտնում են մանկապարտեզները (3,5– 5,5 տարեկան երեխաների համար), տարրական պարտադիր դպրոցները (6–ամյա), միջնակարգ հանրակրթական դպրոցները` 3–ամյա գիմնազիաներ (ոչ լրիվ միջնակարգ դպրոց) և 3–ամյա լիցեյներ (լրիվ միջնակարգ դպրոց): Բարձրագույն ուս. հաստատություն ընդունվելու իրավունք ես ստանում լիցեյն ավարտելուց հետո: Տարրական դպրոցի կամ գիմնազիայի 1– 3 դասարանների բազայի վրա աշխատում են պրոֆեսիոնալ ուս. հաստատությունները (2–6 ամյա): Նախադպրոցական հիմնարկների համար դաստիարակներ են պատրաստում 4–ամյա մանկավարժական դպրոցները, տարրական դպրոցի ուսուցիչներ` 3–ամյա մանկավարժական ակադեմիաները, միջնակարգ դպրոցի ուսուցիչներ` համալսարանները: Խոշորագույն բուհերն են Աթենքի (հիմնադրվել է 1837–ին), Սալոնիկի (1925) և Պատրայի (1966) համալսարանները, Աթենքի պոլիտեխնիկական ինստ–ը (1836): Խոշորագույն գրադարաններն են` Ազգային (հիմնադրվել է 1828–ին, 1 մլն գիրք). Դեպուտատների պալատի (1844, 960 հզ. գիրք), երկուսն էլ` Աթենքում, Սալոնիկի համալսարանի (1927, 300 հզ. գիրք), թանգարանները` Ազգային հնագիտական (1874), Ակրոպոլիսի (1878), Բյուզանդական (1914), Բենակիի (1931), Գեղանկարչության ազգային պատկերասրահը (1900), բոլորն էլ` Աթենքում, Օլիմպիայի, Դելփիքի, Կորնթոսի, Տոոդոս և Կրետե կղզիների հնագիտական թանգարանները: Գիտությունը և գիտական հիմնարկները: Բնական և տեխնիկական գիտությունները: Հ–ում բնական և տեխ. գիտություններն սկսել են զարգանալ երկիրն օսմանյան լծից ազատագրելուց հետո: XIX դ. 40–ական թթ. գիտական հիմնական կենտրոնը դարձել է Աթենքի համալսարանը, որի բնագիտական ամբիոնները 1887–ին միավորվել են մի բաժնի մեջ և 1920–ին կազմել բնական գիտությունների ֆակուլտետը: XX դ. սկգբին արդյունաբերության արագ աճը խթանել է տեխ. գիտությունների զարգացումը, հետազոտությունների կենտրոն է դարձել Աթենքի պոլիտեխնիկական ինստ–ը: Առաջընթաց են ապրել նաև գյուղատնտ. գիտությունները: Ֆիզիկայի բնագավառում կարևորագույն գիտական հիմնարկը միջուկային հետազոտությունների կենտրոնն է (հիմնվել է 1961–ին, ունի ատոմային ռեակտոր և պրոտոնների արագացուցիչ): Կենտրոնն զբաղվում է ռադիոիզոտոպների արտադրությամբ և ռադիոակտիվ միներալների հետազոտությամբ: Աստղագիտության, մթնոլորտի ֆիզիկայի, սեյսմոլոգիայի, օդերևութաբանության բնագավառի հետազոտություններով զբաղվում է Աթենքի աստղադիտարանը (1842), կիրառական մաթեմատիկայի հարցերով` Աթենքի ԳԱ հաշվողական կենտրոնը (1959), երկրի երկրբ. և հիդրոերկրաբանական ուսումնասիրությամբ, օգտակար հանածոների հետախուզման ու դրանց հարստացման խնդիրներով` Երկրաբանական և ենթահողային հետազոտությունների ինստ–ը (1952): Գյուղատնտեսության բնագավառում հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է ցորենի և բամբակի բերքատվության բարձրացման, շաքարի ճակնդեղի արտադրության վրա: Բժշկ. հետազոտությունները կատարվում են համալսարանների բժշկ. ֆակուլտետներում և Աթենքի հիգիենայի ինստ–ում: Քաղցկեղի դեմ պայքարի պրոբլեմով զբաղվում է Ուռուցքաբանության ինսաը (1938): Գիտահետազոտական աշխատանքները համաձայնեցնում են կոորդինացման մինիստրությունը և մասամբ Աթենքի ԳԱ (հիմնվել է 1926–ին): Գիտահետազոտական աշխատանքների կազմակերպմանը մասնակցում է նաև գիտական հետազոտությունների Թագավորական ֆոնդը (1958), որը ֆինանսավորում է բնական և հումանիտար գիտությունների բնագավառի հետազոտությունները (գլխավորապես` համալսարաններում): Թեև ետպատերազմյան շրջանում աճել է գիտահետազոտական աշխատանքների ծավալը, սակայն դրանց մակարդակը ետ է մնում գիտատեխնիկական զարգացման ժամանակակից պահանջներից: Գիտական աշխատողների թվով Եվրոպայի կապիտալիստական երկրների մեջ Հ. զբաղեցնում է վերջին տեղերից մեկը:
Հասարակական գիտությունները: XV դ. կեսից Հ–ում սկսել է զարգանալ ռեֆորմիստական և հումանիստական շարժումը` կապված հին հուն. ավանդույթների վերածննդի հետ: Հուն. Վերածննդի (XV դ. կես –XVIII դ. կես) հայտնի ներկայացուցիչներն էին Ն. Մավրոկորդատոսը, Վ. Դամոդոսը և ուրիշներ: XVIII դ. Կեսից սկսվել է Լուսավորականության շարժումը, որի գործիչները (Ե. Վուլգարիս, Ի. Սիսիոդակիս, Վենիամին Լեսբոսցի, հեղափոխական դեմոկրատ Ռ. Վելեստինլիս, Ա. Կորաիս) պաշտպանում էին հասարակական առաջադիմության գաղափարը և կոչ էին անում թուրք, լծից ազատագրվել զինված պայքարի միջոցով: XIX դ. 50–60–ական թթ. երևան են եկել հուն, նոր պատմագրության առաջին աշխատությունները` նվիրված 1821–29–ի հուն, ազգային–ազատագրական հեղափոխությանը (Մ. Տրիկուպիս, Ի. Ֆիլիմոն և ուրիշներ): XIX դ. վերջին –XX դ. սկզբին հույն պատմաբանների և փիլիսաիաների աշխատություններում փորձ է արվել հիմնավորելու այսպես կոչված «Մեծ գաղափարը որի իմաստն էր Բյուզանդական կայսրության վերածնունդը, հուն. բոլոր հողերի ազատագրումը և հուն. նոր պետության ստեղծումը` Կ. Պոլիս մայրաքաղաքով: Այդ կապակցությամբ սկսվեց Բյուզանդիայի պատմության և տնտեսության բազմակողմանի ուսումնասիրությունը (Ս. Լամբրոս, Ա. Անդրեադիս և ուրիշներ): Փիլիսոփայության մեջ զգացվում էր նիցշեականության ազդեցությունը, որը դարձավ «մեծ գաղափարի» տեսական հիմքը: XX դ. սկզբից Հ–ում սկսեց տարածվել մարքսիզմը: Առաջավոր մտքի ձևավորմանը նպաստեց Գ. Սկլիրոսի «Մեր սոցիալական հարցը» (1907) գործը: Հուն. մարքսիստական պատմագրության առաջացումը կապված է ականավոր պատմաբան Յանիս Կորդատոսի (1891–1961) անվան հետ, որը լուսաբանել է Հ–ի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 1924–ը: Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո հույն պատմաբանների և փիլիսոփաների աշխատություններում «մեծ գաղափարը» փոխակերպվեց «հունա–քրիստոնեական մշակույթի» գաղափարի, որի նպատակը ոչ թե Հ–ի տարածքային, այլ հոգևոր վերածնունդն է: Պատմագրության մեջ շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ Բյուզանդիայի (Ա, Վակալոպուլոս, Ի. Կարայանոպուլոս և ուրիշներ), 1821–29–ի հուն, ազգային–ազատագրական հեղափոխության (Դ. Կոկինոս և ուրիշներ) պատմությունը: Փիլիսոփայության մեջ ազդեցիկ են դառնում նեոկանտականությունը, ֆենոմենոլոգիան, իռացիոնալիզմի տարբեր ձևերը, էկզիստենցիալիզմը: Տնտեսագիտության մեջ ձևավորվում են տարբեր ուղղություններ, բուրժ. քաղաքատնտեսության աջ թևը (Կ. Զոլոտաս, Ա. Անդրեադիս և ուրիշներ) հանդես էր գալիս տեղական օլիգարխիայի դիրքերի ամրապնդման և երկրի տնտեսությունը օտարերկրյա կապիտալի շահերին ենթարկելու տնտ. քաղաքականության տեսական հիմնավորմամբ: Լիբերալ բուրժուազիայի գաղափարախոսները (Ա. Պապանդրեու, Վ. Վելիվանիս և ուրիշներ) կողմ էին «պլանային կամ կարգավորվող կապիտալիզմի» տեսությանը: «Բուրժ. սոցիալիզմի» ներկայացուցիչները (Ա. Անգելոպուլոս, Վ. Դամադաս և ուրիշներ) մշակում էին «դեմոկրատական պլանավորման» (որը իբրև տանում է դեպի սոցիափզմ) տեսական հիմունքները: Բուրժ. քաղաքատնտեսության բոլոր հոսանքների դեմ անհաշտ պայքարում կազմավորվել ու զարգանում է մարքսիստական տնտեսագիաական միտքը (Պ. Մավրոմատիս, Գ. Ֆարակոս և ուրիշներ): Հակամարքսիստական ուղղությունների դեմ պայքարը գլխավորեց հայտնի մարքսիստ փիլիսոփա Դ. Գլինոսը: Պատմական մատերիալիզմի մեթոդներն է օգտագործել Խ. Թեոդորիդոսը` հին հուն. փիլիսոփայության խնդիրները վերլուծելիս: Փիլիսոփայության մեջ մարքսիստական մտքի ներկայացուցիչներն են Յա. Իմվրիոտիսը, Ն. Կիցիկիսը, պատմագրության մեջ` Տ. Վուռնասը, Գ. Զոիդիսը, տնտեսագիտության մեջ` Պ. Մավրոմատիսը, Գ. Ֆարակոսը և ուրիշներ: 1967–ի ապրիլի 21–ից հետո Հ–ում հաստատված ռազմ. դիկտատուրայի պայմաններում արգելվեց մարքսիստական փիլ., պատմական և տնտեսագիտական միտքը: 1974–ին Հուն. քաղաքացիական կառավարության իշխանության վերականգնումից հետո մարքսիստական և բուրժ. հասարակագիտական միտքը հետագա զարգացում ապրեց: Հասարակագիտական հիմնական կենտրոններն են` Աթենքի ԳԱ, Աթենքի և Սալոնիկի համալսարանները, Միջնադարյան և նոր հելլենիզմի ուսումնասիրության կենտրոնը, ժամանակակից հելլենիզմի ուսումնասիրության կենտրոնը, Բալկանագիտության ինստը, Տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնը, Պատմական և ազգագրական ընկերությունը: Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը: Հ–ում պարբերական մամուլը երևան է եկել XIX դ. 2–րդ կեսին: Լույս են տեսնում ավելի քան 400 թերթ և հանդես (1977): Կարևոր տեղ են գրավում աթենական և սալոնիկյան հրատարակությունները: Խոշորագույն թերթերն են` «Ռիզոսպաստիս» («1918–ից, ՀԿԿ ԿԿ օրգան), «Կաթիմերինի» («1919–ից), «Վիմա» («1922–ից), «Ակրոպոլիս» («1881–ից), «Ապողևմատինի» («A», 1952–ից), «Նեա» («1931–ից), «Էլևթերոտիպիա» («E» 1975–ից), «Վրադինի» («B», 1924–ից), «Էլևթերոս կոսմոս» («E», 1966–ից), «Ավղի» («А», 1951–ից): Պաշտոնական ինֆորմացիոն գործակալությունը (Աթինաիկոն պրակտորիոն իդիսեոն) հիմնվել է 1895–ին, Աթենքում: Ռադիոհաղորդումները արվում են 1938–ից (հուն., ֆրանս., անգլ.), հեռուստահաղորդումները` 1965–ից:
Գրականությունը: Հ–ի նոր գրականությունը կազմավորվել է Բյուզանդիայի կործանումից հետո, առաջին դարերում` անտիկ և բյուզանդական մշակույթի (տես [Հունաստան Հին և Բյուզանդիա հոդվածների Գրականություն մասը) ավանդույթների, Վերածննդի դարաշրջանի գաղափարների և, ամենից առաջ, հույն ժողովրդի բանավոր ստեղծագործության («Վասիլ Դիգենիս Ակրիտաս» էպոսը, IX– XI դդ., հայ. հրտ. 1978) ազդեցությամբ: XV– XVII դդ. գրականությունը զարգացել է Հռոդոս, Դոդեկանես, Կրետե և այլ կղզիներում: XVI– XVII դդ. հունարեն գրականությունը որոշ զարգացում է ապրել Կ. Պոլսում: XVIII–XIX դդ. սկզբներին ծաղկել է հունալեզու նկարագրական գրականությունը (Կ. Դապոնտես, 1714–84, Մ. Յոհաննու, մահ. 1748, Ի. Պանձելիոս): Մեծ նշանակություն է ունեցել հեղափոխական դեմոկրատ Ռիգաս (Ֆերեոս) Վելեստինլիսի (մոտ 1757– 798) քաղաքացիական քնարերգությունը: XIX դ. սկզբներին են գրվել Ա. Քրիստոպուլոսի (1772–1847) և Յա. Վիլարասի (1771–1823) Անակրեոնյան բանաստեղծությունները: Ժողովրդի հեղափոխական սխրանքներն են երգել Ա. Կալվոսը (1792– 1869), Ա. Սուցոսը (1803–63), Ա. Վալաորիտիսը (1824–79): «Բազիլիկ» (1829) դրամայի հեղինակ Ա. Մատեսիսը (1794– 1875) հիմնադրել է ազգային դրամատուրգիան: Հետաքրքիր են 1821–29–ի հուն. ազգային ազատագրական հնղափոխության գործիչներ Յա. Մակրիյանիսի և Թ. Կոլոկոտրոնիոի հուշագրությունները: Ազատասիրական տրամադրություններն են բնորոշ հոնիական դպրոցի հիմնադիր Դ. Սոլոմոսի (1798–1857), Պ. Սուցոսի (1806–68), Ա. Ռանգավիսի (1809–92) և Աթենական 1–ին դպրոցի այլ բանաստեղծների համար: Պատմավեպի ժանր են մշակել Կ. Ռամփոսը (1778–1871), Պ. Կսլիգասը (1814–96), Է. Ռոիդիսը (1836– 1904): Վերջինս «Պապուհհ Յոհաննա» (1886) հակակղերական վեպի համար բանադրվել է եկեղեցու կողմից: Նույն բախտին է արժանացել նաև երգիծաբան Ա. Լսակարատոսը (1811–1901): Ժող. լեզուն և ազգային թեմատիկան է արմատավորել Աթենական 2–րդ դպրոցի հիմնադիր Կ. Պալամասը (1859–1943): Ն. Պոլիտիսը (1852–1921) ուսումնասիրել է հուն. ֆոլկլորագիտությունը: Ի. Փսիխարիսը (1854–1929) գլխավորել է արվեստի մեջ ժող. խոսակցական լեզուն կիրառելու շարժումը: Արձակում ռեալիզմ են հաստատել Գ. Քսենոպուլուսը (1867–1951), Ա. Պապադիամանդիսը (1851–1911), Ա. Կարկավրցասը (1865–1922): Սոցիալիստական ռեալիզմի և մարքսիստական գեղագիտության ոգով են գրված Կ. Վառնալիսի (ծն. 1884), Յա. Ռիցոսի (ծն. 1909), Կ. Ֆրակիոտի (ծն. 1910), Ն. Վրետտակոսի (ծն. 1911) գործերը: Արձակագիրներ Դ. Վուտիրասը (1871–1958), Պ. Պիկրոսը (1900–57), Է. Ալեքսիուն (ծն. 1898), Լ. Նակուն (ծն. 1905), Ն. Կատիֆորիսը (1903–69), Թ. Կոռնարոսը (1909–70), Մ. Լունդեմիսը (ծն. 1912) մշակել են «փոքր մարդու» թեման: 1920–1930–ական թթ. հակապատերազմական ստեղծագործություններից աչքի է ընկնում Ս. Միրիվիլիսի (1892–1969) «Կյանքը գերեզմանում» (1924) վեպը: Սոցիալական մոտիվներն են արտացոլված քննադատական ռեալիզմի հետևորդներ Գ. Թեոտոկասի (1905–66), Ա. Թերզակիսի (ծն. 1907) և ուրիշների ստեղծագործության մեջ: Պեսիմիզմն ու գեդոնիգմն են Կ. Կավաֆիսի (1863–1933) պոեզիայի հատկանշական գծերը: Հ–ի և աշխարհի ճակատագրի հետ կապված դրամատիկական խոհերն են բնորոշ Գ. Սեֆերիսի (1900–71) բանաստեղծական կերպարի համար: Սյուրռեալիզմի ազդեցությունն են կրել բանաստեղծներ Ա. Էմբիրիկոսը (ծն. 1901), Ն. Էնգոնոպուլոսը (ծն. 1910), մասամբ` Ն. Գացոսը (ծն. 1915), Գ. Թեմելիսը (ծն. 1900): Հ–ի գրականության մեջ նշանակալի երևույթ են եղել Ա. Սիկելիանոսի (1884–1951) «Սիբիլլա» (1940), «Քրիստոսը Հռոմում» (1946), «Դիգենիսի մահը» (1947) դրամաները: Դիմադրության հակաֆաշիստական գրականությունը ներկայացված է Սիկելիանոսի, Ն. Կարվունիսի (1880–1947), Ս. Մագրոիդի–Պապադակիի (ծն. 1905), Վ. Ռոտասի (ծն. 1889), Ֆ. Անգուլեսի (1911–64), Յա. Ռիցոսի, Գ. Կոձյուլասի (1909–56) և ուրիշների անուններով: Ետպատերազմյան տարիներին հուն. պոեզիան զարգացնում են Զ. Կարելին (1901), Ռ. Բումի–Պապան (ծն. 1906), Ն. Պապասը (ծն. 1906), Տ. Լիվադիտիսը (ծն. 1922), Տ. Պատրիկիոսը (ծն. 1924), Պ. Անթեոսը (ծն. 1920) և ուրիշներ: Բուրժ. հարաբերությունների և կրոնական կեղծ բարեպաշտության դեմ պայքարի պաթոսով է տոգորված խաղաղության միջազգային մրցանակի դափնեկիր Ն. Կազանձակիսի ստեղծագործությունը: Հերոսական ու սոցիալական մոտիվներն են հիմնականը Յա. Մանգլիսի (ծն. 1909), Կ. Սուկասի (ծն. 1899), Դ. Խաձիսի (ծն. 1913), Կ. Կոձիասի (ծն. 1921), Դ. Սոտիրիուի (ծն. 1914), Վ. Վասիլիկոսի (ծն. 1933) համար: Պատմավեպի ժանրն են հարստացրել Դ. Ֆոտիադիսը (ծն. 1898), Ս. Մելասը (ծն. 1883), Ի. Պեցալիսը (ծն. 1904): Ազատասիրական տրամադրություններ են արտահայտել Մ. Ավգերիսի (ծն. 1884), Յա. Մանուսակասի, Պ. Կորովեսիսի բանաստեղծությունները: Դեմոկրատական դիմադրության տարիներին գրականությունը ներկայացրել են Ռիցոսը, Վրետտակոսը, Օ. Էլիտիսը (ծն. 1912), Մարինան և տարագրված շատ գրողներ:
Ճարտարապետությունը և կերպարվեստը: Մինչև երկրի ազատագրումը օսմանյան լծից Հ–ում իշխել է միջնադարյան մենաստանային արվեստը, զարգացել ժող. ստեղծագործությունը` տարբեր տիպի ժող. տներ (գլխավորապես քարաշեն), ասեղնագործություն ևն: Նոր ժամանակների ճարտարապետությունը սկսել է զարգանալ 1830–ից, երբ ստեղծվել է Աթենքի կառուցապատման նախագիծը: Հույն ճարտ–ներ Մ. Կլեանտիսը և Լ. Քավթաձօղլուն մշակել են բնակելի տան նոր` կլասիցիստական համաչափություններով տիպը: Օտարազգի ճարտ–ները կառուցել են սյունաշարերով զարդարուն հասարակական շենքեր (Ազգային գրադարանը, 1832, և համալսարանը, 1837, Աթենքում, դանիացի ճարտ.` Հ. Ք. Հանսեն): XIX դ. եկեղեցական ճարտ. ընդօրինակել է բյուզանդական տիպարները: 1920–ական թթ–ից վերաճել են քաղաքները (գլխավորապես նավահանգստային` Աթենք, Սալոնիկ ևն): Կազմավորվել է Հ–ին բնորոշ բազմաբնակարան բնակելի շենքի տիպը` պատշգամբ–լոջաներով, տանիք–տեռասներով, հարմարեցված տեղական բնակլիմայական պայմաններին (ճարտ. Կ. Կիցիկիս): 1920–30–ական թթ. ճարտ. կրել է ֆունկցիոնալիզմի և նեոկլասիցիզմի ազդեցությունը: 1950–70–ական թթ. շինարարությունը կենտրոնացած էր մեծ մասամբ Աթենքում, որի շուրջը ստեղծվել են պուրակային արվարձաններ: Աթենքի կենտրոնական թաղամասերը, որոնք պահպանել են XIX դ. հնացած հատակագիծը, տարերայնորեն կառուցապատվում են բազմահարկ շենքերով: Կառուցվում են յուրահատուկ` «հունական բնույթի» վիլլաներ և մենատներ, որոնց հորինվածքներում ներդրվում են ժող. ճարտ. մոտիվները (ճարտ. Դ. Պիկիոնիս և ուրիշներ): Բնակելի տներից բացի զարգանում է նաև թանգարանային շենքերի և հյուրանոցների ճարտ., որին բնորոշ է ներդաշնակությունը երկրի պատմական լանդշաֆտին (ճարտ–ներ` Ք. Սֆաելոս, Պ. Վասիլիադիս): Հ–ում գնալով մեծանում է ճարտ. ֆիրմաների դերը (խոշորագույնը Կ. Դոկսիադիսի ֆիրման է): Նոր ժամանակների կերպարվեստում (XIX դ. 1–ին կես) նկատելի է հակումը աշխարհիկ թեմատիկայի հանդեպ (Ն. Կանդունիսի և Ն. Կունելակիսի նաիվ և ճշգրիտ դիմանկարները): XIX դ. 2–րդ կեսի առաջատար գեղանկարիչները, յուրացնելով մյունխենյան ակադեմիզմի հնարքները, դիմել են ազգային, ժող. թեմաների (Ն. Լիտրաս, Ն. Գիզիս): 1920–ական թթ. գեղանկարիչները, սնվելով եվրոպական արվեստի նորագույն ուղղություններից, ստեղծել են ազգային կերպարներ (գեղանկարիչ` Կ. Պարաենիս, քանդակագործ` Յա. Խալեպաս): XX դ. կեսին ի հայտ են եկել տարբեր ուղղություններ` XIX դ. ավանդույթների (գեղանկարիչ Ա. Գեորգիադիս), XX դ. եվրոպական ռեալիզմի (գեղանկարիչ` Յա. Մորալիս), միջնադարյան և ժող. արվեստի (որմնանկարիչ` Ֆ. Կոնդօդլու), ինչպես նաև անտիկ դասական արվեստի (գրաֆիկներ Դ. Դալանիս, Յա. Կեֆալինոս) ու արխաիկայի (քանդակագործ` Ա. Սոխոս) հետևորդները: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) տարիներին ժողովրդի ազատագրական պայքարը նպաստել է խորապես դեմոկրատական, ռեալիստական հոսանքի զարգացմանը (գեղանկարիչ` Վ. Սեմերցիդիս, քանդակագործ` Խ. Կապրալոս, գրաֆիկ Վ. Կատրակի): Միաժամանակ ձևավորվել են մոդեռնիստական հոսանքները (գեղանկարիչ` U. Կոնդոպուլոս, քանդակագործ` Լ. Լամերաս):
Երաժշտությունը: Հուն. երաժշտական մշակույթը աշխարհում հնագույններից է (տես Հունաստան Հին, Երաժշտությունը մասը): Միջին դարերում հուն. երաժշտությունը զարգացել է բյուզանդական երաժշտական մշակույթի հունով: Երաժշտական գործիքներից են` լյուտնյան, քնարը, բուզուկին, սրինգը, ջութակը, պարկապզուկը: Պրոֆեսիոնալ երաժշտությունը ձևավորվել է XIX դ. 30–ական թթ.: Կերկիրա կղզու ֆիլհարմոնիկ ընկերության (1840) հիմնադիր Ն. Մանձարոսը գրել է «Ազատության հիմնի» երաժշտությունը (խոսք` Դ. Աոլոմոսի), օլիմպիական խաղերի հիմնի հեղինակն է Ս. Սամարասը (առաջին կատարումը` 1896–ին, Աթենք): 1821–1829–ի ազգային–ազատագրական հեղափոխության ազդեցությամբ են ստեղծվել Պ. Կարերի օպերաներն ու երգերը: Հուն. ազգային երաժշտական նոր դպրոցի հիմնադիրներից է Մ. Կալոմիրիսը (Աթենքում Հունական և Ազգային կոնսերվատորիաների հիմնադիր, օպերաների, սիմֆոնիկ երկերի հեղինակ), նաև` Դ. Լավրանզան (հուն. առաջին օպերային խմբի կազմակերպիչը, 1900), Մ. Վարվոգլիսը, Գ. Լամբելետը, Է. Ռիադիսը, Լ. Մարգարիտիսը (Սալոնիկի կոնսերվատորիայի հիմնադիր): 1940–50–ական թթ. կեսերի կոմպոզիտորները, այդ թվում` Մ. Խաձիդակիսը և Մ. Թեոդորակիսը, հիմնականում ստեղծագործում էին երգի ասպարեզում: Կատարողներից են դիրիժոր Ֆ. Վավայանիսը, Ա. Պարիդիսը, երգչուհի Մ. Կալասը, ջութակահար Ն. Դիկեոսը և ուրիշներ: Հ–ում գործում են Ազգային օպերային թատրոնը (հիմն. 1940–ին, Աթենք), 5 սիմֆոնիկ նվագախումբ, երգի–պարի անսամբլ, Պետական կոնսերվատորիա (Սալոնիկում, հիմն. 1914), մասնավոր երաժշտական ընկերությունների` Աթենական (1871), Պիրեայի (1904), Հունական (1919) և Ազգային (1926) կոնսերվատորիաներ, միջնակարգ երաժշտական ուս. հաստատություններ:
Թատրոնը: Բյուզանդական կայսրության շրջանում անտիկ թատերարվեստի (տես Հունաստան Հին, Թատրոնը մասը) ավանդույթները ընդհատվել են: XV դ.– XIX դ. 1–ին կեսին հուն. նոր թատրոնի զարգացմանը արգելակել է օսմանյան լուծը: Սիրողական խմբեր կազմակերպվել են ազգային–ազատագրական պայքարի շրջանում: 1830–ին Սիրոս կղզում հիմնադրվել է թատրոն: 1875–ից Աթենքում կառուցվել են թատրոններ, կազմակերպվել բազմաթիվ թատերախմբեր: 1901–06–ին գործել է Կ. Խրիստոմանոսի «Նեա սկինի» («Նոր բեմ») ռեալիստական թատրոնը: 1901–ին հիմնադրվել է պետ. Թագավորական թատրոնը, որտեղ աշխատել է հույն առաջին պրոֆեսիոնալ ռեժիսորներից մեկը` Թ. Իկոնոմուն: XIX–XX դդ. սահմանագծին ժամանակակից կյանքի թեմաներով պիեսներ են գրել Գ. Քսենոպուլոսը, Գ. Նիրվանասը, Պ. Խորնը և ուրիշներ: 1930–ին առաջադեմ թատերական գործիչ և դրամատուրգ Վ. Ռոտասը հիմնել է ժողովրդական թատրոն (գործել է մինչև 1934–ը), ռեժիսոր և դերասան Կ. Կունը (Դ. Դիվարիսի մասնակցությամբ) բացել է «ժողովրդական բեմ» թատրոնը: Թատերական կյանքի նշանակալից երևույթներ են եղել Ազգային թատրոնի (հիմն.1932–ին) ներկայացումները: Թատրոններեն կազմակերպվել Վ. Արիստոպուլոսի (1924–ից), Կ. Մուսուրիսի (1934–ից), Կ. Անդրեադիի (1936–ից) ղեկավարությամբ: Ֆաշիստական դիկտատուրայի (1936–41) և գերմանա–ֆաշիստական օկուպացիայի (1941–44) տարիներին ներկայացումներն արգելվել են: 1945–ին հիմնվել է «Միավորված արտիստներ» թատրոնը: 1946–ին քաղ. ռեակցիայի պատճառով թատրոնը փակվել է: 1955–ին ստեղծվել է Հունական ժողովրդական թատրոնը` Մ. Կատրակիսի ղեկավարությամբ: 1940–50–ական թթ. նշանավոր երևույթ էր «Թեատրոն տեխնիս»–ը («Գեղարվեստական թատրոն», 1942–ին հիմնել է ռեժիսոր Կ. Կունը), որի լավագույն բեմադրություններից են Բրեխտի «Կովկասյան կավճե շրջանը» (1957), Յա. Կամբանելիսի «Հրաշքների բակը» (1958), Չեխովի «Քեռի վանյա» (1960): 1959–ին բացվել է «Նեոն թեատրոն»–ը («Նոր թատրոն»): Հուն. թատրոնի կյանքում նշանավոր երևույթ են Պիրեայի թատրոնի (1957–ին հիմնել է ռեժիսոր Դ. Ռոնդիրիսը` առաջատար դերասանուհի U. Պապաթանասիուի մասնակցությամբ. 1962–ին, 1963–ին թատրոնը հանդես է եկել ՍՍՀՄ–ում) բեմադրած Շեքսպիրի, Շիլլերի պիեսների, հին հուն. ողբերգությունների ներկայացումները: 1960–ին հիմնադրվել է «Պորիա» («Ուղի») թատրոնը: Թատերական գործիչներից են` ռեժիսորներ Մ. Լիգիզոսը, Մ. Կակոյանիսը, դերասաններ Ա. Ալեքսանդրակիսը, Մ. Մերկուրին, Է. Վերիսը: XIX դ. 2–րդ կեսից Հ–ում տարածում է գտել ժող. ղարագյոզ թատրոնը:
Կինոն: 1906–ին Հ–ում նկարահանվել է առաջին վավերագրական ֆիլմը, 1911–12–ին` կարճամետրաժ կինոկոմեդիաներ: 1914–ին հիմնադրվել է «Աթենք–ֆիլմ» ֆիրման, սկսվել լիամետրաժ կինոնկարների արտադրությունը: 1928–31–ին գործել է «Դագֆիլմ» խոշոր կինոֆիրման: Այդ շրջանի ֆիլմերից են` «Սեր և ալիքներ» (1927), «Շղթայված Պրոմեթնս» (1929, երկուսն էլ` ռեժիսոր` Դ. Գագիադիս): 1932–ին թողարկվել է առաջին հնչուն ֆիլմը: Գերմանա–ֆաշիստական օկուպացիայի շրջանում ցուցադրվել են գերմ. և իտալ. ֆիլմեր: Ազատագրումից հետո թողարկվել է տարեկան 8–9 ֆիլմ: 1940–ական թթ. ֆիլմերից են` «Մարինոս Կոնդարաս» (1946, ռեժիսոր` Գ. Չավելաս), «Վերջին առաքելություն» (1949, ռեժիսոր` Ն. Ցիֆորոս): 1950–60–ական թթ. սկզբին նկարահանվել են ժամանակակից կյանքին նվիրված ֆիլմեր (տարեկան մոտ 45)` մեծ մասը մելոդրամաներ, կոպիտ ֆարսեր, արկածային ժապավեններ, որոնցից առանձնանում են «Հելլադայի զավակները» (1951, ռեժիսոր` Գ. Զերվ nu), «Կեղծ դրամ» (1955), «Անտիգոնե» (1961, երկուսն էլ ռեժիսոր` Զավելաս), «Դառը հաց» (1951, ռեժիսոր` Գ. Գրիգորիու»), «Ստելլա» (1955), «Սևազգեստ աղջիկը» (1957), «Էլեկտրա» (1962, բոլորն էլ ռեժիսոր` Մ. Կակոյանիս), «Դեպի նավ» (1966, ռեժիսոր` U. Դամիանոս): Նշանավոր հույն դերասաններից են Ի. Պապասը, Կ. Պաքսինուն, Մ. Մերկուրին: Վավերագրական կինոյում հայտնի են ռեժիսորներ Ն. Կունդուրոսը, Տ. Կանելոպուլոսը: Սալոնիկում տեղի են ունենում ամենամյա կինոփառատոներ:
Հայերը Հունաստանում: Հունահայ համայնքի առաջացման թվականը դեռևս ճշտված չէ: Հայերը Հ–ում զանգվածային բնակություն սկսել են հաստատել V–VI դդ., հայկ. պետականության անկման և պարսկա–բյուզանդական պատերազմների պատճառով շատ հայեր (հատկապես հակապարսկական կողմնորոշում ունեցողները) ապաստանել են Հ–ում: Մեծ թվով հայեր Հ. են տեղափոխվել 451–ի Ավարայրի ճակատամարտից հետո. Արշակունի Արտավան և Գազրիկի շխանները (իրենց գերդաստաններով) հաստատվել են Մակեդոնիայի Նիկիա քաղաքում: Կայսրության սահմաններն ապահովելու նպատակով բյուզանդական կայսրերը VI– VII դդ. բազմաթիվ հայերի (շուրջ 30 հզ.) գաղթեցրել և բնակեցրել են Թրակիայում ու Մակեդոնիայում, VIII–IX դդ. Թրակիա են քշվել բազմահազար պավլիկյաններ, որոնք պավլիկյան ուսմունքի տարածողները եղան Հ–ում և, ընդհանրապես, Բալկաններում: Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանում հունահայերի քաղ., տնտ., մշակութային գործունեության մասին տես Բյուզանդիա հոդվածում: Կիլիկիայում հայկ. պետականության ստեղծումից հետո, XI–XII դդ. բազմաթիվ հունահայեր գաղթել են Կիլիկիա, որի հետևանքով հունահայ գաղթավայրերը նոսրացել են ու նվազել: 1453–ին, երբ թուրքերը գրավեցին Կ. Պոլիսը, հայկ. փոքր համայնքներ էին պահպանվել միայն Կ. Պոլսում ու Թրակիայում: Հ–ի հայ գաղթավայրերը կրկին բազմամարդ են դարձել XVII–XVIII դդ.` թուրք, բռնատիրությունից խուսափած հայերի հաշվին: 1737–ին Թեքիրղադի առաջնորդությանը կաթողիկոս Աբրահամ Կրետացու հղած կոնդակում հիշատակվում են Թրակիայի և Մակեդոնիայի շուրջ 30 բնակավայրեր (Սալոնիկ, Սերե, Կյումյուլճինե, Տսանթի, Կավալլա, Դիդիմոտիխոն ևն), ուր կային հայկ. համայնքներ: Մխիթար Սեբաստացին, մինչև Վենետիկի Ս. Ղազար կղզի տեղափոխվելը, 1701– 1715–ին իր աշակերտներով հաստատված է եղել Հ–ի Մորեա թերակղզու Մեթոն բերդաքաղաքում: Հունահայ գաղթավայրի համար մեծ նշանակություն է ունեցել Հ–ի անկախություն ստանալը (1829), որից հետո հայերի նոր հոսք է սկսվել Հ.: Հունահայ համայնքը ավելի ստվարացել է Թուրքիայում 1895–96–ի հայկ. կոտորածներից, ինչպես նաև 1915–ի Մեծ եղեռնից և, այնուհետև, 1922–ի հույն–թուրքական պատերազմից հետո Թուրքիայից փախածների հաշվին: 1922–23–ին Հ–ում հայ գաղթականների թիվը հասել է 120 h զ–ի (որից 20 հզ. որբեր): Հայերը հիմնականում կենտրոնացած էին Թրակիայի ու Մակեդոնիայի (հատկապես` Սալոնիկում) քաղաքներում, ինչպես նաև Աթենքում, Պիրեայում ու Կրետե, Սամոս, Միտիլինի, Քիոս, Սիրա, Զակինթոս, Կորֆու ևն հուն. կղզիներում: Հայ գաղթավայրի որի կազմը միատարր չէր` գյուղացիներ (հիմնականում շերամապահներ), բանվորներ (աշխատում էին ծխախոտի և տեքստիլ գործարաններում), արհեստավորներ (գորգագործներ, ոսկերիչներ), առևտրականներ, մտավորականներ վարչական–մշակութային կյանքը կազմակերպում էին Առաջնորդարանն ու Ազգային կենտրոնական վարչությունը, որոնք ճանաչված էին հուն. իշխանությունների կողմից: Աթենքի վարչությունը ղեկավարում էր հուն. թերակղզու և կղզիների, Սալոնիկինը` Թրակիայի ու Մակեդոնիայի հայ համայնքների ազգ. գործերը: Կարճ ժամանակում հիմնվեցին նոր հայկ. դպրոցներ (շուրջ 30), որոնց հետ աշխուժացան և հները: Կազմակերպվեցին բարեգործական, հայրենակցական, երիտասարդական, մարզական միություններ: 1924–ին ստեղծվեց ՀՕԿ–ի Հ–ի մասնաճյուղը: Սկսեցին հրատարակվել պարբերականներ«Երկունք» (1922–23), «Նոր օր» (1923–36), «Հաղթանակ» (1926–27), «Նոր շարժում» (1931–34), «Ալիք» (1923–27), «Նոր Ալիք» (1924–28), «Աշխատանք» (1926–27), «Սևան» (1933–36), «Ժողովրդի ձայն» (1930–31), «Նոր կյանք» (1945–47), «Երկիր» (1957–68), «Հունահայ տարեգիրք» ևն. ընդհանուր առմամբ, Հ–ում լույս է տեսել շուրջ 35 անուն պարբերական: Հունահայ համայնքում գործել և գործում են հայ քաղ. կուսակցություններ: 1890–ից Աթենքում է հրատարակվել հնչակյան կուսակցության կենտրոնական օրգան «Հնչակ»–ը: 1897–ին հույն–թուրքական պատերազմին մասնակցել է հնչակյանների կազմակերպած հայ կամավորական ջոկատը (600 մարդ, հրամանատար` Նշան Միրաքյան), որն արժանացել է հուն. բանակի հրամանատարության պարգևին: Հ–ի կոմկուսակցության շարքերում բազմաթիվ հայ կոմունիստներ մասնակցել են հույն աշխատավոր ժողովրդի սոցիալական ու ազատագրական պայքարին: 1939–45–ի երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ֆաշիստական օկուպացիայի շրջանում, հունահայ աշխատավորները մասնակցել են ժողովրդա–ազատագրական ճակատի (ԷԱՄ) ու պարտիզանական կռիվներին և տվել շատ զոհեր (հերոսի մահով է զոհվել կոմունիստ Վահրամ Սաքայանը): Հ–ում (հիմնականում Աթենքում և Պիրեայում, նաև Սալոնիկում) բնակվում է շուրջ 12 հզ. հայ (1980): Գործում են չորս դպրոց, երկու եկեղեցի, ՀԲԸՄ մասնաճյուղը (1910–ից), «Արարատ» միությունը, լույս են տեսնում «Նոր աշխարհ» և «Ազատ օր» թերթերը:
Ս. Կուրտիկյան
Գրկ. Ալպոյաճյան Ա., Պատմություն հայ գաղթականության, հ. 1–3, Կահիրե, 1941–61: Աբրահամյան Ա., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 1–2, Ե., 1964–67: Կոկինոս Պ., Հունահայ գաղութի պատմությունից (1918–1927), Ե., 1965: Добрынин Б. Ф., Физическая география Западной Европы, М., 1948 Грацианский А.Н., Природа Средиземноморья, М., 1971 Попов В. Д., Экономика современной Греции, М., 1971 Щпаро О. Б., Освобождение Греции и Россия (1821–29), М., 196 Տ Кирьякидис Г. Л., Греция во второй мировой войне, М., 1967 Манчха П.И., Греция наших дней, М., 1961 Мочос Я., Костас Варналис и литература греческого Сопротивления, М., 1968 Всеобщая история архитектуры, т. 7, М., 1969 Всеобщая история искусств, т. 6, кн. 1, М., 1965 Аоянакис Ф., Музыка современной Греции, «Советская музыка», 1958, 3 М ir а mbel A., La litt rature grecque moderne, P. 1953.
