Jump to content

ՀՍՀ/ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1919

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 1919 (ՀՍՀ), պրոլետարիատի դիկտատուրայի պետություն Հունգարիայում: Գոյատևել է 1919–ի մարտի 21–ից օգոստ. 1–ը: Ստեղծվել է Հունգարիայում սկիզբ առած հեղափոխական վերելքի (հետևանք էր քաղ. և տնտ. ճնշման ուժեղացման, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցության) պայմաններում: Բուրժուա–դեմոկրատական հեղափոխության հետևանքով իշխանության գլուխ անցած բուրժ. կոալիցիոն կառավարությունը անճարակ գտնվեց լուծելու իր առջև դրված խնդիրները և հրաժարական տվեց` իշխանությունը հանձնելով ս–դ. ղեկավարներին: Վերջիններս չհամարձակվեցին կառավարություն կազմել առանց կոմունիստների, որոնք վայելում էին աշխատավորների վստահությունը, և բանակցություններ սկսեցին բանտում գտնվող Հունգարիայի կոմկուսի (ՀԿԿ) ղեկավարների հետ: 1919–ի մարտի 21–ին կայացավ երկու կուսակցությունների միավորումը Հունգարիայի սոցիալիստական կուսակցության մեջ, որն ընդունեց պրոլեաարիատի դիկտատուրայի սկզբունքը: Նույն օրը հռչակվեց ՀՍՀ, և կազմվեց առաջին կառավարությունը` Հեղափոխական կառավարական խորհուրդը (ՀԿԽ): ՀԿԽ (ղեկավարներ` Շ. Գարբաի, Բ. Կուն, Տ. Սամուելի, Ե. Լանդլեր և ուրիշներ) ազգայնացրեց արդ. ձեռնարկությունները, տրանսպորտն ու բանկերը, ավելացրեց բանվորների աշխատավարձը, մտցրեց 8–ժամյա աշխատանքային օր, բռնագրավեց 57 հա–ից ավելի կալվածքներ, ստեղծեց կարմիր բանակ: Ապրիլին Անտանտը զինված ինտերվենցիա ձեռնարկեց ՀՍՀ–ի դեմ` օգտագործելով բուրժ. Ռումինիայի և Չեխոսլովակիայի զորքերը: ՀՍՀ կարմիր բանակը, հերոսաբար դիմադրելով, անցավ հակահարձակման, ազատագրեց ՀՍՀ տարածքը, գրավեց Կոշիցե քաղաքը (Սլովակիա), որով նպաստեց Սլովակյան Սովետական Հանրապետության ստեղծմանը: Բայց, չնայած հունգ. պրոլետարիատի հերոսությանն ու անձնազոհությանը, ՀՍՀ ընկավ հակահեղափոխական և Անտանտի միացյալ ուժերի ճնշման տակ: ՀՍՀ պատմական մեծ նշանակություն ունեցավ հունգ. և միջազգային բանվորական շարժման համար: Վ. Ի. Լենինը բարձր է գնահատել ՀՍՀ նվաճումները, ուսումնասիրել նրա փորձը, դատապարտել հունգ. կոմունիստների միավորումը ռեֆորմիստների հետ, որը «թանկ նստեց հունգարական պրոլետարիատին» (Վ. Ի. Լենին): Գ. Липтаи Э., Венгерская Советская Республика, пер. с венг., М–, 1970.