ՀՍՀ/ՀՈՒՆԱՐԵՆ
ՀՈՒՆԱՐԵՆ, հույների լեզուն: Հին մակեդոներենի հետ մտնում է հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին` հուն, ճյուղի մեջ: Խոսվում է Հունաստանում (մոտ 9 մլն մարդ), Կիպրոսում (մոտ 500 հզ.), ինչպես նաև ԱՄՆ–ում (380 հզ.), ՍՍՀՄ–ում (325 հզ.) և այլուր: Հ–ի պատմությունր ընդունված է բաժանել հին և նոր շրջանների: Տարբերում են հին Հ–ի զարգացման 4 փուլ.
1. հնագույն Հ. (սկսած հնագույն առաջին գրավոր հուշարձաններից` մ. թ. ա. XIV–XII դդ., կրետե–միկենյան «գծային Բ» վանկագրից մինչև հին Հ–ի այբուբենի տարածումը մ. թ. ա. IX– VIII դդ. սկիզբը),
2. դասական Հ–ի (սկսած մ. թ. ա. VIII–VII դդ. հին Հ. բարբառներով գրականության ստեղծումից մինչև հունաբնակ համարյա ամբողջ տարածքում մ. թ. ա. IV դ. ատտիկյան բարբառի տարածումը),
3. հռոմեա–հելլենիստական` համահունական լեզվի` կոյնեի շրջան, որի հիմքում ընկած է ատտիկյան բարբառը, տարածվել է մ. թ. ա. IV դ. Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո,
4. ուշ հին Հ. կամ վաղ բյուզանդական (սկսած մ. թ. ա. IV դ. կայսրության մայրաքաղաքը Կոստանդնուպոլիս փոխադրվելուց և Արմ. Հռոմ. կայսրության առանձնանալուց, վերջացրած V–VII դդ. Հ–ի կողմից լատ–ի ամբողջությամբ դուրս մղվելու ժամանակով): Ավելի ուշ շրջանների հին Հ–ի վերլուծության հիման վրա, որոնցից պահպանվել են գրավոր հուշարձաններ, կարելի է տարբերակել հետևյալ հնագույն բարբառները.
1. հոնիա–ատտիկյան բարբառախումբ (ատտիկյան բարբառներ և հոնիական խոսվածքներ, որոնք տարածված են եղել Փոքր Ասիայի մերձափնյա շրջաններում և Եվբեա ու Կիկլադյան կղզիներում),
2. Արկադա– կիպրոսա– պամփիլյան բարբառախումբը, որն, ըստ երևույթին, նախապես տարածված է եղել Հարավային Հունաստանի և հարակից կղզիների մեծ մասում, բայց մ. թ. ա. XII–XI դարերից դուրս է մղվել այլ բարբառների կողմից և պահպանվել է միայն խոսվածքային տարբերակի տեսքով,
3. Էոլյան բարբառախումբը (Փոքր Ասիայի հս–արլ. ափերի և Լեսբոս կղզու խոսվածքները, թեսալական և բեովտական կամ բոյոտական բարբառները),
4. Դորիական բարբառախումբ, որն իր հերթին տրոհվում է ենթախմբերի` բուն դորիական կամ հարավային (լակոնական, մեսսենական, արգոլիդա–էգինյան, կորնթական, մեգարյան, Թերա, Մելոս, Հռոդոս, Կրետե կղզիների խոսվածքները) և արևմտյան (Էպիրոս, Էտոլիա, Լոկրիս, Փոկիս և այլ գավառների խոսվածքները): Դորիացիները առաջին շրջանի վերջում Հյուսիս Արևմտյան Հունաստանից շարժվեցին դեպի Պելոպոնես թերակղզին: Այս ժամանակահատվածին է վերաբերում հուն, հերոսական էպոսի ստեղծումը (Հոմերոսի պոեմները, որոնք ավելի ուշ շրջանի` մ. թ. ա. VI դ. գրառումներ ևն): Դասական շրջանի հին հուն. գրականությունը զարգացել է չորս հիմնական բարբառներով` հոնիական (Հերոդոտոս և ուրիշներ), ատտիկյան (Էսքիլես, Սոֆոկլես, Եվրիաիդես, Արիստոֆան և ուրիշներ), դորիական (Սիմոնիդես), Էոլիական (Ալկեոս, Սաֆո): Երրորդ (հռոմեա–հելլենիստական) շրջանը գրական Հ–ի պատմության մեջ բնութագրվում է մի կողմից բուն Հունաստանում և նրա սահմաններից դուրս կոյնեի տարածումով, մյուս կողմից` գրական լեզվում դասական ատտիկյան բարբառներին հարող խիստ կանոնների հաստատումով: Գրական լեզվի այդ բնույթը պահպանում է նաև վաղ բյուզանդական շրջանում: Դասական հին Հ–ի (ատտիկյան) հնչյունաբանությանը բնորոշ է երկար ու կարճ ձայնավորների և երկբարբառների հակադրությունը, երաժշտական (տոնիկ) շեշտը, ձևաբանության մեջ 4 հոլովի և բազմաթիվ հոլովումների առկայությունը, եղանակների ու ժամանակների հարուստ համակարգը: Խոսակցական լեզվում հռոմեա–հելլենիստական շրջանում նկատվում են փոփոխություններ, որոնք ուժեղանում են չորրորդ (ուշ հին Հ.) շրջանում: Խոսակցական Հ–ի քերականությունը փոփոխությունների է ենթարկվել վաղ բյուզանդական շրջանից հետո: Նոր ժամանակներում Կենտրոնական Հունաստանի քաղաքային խոսվածքների հիման վրա զարգանում է համահունական խոսակցական լեզուն` դիմոտիկան, որը հակադրվում է տեղական բարբառներին և գրավոր գրական լեզվին` կաթարևուսին («մաքրված»): XX դ. Հ–ին բնորոշ է դիմոտիկայի և կաթարևուսի մերձեցումը: Դիմոտիկան, յուրացնելով կաթարևուսի մի շարք տարրեր, ընդլայնում է օգտագործման իր ոլորտները, իսկ կաթարևուսը, կորցնելով իր արխաիկ ձևերը, վերածվում է խառը բարբառի: Ժամանակակից Հ–ի հնչյունական համակարգն ունի 5 ձայնավոր, բաղաձայնների մեջ առկա են սուլական պայթաշփականներ, լեզվատամնային շփականներ, միջլեզվայիններ: Ձևաբանական կառուցվածքին բնորոշ է 3 սեռ, 3 հոլով, յուրօրինակ խոնարհման համակարգ:
Ծ. Հարությունյան
